Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով ղեկավարում է նվագախումբը, ամենահեղինակավորն է կառույցում եւ բրենդային իմաստով՝ նա պետք է լինի առաջին դեմքը»

Նոյեմբեր 10,2021 12:30

Հարցազրույց «Արամ Խաչատրյան» համերգասրահի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նորանշանակ տնօրեն Նորայր Նազարյանի հետ:

– Պարոն Նազարյան, նախ «Առավոտը» միանում է շնորհավորանքներին ձեր՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենի պաշտոնում նշանակման առիթով: Մշակույթի ոլորտում պաշտոնը ձեզ համար նորություն չէ, եթե չենք սխալվում, 2006թ.-ից … այդուհանդերձ, լայն ընթերցողին կհետաքրքրի ձեր անցած ուղին: Մի բան էլ, վերջին տարիներին մեզ հանդիպած մշակութային կառույցի ամենափորձառու տնօրենն եք, եւ այդ տարիների ընթացքում երբեւէ չենք լսել որեւէ միջադեպի, ինտրիգի մասին, թեեւ դրանք անխուսափելի են մշակութային կառույցներում:

– Շնորհակալ եմ շնորհավորանքի եւ զգացված՝ իմ նկատմամբ նման բարձր կարծիք հնչեցնելու համար։ Իհարկե, պաշտոնը նորություն չէ, քանի որ ունեմ ղեկավարման զգալի փորձ։ Վստահ եմ, որ առողջ աշխատանքային մթնոլորտի ձեւավորման գործում ղեկավարից շատ բան է կախված։ Ստեղծագործական աշխատանքի ընթացքում կարող են լինել տարատեսակ տարաձայնություններ, բայց երբեք թույլ չեմ տալիս, որ դրանք վերաճեն կոնֆլիկտի։ Երբ թիմի էներգիան ծախսվում է հանուն կանոնադրական նպատակների իրագործման եւ մեր առջեւ դրված խնդիրների լուծման, մենք հասնում ենք որոշակի հաջողությունների։ Սակայն երբ սկսում ենք էներգիան ուղղել իրար դեմ, աշխատանքը տուժում է եւ ձեւավորվում է անառողջ միջավայր։

Առաջինն աշխատանքի եմ անցել ՀՀ կառավարությանն առընթեր «Ազգային տարի» ՊՈԱԿ-ում՝ որպես տնօրենի օգնական, ապա որպես գլխավոր մենեջեր։ Իրականացրել ենք բազում ծրագրեր՝ հիմնականում ՀՀ-ից դուրս։ Այդ ժամանակահատվածից սկսած ուղիղ առնչություն եմ ունեցել բոլոր այն մշակութային կառույցների հետ, որոնց հետ առաջիկայում պետք է ունենայի սերտ, փոխադարձ շփում։ 2008թ.-ին նշանակվել եմ «Կամերային երաժշտության տուն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, 2011 թվականից նորակազմ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնաճյուղի տնօրեն։ Այդ տարիներին նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ տարբեր ծրագրեր ենք իրագործել, ինչպես նշեցիք, առանց տարաձայնությունների։ 2018 թ.-ից նշանակվեցի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն (այդ կառույցում ընդգրկված են՝ Պետական կամերային նվագախում, Պետական կամերային երգչախումբ, «Հովեր» երգչախումբ, Հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլ եւ Երեւանի պետական կամերային երգչախումբ, կառույցին է ենթակա նաեւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը-Ս.Դ.) եւ, աշխատելով բոլոր գեղարվեստական ղեկավարների հետ, կարողացանք զգալի հաջողությունների հասնել։ Կառույցն ապացուցեց, որ ինքն իր առաքելությունը լիարժեք կատարում է եւ կարողացել ենք համակարգել կամերային ժանրի մի ամբողջ ոլորտ Հայաստանում եւ լինել ամենաակտիվներից մեկը Հայաստանի մշակութային դաշտում՝ մեր իրականացրած ծրագրերով եւ մեր գործունեությամբ։

– Կամերային 5 կոլեկտիվները ղեկավարում են մեր անվանի երաժիշտները՝ Սոնա Հովհաննիսյանը, Ռոբերտ Մլքեյանը, Սեդրակ Երկանյանը, Վահան Մարտիրոսյանը եւ երջանկահիշատակ Հարություն Թոփիկյանը: Վերջինիս պաշտոնում նշանակվել է Քրիստինա Ոսկանյանը: Հայտնի է, որ շատ տնօրեններ մեկ գեղարվեստական ղեկավարի հետ չեն կարողանում «լեզու գտնել» …

– Իհարկե, յուրաքանչյուր երաժշտախմբի գեղարվեստական ղեկավար ունի իր նպատակներն ու ամբիցիաները։ Պետք է շփվել այնպես, նրանցից յուրաքանչյուրը պարզ ընկալի տվյալ պահին իր առջեւ դրված խնդիրը, ինչու ոչ՝ նաեւ տարվա պլանը, որպեսզի կարողանա անցնել իրագործման եւ հասնել ցանկալի արդյունքի։ Ամեն կառույցում լինում են թե՛ ֆինանսական խնդիրներ, թե՛ անձնական անախորժություններ, սակայն ես փորձում եմ այնպես անել, որ ցանկացած խնդիր լուծելի դառնա, քանի որ երբ չենք կարողանում, ինչպես ասում են, ներքին կարգով լուծել խնդիրը, այն դառնում է հանրային քննարկման առարկա։ Ըստ իս՝ արդյունավետ փոխգործակցության հիմնական պատճառը հենց այն է, որ փոխադարձ հարգանքը, վստահությունը եւ աշխատանքը տարանջատում ենք անձնական շահերից։

– «Արամ Խաչատրյան» համերգասրահը մեր երկրի թիվ մեկ համերգասրահն է, իսկ Ազգային ֆիլհարմոնիկը՝ թիվ մեկ նվագախումբը: Այդուհանդերձ, դժվար չէ՞ր, ինչպես ժողովուրդն է ասում՝ «փորձած թանը անփորձ մածունի հետ փոխելը»:

– Անշուշտ, բավականին դժվար էր, քանի որ ես տեղափոխությունները, ընդհանուր առմամբ, հեշտ չեմ ընդունում։ Սակայն հասկացա, որ արդեն փոփոխության ժամանակն է։ Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն աշխատելը։ Այս պահի դրությամբ ծանոթանում եմ այն բոլոր խնդիրներին, որ տարիների ընթացքում առաջացել են, բայց նաեւ շնորհակալ եմ նախորդ տնօրեններին, ովքեր աշխատել են այստեղ, քանի որ իրենք մեծ աշխատանք են կատարել, որը, ինչպես գիտեք, այնքան էլ հեշտ չէ. հանրահռչակել դասական երաժշտություն եւ Հայաստանում մշակութային հաստատություն տնօրինել։ Շնորհակալ եմ տիկին Ռուզան Սիրունյանին, ինչպես նաեւ կարճ ժամանակահատված տնօրենի պաշտոնակատարի դերը ստանձնած Վիկտոր Մնացականյանին եւ մաեստրո Էդուարդ Թոփչյանին։ Իմ կարծիքով, բոլոր ժամանակահատվածներում բոլոր ղեկավարների առաջ ծառանում են այնպիսի խնդիրներ, որոնց լիաժեք լուծում տալը հեշտ չէ։ Ինչ վերաբերում է ընդհանուր խնդիրներին, այժմ փորձում եմ ամենայն խորությամբ ծանոթանալ դրանց, ինչից հետո կկարողանանք այնպիսի ռազմավարություն մշակել, այնպես պլանավորել մեր աշխատանքը, որ ըստ առաջնահերթության լուծենք այդ խնդիրները՝ մեզնից ակնկալվող ցուցանիշներին հասնելու համար։

– Հասկանալի է, որ խնդիրները մեկ-երկուսը չեն, բաց կան առաջնահերթ լուծում պահանջող հարցեր, օրինակ՝ նոր երաժշտական գործիքների ձեռքբերումը:

– Օրերս Գերմանիայից Հայաստան են ներմուծվել հայտնի «Emmanuel Wilfer» ընկերության ութ կոնտրաբաս։ Այդ գործիքները ձեռք բերելու գործում մեծ ներդրում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, իսկ տեղափոխման ծախսերը հոգացել է «Կոնվերս» բանկը։ Եվ այս հաջողությունը ՀԱՖՆ անձնակազմի եւ անձամբ գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի հետեւողական աշխատանքի շնորհիվ է իրականություն դարձել։ Առաջիկայում արդեն կօգտագործենք նոր գործիքները, ինչը մեր նվագախմբի համար շատ կարեւոր ձեռքբերում է։

– Ժամանակին մեզ հետ զրույցում ճամաչված դիրիժոր Անդրեյ Բորեյկոն, մեղմ ասած, այդքան էլ գոհ չէր տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար պաշտոնների տարանջատումից: Նրա համոզմամբ՝ այսօր տնօրեններին մեծ իրավունքներ են վերապահված, վստահված, հաճախ նրանք խառնվում են նույնիսկ ստեղծագործական աշխատանքներին, մինչդեռ ըստ երաժշտի՝ տնօրենը, մեծ հաշվով, մենեջերի գործառույթներ է իրականացնում: Օրինակ՝ ասում են ժամանակին Սուդուկյան թատրոնում տնօրենը, որը մշակույթի մարդ չէր, «ընկել էր» մեծանուն Վարդան Աճեմյանի հետեւից, կարելի է եզրակացնել, որ եթե նրան հաջողվեր Աճեմյանին ազատել աշխատանքից, չէինք ունենա Սունդուկյան թատրոնի ոսկե ժամանակաշրջանը:

– Իրականում թե՛ մենեջերի եւ թե՛ տնօրենի գլխավոր գործառույթն ընդհանուր աշխատանքի համակարգումն է։ Իհարկե, նմանությունները շատ են, բայց իրավական առումով, ինչպես գիտեք, կազմակերպության տնօրենը՝ որպես գործադիր ղեկավար, բավականին մեծ լիազորություններ ունի։ Վերջին հաշվով՝ տնօրենն է նշանակում ցանկացած աշխատակցի, բայց ցանկանում եմ նշել, որ ստեղծագործական առումով գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պարտականությունները կատարող անձի դերը բավականին մեծ է։ Անձնավորությունը, ով ղեկավարում է նվագախումբը, ամենահեղինակավորն է կառույցում եւ բրենդային իմաստով՝ նա պետք է լինի առաջին դեմքը։ Ադմինիստրատիվ ու ստեղծագործական մասերը, որոնք իրարից էականորեն տարբերվում են, ծառայում են մեկ նպատակի։ Կարծում եմ՝ որեւէ մեկը մյուսի գործառույթներին չպետք է խառնվի։ Այստեղ կարելի է բերել գործադիր ու օրենսդիր իշխանությունների օրինակը պետական համակարգում։ Իրենք համագործակցում են, սակայն գործում է նաեւ զսպման եւ հակակշիռների մոդելը։

Հիշատակեցիք Վարդան Աճեմյանի ղեկավարության օրոք պատահած դեպքը (ի դեպ, նշեմ, որ առաջին մասնագիտությամբ թատրոնի եւ կինոյի դերասան եմ)։ Պատմական այդ դրվագը մեր օրերում տարբեր առիթներով հիշատակվում է։ Համոզված եմ, որ պետք է ոչ միայն պատմությունը սերտել, այլ պատմությունից դասեր առնել, ուստի այդ դեպքի հետ կապված հասկանալի է դառնում, որ յուրաքանչյուր տնօրենի համար գեղարվեստական մասը պետք է առանցքային լինի եւ մենք՝ որպես ադմինիստրատիվ կազմ, մեր աշխատանքը պետք է ուղղենք ստեղծագործական մասի կայացմանն ու մշակութային արժեք ստեղծելուն եւ մեկնաբանելու ու հանրահռչակելու պրոցեսում առաջացող խնդիրների լուծմանը։

Օգտվելով առիթից՝ մեր երաժշտասերներին տեղեկացնեմ, որ նոյեմբերի 17-ին Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն առաջին անգամ հանդես կգա վենեսուելացի վիրտուոզ դաշնակահար Սերջիո Դանիել Տիեմպոյի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Նախապես հայտարարված ֆրանսիացի դաշնակահար Լյուկա Դեբարգը, ձեռքի վնասվածքի պատճառով, չեղարկել է իր հայաստանյան եւ ռուսաստանյան ելույթները:

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
10.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930