Լրահոս
Օրվա լրահոսը

2020թ. նոյեմբերի 9-ին, 10-ին արդյոք սպասվո՞ւմ էր մեր պետության պարտության վերջնագրի վավերացումը

Նոյեմբեր 10,2021 13:00

Անցյալ տարվա նոյեմբերի 9-ին, 10-ին տարբեր ժամերի Aravot.am-ից վերցված պատերազմական առանձին գործողությունների մասին, առանձին անձանց հայտարարություններին կարող եք ամբողջությամբ ծանոթանալ մեր լրատվամիջոցում, այլ հարց է, երբ հիմա շատերը մոռացել են կամ հերքում են, ասելով՝ իրենք նման բան չեն ասել: Մինչդեռ ամեն բան պահպանվել է, ամեն բան կա: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվի:

2020թ. նոյեմբերի 9

18։39.
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սեւակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել եւ բռնկվել։ Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սեւակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում եւ բռնկվել։ Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ եւ մեկ տուժած. վերջինս տեղափոխվել է ՊՆ N զորամաս: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ եւ իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին: Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների:

17:51. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարում, ինչը վայրկենապես տարածում են լրատվամիջոցները, չհավատալով գրառմանը, կարծիքներ են հայտնում, թե հնարավոր է՝ նրա էջը կոտրել են: Նա գրել էր. «Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, եւ այս մասին հուսադրող կամ ոգեւորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս: Գոտիները եւս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, եւ արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված… Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական եւ հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի: Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու… Կռվում ենք մինչեւ վերջ»:

19:07. Վահրամ Պողոսյանի հայտարարությունը՝ թե Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, խնդրում ենք մեկնաբանել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանին: Նա ասում է. «Խոսքը ժողովրդի մասին է, բանակի մասին չէ խոսքը: Վահրամ Պողոսյանն ասել է՝ մենք թողե՞լ ենք Շուշին… իր հայտարարությունը նա է, որ հիմա այնտեղ կին, երեխա ապրել չեն կարող, բոլորը դուրս են եկել: Հիմա այնտեղ մեր բանակն է կռվում, մեր կամավորականները, մեր հրամանատարն է այնտեղ՝ Սեյրան Օհանյանը, որն ազատագրել է Շուշին ու հիմա էլ՝ այս պահին պաշտպանում է Շուշին: Այս դժվար պահին գնում է պայքար հակառակորդի ուժի դեմ, որը մեզ մի քանի անգամ գերազանցում է: Տա Աստված, որ ամեն ինչ լավ լինի»: Գեներալ- մայորին խնդրեցինք պարզաբանել՝ այս պահին իրավիճակն այնքան ծարահե՞ղ է, ինչպես ներկայացրել է Վահրամ Պողոսյանը, թե՞ հնարավոր է դա լինել մարտավարական հնարք, նա պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է: Կռիվ է, կռվին չես կարող ասել, թե ինչպես կլինի, բայց իմ մարտական հաշվարկներով Շուշիի պաշտպանները կարող են պահպանել Շուշին»:
19:25. «Վերջին կռիվն է, մարդավարի կանգնեք՝ մեր կռիվը տանք, վերջացնենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության խորհրդի անդամ Գագիկ Մելքոնյանն՝ անդրադառնալով Արցախի նախագահ Վահրամ Պողոսյանի այն գրառմանը, որ Շուշին հայկական վերահսկողության տակ չի գտնվում: Թե ի՞նչ նպատակ է հետապնդում Արցախի նախագահի մամուլի խոսնակի գրառումը, Գագիկ Մելքոնյանը չի ցանկանում վերլուծել: Մի բան, ըստ նրա, հաստատ է. «Բանակը, բոլոր կամավորական ջոկատները կանգնած են իրենց տեղերում եւ բոլոր տեղերում, այդ թվում՝ նաեւ Շուշիում: Խուճապի մատնվել պետք չէ: Կանգնած են եւ կանգնած էլ կմնան»,- ասաց գեներալ Գագիկ Մելքոնյանը:

19:30. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուշիի համար մարտերը շարունակվում են»:

21:01. ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «ՊԲ ստորաբաժանումները շարունակում են համառ մարտերը Շուշիի համար: Հակառակորդի խմբավորումներին հասցվում են կրակային հարվածներ: Գերեվարվել է թշնամու երկու զինծառայող»:

22:33. «Վերջին 3-4 օրում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել էր Շուշիի ուղղությամբ: Այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել եւ պաշտպանում են մեր ինքնության, Արցախի խորհրդանիշներից մեկը՝ հինավուրց բերդաքաղաք Շուշին եւ պատրաստ են վճռականորեն կատարելու իրենց խնդիրը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արցախի պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու, գնդապետ Սուրեն Սարումյանը:

Օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Ստեփանակերտը։ Թիրախակետում, ինչպես միշտ, քաղաքացիական ենթակառուցվածքներն են, մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերը, անգամ` Ս. Շահումյանի անվան շրջանաձեւ զբոսայգին։ Քաղաքում ավերածությունները շատ են։

Նոյեմբերի10-ին

«Ես կարող եմ նրանց մայրերի աչքերին հանգիստ խղճով նայել: Ես տեսել եմ տղաներին, որոնք գիտակցաբար իմացել են՝ ուր են գնում, եւ չեն վերադարձել: Այդ տղաներն իրապես հերոսներ են»,-Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդաշարի եթերում հայտարարում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով Պետրոս Ղազարյանի հարցին՝ «կարո՞ղ եք զոհերի մայրերի աչքերին հանգիստ խղճով նայել»:

12:57. Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, «Արցախի հերոս» Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը, եւ մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը։ Այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում, հանուն հողի եւ այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի զոհել հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։ Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ եւ գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը եւ ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում՝ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ։

Ի պատասխան եւ ի բողոքումն այս հանցավոր գործողությունների՝ հայտարարում եմ, որ
– հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից,
– դադարեցնում եմ իմ՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները»։

14:35. Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիեւը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը, հայտարարեցինք հետեւյալը. 1.2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: 2.Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 20-ը:

3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա:

4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն Կողմերից որեւէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

5. Հակամարտության Կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծվում է խաղաղապահ կենտրոն:

6.Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչեւ 2020թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում՝ շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային եւ բեռնատար միջոցների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով:

7. Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ:

8. Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

9. Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար:

Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը եւ Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը։

Պատրաստեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
10.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930