Հայաստանի ՔԿՀ-ներ հակակոռուպցիոն կոալիցիան դատական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ է մշակել
2017 թվականից սկսած Իրավաբանների հայկական ասոցացիան եւ Հայաստանի ՔԿՀ-ներ հակակոռուպցիոն կոալիցիան անցումային արդարադատության եւ դատական համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն են իրականացրել, միջազգային փորձն են դիտարկել, եւ ըստ այդմ նաեւ առաջարկություններ կազմել։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ներկայացնում է այդ առաջարկություններից մի քանիսը։
Կոալիցիայի առաջարկություններից մեկը վերաբերում է դատավորի կարգապահական պատասխանատվության առիթների եւ ժամկետների վերանայմանը։ Սողոմոնյանը հիշեցնում է՝ անցած տարվա մարտին Դատական օրենսգիրքը փոփոխության ենթարկվեց։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ կարող է լինել ՄԻԵԴ-ի վճիռը, եւ ըստ այդմ, անձինք կարող են ՄԻԵԴ-ի այդ որոշմամբ դատավորին պատասխանատվության ենթարկելու համար հաղորդում ներկայացնել. «Այստեղ խնդիր ենք տեսնում եւ օրենքի հետադարձ ուժի կիրառման հետ։ Այսինքն, Սահմանադրական դրույթի մասով, որ ըստ փաստացի մինչեւ 2020 թվականը կայացրած ՄԻԵԴ վճիռներով անձինք չեն կարող դիմել, եւ հետեւաբար, դատավորները կարգապահական պատասխանատվության չեն կարող ենթարկվեն։ Այս դրույթի փոփոխություն հնարավոր չէ կատարել, քանի որ կստացվի, որ փոփոխությունները սահմանում են դատավորի իրավական վիճակը վատթարացնող կարգավորումներ, ինչը ՀՀ Սահմանադրությամբ արգելված է՝ հետադարձ ուժ ունենալու տեսանկյունից, ինչպես նաեւ կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտմանը։ Փաստացի ստացվում է, որ անցումային արդարադատության շրջանակներում դատավորների վեթինգի (գնահատման) գործընթացում իրավական մեխանիզմներով վաղեմության ժամկետները հաղթահարվել չեն կարող, իսկ նպատակին հասնելու գործիքները, ընթացակարգերը պետք է լինեն իրավական՝ կայացված որոշումների անխոցելիության, եւ հետագայում ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ ուղարկվող բողոքների բացառման նպատակով։ Ուստի, քննարկվող փոփոխությունները առաջարկվում է իրականացնել սահմանադրական բարեփոխումների համատեքստում։ Բայց հարկավոր է կատարել առավել մանրամասն եւ խորքային ուսումնասիրություն, այդ թվում նաեւ` միջազգային փորձի եւ միջազգային դատարանների կողմից կայացրած ակտերի, եւ ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում, պարզելու՝ արդյոք իրավական տեսանկյունից հնարավո՞ր է Սահմանադրությամբ ամրագրել հետադարձ ուժի արգելքի սկզբունքի ընդհանուր կարգավորում, եւ միաժամանակ նույն հոդվածի երկրորդ մասով սահմանել անցումային ժամանակահատված այդ սկզբունքից շեղվելու համար՝ դիտարկելով այս կարգավորման՝ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանության հարցը»։
Կարդացեք նաև
Ըստ փորձագետի, նույն խնդիրը կա նաեւ դատավորի գույքի եւ եկամուտների հայտարարագրերի ստուգման դեպքում՝ դատավորի բարեվարքության ստուգման ընթացքում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է ուսումնասիրել 2017 թվականից հետո ներկայացված հայտարարագրերը, քանի որ Սահմանադրությամբ օրենքի կիրառման հետադարձ ուժի արգելք կա, իսկ եթե հայտարարագրերը հանձնաժողովը ստուգի էլ, դատավորին, միեւնույն է, չեն կարող պատասխանատվության ենթարկել, քանի որ դա սահմանադրական սկզբունքին հակասում է. «Մենք առաջարկում ենք՝ Սահմանադրությամբ նախատեսվի հետադարձ ուժի կիրառում, սկզբունքն անցումային պայմաններում շրջանցվի, բայց, իհարկե, պետք է նորից ուսումնասիրենք՝ արդյոք չի՞ հակասում մեր ստանձնած պարտավորություններին»։
Գործող օրենսդրությամբ արդարադատության նախարարությունը կարող է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցել։ Կոալիցիան գտնում է, որ գործադիր իշխանության կողմից հնարավորինս նվազագույնի պետք է հասցնել դատական իշխանության ոլորտում գործողությունների ծավալումը, հատկապես՝ վարույթների մասով։ «Մենք առաջարկում ենք նախարարի՝ վարույթներ հարուցելը վերացնել։ Վերջերս էլ նման եզրակացություն էր տվել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (ԳՐԵԿՈ), որն իր զեկույցում նշել էր, որ նախարարության վարույթների հարուցումը անհամատեղելի է դատական համակարգի անկախության հետ»,-ասում է Սողոմոնյանը։
Մյուս առաջարկը վերաբերում է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի, ուսումնական հարցերի հանձնաժողովներին, առաջարկվում է այս հանձնաժողովների կազմը վերանայել: «Հանձնաժողովի կազմում մեծ մասը դատական համակարգից են, հանրային սեկտորին շատ քիչ քվոտա է հատկացված, օրինակ էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում հանրային սեկտորից ընդամենը երկուսն են, այսպիսի ներկայացվածությունը չի հավասարակշռում կողմերին, նրանք չեն կարող ազդել որոշումների վրա»։
Սյուզաննա Սողոմոնյանը նշում է՝ ներկայումս բարձրագույն դատական խորհուրդն է դատավորների բարեվարքության ստուգումն իրականացնում, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ գույքի եւ եկամուտների ծագման ուսումնասիրություն է իրականացնում. «Մենք գտնում ենք, որ մինչ այս երկու մարմինները բարեվարքության ստուգում կիրականանցնեն, իրենք պետք է բարեվարքության ստուգում անցնեն։ Այս դեպքում լավագույն մոդելը ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումն է։ Այսպիսի փորձ ունի Ալբանիան, որտեղ վեթինգ է իրականացվել։ Իհարկե, երբ մշակում էինք այս առաջարկը, մտավախություն ունեինք, որ նորից ոչ օբյեկտիվ կլինեն, քաղաքական նշանակումներ կանեն այդ հանձնաժողովում։ Բայց մենք չափանիշները նշել ենք, թե՝ որոշում կայացնողներն ինչպես կվարվեն, դա այլ հարց է»։
Կոալիցիան առաջարկությունների փաթեթն ուղարկելու է շահագրգիռ կողմերին՝ կառավարություն, արդարադատության նախարարություն, ԲԴԽ, ԱԺ բոլոր խնբակցություներին եւ ՍԴ։
Սողոմոնյանն ասում է՝ ինչ որոշում կկայացվի, պարզ չէ. «Բայց առաջարկները թույլ կտան անխոցելի բարեփոոխումներ իրականացնել՝ իրավական գործիքներով»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.11.2021