Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամաչում եմ, որ իմ վաշտի տղերքին բերեն, իրանց վիրավոր տեսնեմ»․ զոհված հերոս Վիգեն Գևորգյան

Նոյեմբեր 10,2021 12:00

Անմահացած Վիգեն Գեւորգյանը՝ հարազատների ու ընկերների հուշերում

Դասընկերոջս՝ Վիգենի մասին նյութ պատրաստելիս գիտեի, որ պիտի շատ երկար գրեմ։ Նաև գիտեի, որ ոչինչ չեմ ասի իր մասին միայն գրելով։ Ցանկացած մեկը, ով թեկուզ մի քանի րոպե շփվել է նրա հետ, վստահաբար ասելիք կունենա։ Նրա մասին դժվար ու անհնար է պատմել մեկ նյութով, Վիգենին ուղղակի ճանաչել էր պետք…

Արցախյան երկրորդ պատերազմում 40 օր շարունակ Մարտունիում, Ջրականում, Հադրութում թշնամու դեմ մարտնչած Վիգեն Գեւորգյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր։ 2019 թվականի հուլիսի 24-ին էր զորակոչվել բանակ, ծառայության անցնելով որպես նռնականետի նշանառու։ Պատերազմը սկսվելուց մի քանի օր առաջ հոսպիտալում էր՝ առողջական խնդիրների պատճառով։

Մայրը՝ Անին, կարոտով լի հայացքով նայելով հյուրասենյակի փոքրիկ անկյունում դրված Վիգենի լուսանկարներին, բոլոր մանրամասնություններով պատմում է այն օրվա մասին, երբ գնացել էր տղային տեսնելու ու մտքի ծայրով էլ անգամ չէր անցնում, որ վերջին անգամ է տեսնում որդուն։ Տեսակցություն չէին թողնում, մի կերպ միայն ինքն է կարողացել մի քանի րոպե տեսնել տղային, առաջարկել է, որ գնան դարպասի մոտ` ընտանիքի մյուս անդամներին էլ տեսնի, բայց Վիգենը կտրուկ հրաժարվել է, չէր ուզում հարազատներին ճաղերի արանքից տեսնել. «Ինչի՞ հո ես բռնավոր եմ, ինչ եմ, ինձ ճաղերի հետեւից պետք ա տենան, գնացեք տուն, մի բան կանեմ, կգամ»։

Ավաղ, սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը թույլ չտվեց, որ Վիգենը տուն վերադառնա, նա պիտի հասներ իր ընկերներին, որոնք կյանքի ու մահվան կռիվ էին տալիս։ Հոր՝ Տիգրանի խոսքով՝ նույն օրը զանգել ու ասել էր. «Պա, արի մի բան արա, ես ստեղից գնամ չաստ, հասնեմ տղերքին, էս իրավիճակին ես չեմ դիմանա, կխախտվեմ։ Վիրավորներին, որ բերում են, որի ոտքերը, որի ձեռքերը չկան, տղերքով, ով ի վիճակի ա, մենք ենք հանում վիրահատարան, ես էս տեսարաններին չեմ դիմանա։ Ամեն րոպե շտաբի դուռը որ բացում են, ես գիտեմ՝ իմ վաշտի տղերքին են բերել։ Ամաչում եմ ես, որ տղերքին բերեն, ես իրանց վիրավոր տենամ, ես իրանց կողքին պիտի լինեմ, ես ստեղ անելիք չունեմ»։ Ու գնաց` չսպասելով դուրս գրման. սեպտեմբերի 29-ին շտապեց առաջնագիծ։

Վիգենը միշտ հպարտությամբ էր նշում, որ հայրը՝ Տիգրանը, մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ Հոր պատմությունները կլանված, առանց ընդհատելու լսում էր, եւ ընդհանրապես, ցանկացած մեկը բանակից կամ պատերազմից, եթե պատմեր, զգաստանում էր ու խորացած լսում, հարցեր չէր տալիս, ոչ խոսում էր, ոչ խանգարում, ուղղակի լսում էր։ Իր լսած պատմությունները, սակայն, Վիգենը պիտի իր իսկ աչքերով տեսներ։

Պատերազմի ամբողջ ընթացքում ընտանիքի անդամներին երբեք չի ասել, թե որտեղ է, միայն հետո զինակից ընկերներն են պատմել նրա մղած կռվի մասին։ Նրանց խոսքով՝ չգիտեն՝ որտեղից 40-ից ավելի «բուշլատներ» է գտել, ծխախոտով ու ուտելիքով հասել է Մարտունի։ Ասում են՝ հանգիստ էին, որ Վիգենը հոսպիտալում էր, որ իրեն ոչ մի բան չի պատահի, բայց երբ իմացել են՝ գալիս է, ինչ-որ տեղ նաեւ ուրախացել են, ոգեւորվել, որ իրենց կողքին կլինի. իր հետ հանգիստ էր ավելի ու ապահով։ Վիգենի մարտական ընկերը՝ Արտակը, պատմում է, որ սկզբում Մարտունիում, ապա՝ Ջրականում են ուժեղ կռիվներ մղել, որից հետո նորից վերադարձել են Մարտունի, որտեղ էլ հրաման է գալիս, որ պիտի ՀԱՆ-17 մեկ հաշվարկ գնա Հադրութի Տող գյուղ, Վիգենն ասել է. «Արտակ, հել մենք գնանք»։

«Երկու զենքով էր կռիվ տալիս՝ АГС-17 ու AK74, ասում էր՝ ես քեզ ոնց բերել եմ ստեղ, տենց էլ պիտի հետ տանեմ, ու տենց էլ եղավ, ինքը իրա խոսքի տերը եղավ»,- պատմում է Արտակը։ Հադրութից դեպի Մարտունի վերադառնալու համար Վիգենն ու իր մարտական ընկերները ոտքով 80 կմ ճանապարհ են անցնում՝ անտառների, սարերի միջով, ծանր զենքերը քարշ տալով, սակայն ճանապարհին մոլորվում են ու ընկնում շրջափակման մեջ։ Երեք օր անց մոտակա գյուղից իրենց կարողանում են գտնել ու դուրս բերել շրջափակումից։ Արտակը հիշում է՝ Վիգենը միշտ էր հարցնում. «հո դուխդ չե՞ս գցել», ինքն էլ՝ «չէ, քո հետ եմ ես միշտ, բարձր ա դուխս»։ Նոյեմբերի 2-ին հրաման է գալիս, որ պիտի բարձրանան Կողակ կոչվող սարի վրա։ Սիփանը՝ Վիգենի հետ կողք կողքի կռված մյուս մարտական ընկերը, պատմում է, որ նույն փոսի մեջ են եղել, հենց խփում էին, Վիգենը կատակով ասում էր. «Ծուռ եք խփում, 100 մետր աջ պահեք, կխփեք,- հետո, երբ արկը ընկնում էր իրենց փոսի մոտ, ասում էր,- կատակ եմ անում, արա՜, 500 մետր էն յան խփեք»։ Սիփանի խոսքով՝ Վիգենն էր իրենց «դուխ տվողը», ամեն ինչ ինքն է կազմակերպել կռվի ժամանակ՝ չլինելով ոչ սերժանտ, ոչ հրամանատար. «Ամբողջ անձնակազմը իրեն էր ենթարկվում, սիրում ու հարգում, շատ պահանջկոտ էր, միշտ ասում էր, որ ուշադիր լինենք, հակառակորդի ցանկացած շարժի մասին իրեն էինք ասում առաջինը։ Գալիս էր, դիտարկում անում, մեկի տեղը մի քանի «ռացիա» ուներ, կապ էր տալիս, բոլորին տեղյակ պահում ցանկացած շարժի մասին, ասում, թե ով ինչ պիտի անի նման իրավիճակներում։ Ամբողջ գիշեր չէր քնում, որ վտանգի դեպքում առաջինը ինքը կռիվ տար, ապահովեր տղերքի անվտանգությունը»։

Տուն զանգելիս ասել էր. «Ջարդները տվել ենք, նենց են նահանջել, փախել, դրանք, որ ամոթ ունենան, էլ էս յաները չեն երեւա»։ Սակայն օր օրի վիճակը ավելի էր բարդանում։ Նոյեմբերի 7-ին մարտական մի քանի ընկերներով իրենց տեղը թողնում ու գնում են պահելու սարի մյուս՝ աջ թեւը։ Սակայն զինակից ընկերներին օգնելու ժամանակ, չհասցնելով անձամբ դուրս գալ խրամատից, Վիգենը զոհվում է տանկի արկի պայթյունից։ Վիգենն ու իր ամենամտերիմ ընկերը՝ Արշակը, ում հետ ծառայության սկզբից անբաժան են եղել, միմյանց երդում էին տվել, որ մինչեւ վերջ, ինչ էլ որ լինի, չեն լքելու իրար ու իրենց դիրքը։ Այդպես էլ եղավ. կռվեցին մինչեւ վերջին պահը ու ընկան մարտական ոգին սրտներում, աննահանջ կանգնած իրենց դիրքում։ Կողակ բարձունքի համար մղվող պայքարում Վիգենն ու իր տասը մարտական ընկերները հերոսաբար իրենց կյանքը նվիրում են հայրենիքին։

Վերջին խոսակցության ժամանակ՝ նոյեմբերի 6-ին, ձայնը հոգնած է եղել, հայրն ասում է. «Չգիտեինք, որ տենց կռիվ են տվել, էնքան են կրակել, հոգնած էր, խոսալը չէր գալիս ու էլի չասեց՝ ինչ ա եղել, ասեց՝ մենք լավ ենք, ձեզ լավ նայեք, ես էլ նեղվա, ասի՝ տղա՛ ջան, փոխանակ ես ասեմ, դուք եք ըտեղ, դուք ձեզ լավ նայեք, զգույշ եղեք, դո՞ւ ես ինձ ասում։ Երեւի թե իրենք գիտեին՝ ինչ ա լինելու հաջորդ օրը։ Իրենց կյանքը տվեցին ընկերը ընկերոջ համար, ցանկացած մեկն էլ կարող էր փախչել, բայց չեն փախել, մինչեւ վերջ կանգնել են։ Ես գլուխ չեմ գովում կամ պարծենում, բայց անվախ էր, ուժեղ էր իր ոգին ու ոգեւորությունը»։

Նոյեմբերի 7-ից Վիգենից ոչ մի լուր չկար, օրեր շարունակ ընտանիքին ապրեցնող զանգը, որին այդքան սպասում էին, չկար։ Իրականության եւ երազի խաչմերուկում չէին տարբերում իրականը, երազում տեսնում էին, թե զանգել է, խոսել են, իսկ առավոտյան փորձում էին հասկանալ՝ իրականությո՞ւն էր, թե՞ իրենց ամենանվիրական երազանքի արտահայտումը գիշերվա լռության մեջ։ Անսովոր էր Վիգենի՝ այդքան երկար ձգվող լռությունը, չէ՞ որ անգամ շրջափակման օրերին էր ելք գտել ու զանգել հարազատներին։ Հույսը չէր մարում ոչ մի վայրկյան, սակայն, ցավոք, 45 օր անց սպասումը ընդհատվեց. դեկտեմբերի 24-ին՝ իր 20-ամյակից երեք օր առաջ, Հերոսի աճյունն ամփոփվեց Թալինի Պանթեոնում։

 

Ամեն եկողի հետ Վիգենի մասին պատմությունները նորից ու նորից են կրկնվում, ու յուրաքանչյուր հիշողության հետ տունը կարծես  լցվում է իրենով, ամեն ինչ նորից կենդանություն է առնում։ Զրույցի ընթացքում ընտանիքի անդամները Վիգենի խոսքերը այնքան կարոտով ու սիրով էին մեջբերում, առանց որևէ տառի փոփոխության, նույն ճշգրտությամբ, Վիգենի խրոխտ ձայնով ու բառապաշարով։ Մայրն արցունքները զսպելով մեջբերեց որդու խոսքերը, որոնք ասում էր ամեն անգամ զանգելիս. «մա՛, ասա, որ թռնումա ծառայությունս»։

Վիգենին մտաբերելիս բոլորն առաջինը խոսում են նրա չափազանց ընկերասիրության մասին։ Հայրը ժպիտով պատմում է, որ ինչքան էլ շտապ գործ ունենար, միեւնույն է, կհասներ ընկերոջը օգնության. «Տանը չէինք տեսնում իրեն, գնում էր, մեկ զանգում էր էստեղ եմ, հետո էդտեղից հասնում, մյուսին էր օգնում, հետո զանգում էին, վազում էր ուրիշ տեղ, առավոտը 7-անց ինքը էլի՛ չկար, էլի գնացել էր էտ ժամին»։ Մայրը հպարտությամբ է ասում. «Ինձ համար պարծանք էր իր մաման լինելը։ Ոչ մի անգամ ոչ մի վատ բան չի արել, որի համար ես կամ իր հայրը ամաչեինք»։ Քրոջ՝ Նազելիի խոսքով՝ փոքր տարիքում Վիգենը ուրիշ էր, կյանքում խաղի հետեւից չէր ընկնի, երբ մեծերը խոսում էին, ինքը, եթե էդտեղից սովորելու բան ուներ, աննկատ կնստեր, լուռ մինչեւ վերջ կլսեր, միշտ մեծերի կողքին իրեն լավ էր զգում։ Մայրն էլ համաձայնում է, միշտ է զգացել, որ որդին հոգեպես հասակակիցների տարիքի չէ, մեծի նման էր դատում։

Վիգենի կյանքում կարեւոր նշանակություն ունեին տատիկներն ու պապիկները։ «Տատ ու պապերի համար հոգին տալիս էր, երբ կանչում էին, ամեն պահի հասնում էր, զանգում, ընկերներին էլ ասում էր, թե գնացեք պապիս տունը, գործ կա»,- ծիծաղով պատմում է մայրը։ Սիրում էր իրենց գյուղը՝ Ակունքը։ Մայրը ժպիտով է հիշում, թե ոնց էր սիրում պապի հետ զրուցել, ասում էր․ «պապիս բան չասեք, իրան լսելը շատ հետաքրքիրա»։ Տատիկն էլ փոքրուց Վիգենի անունը դրել էր հռետոր, որ սկսում էր խոսել, էլ վերջ։

Վիգենի ավագ դպրոցի դասղեկը՝ ընկեր Վրթանեսյանը, մեծ ցավով է պատմում սիրելի աշակերտի մասին. «Իր տեսակը յուրահատուկ էր, բոլորս էլ գիտեինք, որ առանձնանում էր ամբողջ դասարանից։ Իր ամեն ասածի մեջ համ ու հոտ կար, կազմակերպող էր, նախաձեռնող, ոգեւորող, հումորով, միշտ դասարանի կենտրոնում էր, Վիգենը հավաքական կերպար էր լավի։ Նվիրված ընկեր էր, բոլորին փորձում էր օգնել, ամեն ինչ իր ձեռքն էր վերցնում, ինչ-որ բան կազմակերպելիս վերջնական որոշումը, վճռական խոսքը Վիգենինն էր»։

Ինչպես ամենուր, այնպես էլ ծառայակից ընկերների համար Վիգենի խոսքը վճռական դեր է ունեցել։ Ասում են՝ էնպես էր կազմակերպել ամեն ինչ, եթե գործ լիներ, իրար վրա գցել չկար, պետք էր անել, ուրեմն բոլորով պիտի անեին։ Առողջական խնդիրներ ունեցող ծառայակիցներին էլ, որոնք չէին կարողանում ֆիզիկական ծանր աշխատանք կատարել, միշտ օգնել է, վերցրել է ձեռքներից ու ինքն է արել գործը։ Իրենց վաշտը ասում են՝ մատով էին ցույց տալիս, «Մարտունի 3-ի առանձինների վաշտ» էին կոչում։ Մեկը բոլորին, բոլորը մեկին սկզբունքով են առաջնորդվել։

Ընդունվել ու 1 տարի սովորել էր Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Կառավարման եւ տեխնոլոգիայի ֆակուլտետում, ապագա տնտեսագետ էր։ Մեծ սիրով է համալսարան գնացել, միշտ իրենից գոհ, տանը պատմել է, որ իր հետ դասախոսները շատ լավ են ու հավելել. «Դե ես էլ գիդեք»։ Մայրը խնամքով դարակից հանում է ալբոմը, որտեղ որդու ծառայության ու պատերազմի ժամանակ արված լուսանկարներն են։ Հուսահատ կարոտով լի հայացքով շոյում է լուսանկարներում որդու դեմքը ու պատմում, թե ոնց էր Վիգենն ամեն անգամ իր ստացված լուսանկարները տեսնելիս ասում. «հլը նայի՝ ինչ գժական, բոմբ նկարներ եմ արել…»:

Այսօր Վիգենն արդեն  տուն վերադարձած պիտի լիներ, սակայն որդու վերադարձի բերկրանքը վայելելու փոխարեն մոր ցանկությունն է գոնե երազում տեսնել որդու ազդեցիկ ու խրոխտ հայացքը, գոնե այդպես նրա կարոտն առնել։

-Ինքը ուրիշ տեսակ էր, իրոք ուրիշ մարդ էր, էնպես չի, որ իր գնալուց հետո եմ ես դա գիտակցում, ես միշտ էի զգում, որ ինքը ուրիշա, դրա համար հիմա մեր հետ չի։ Ինքն իրեն էլ էր շա՜տ սիրում, կյանքն էլ էր սիրում, մարդկանց էլ, շա՜տ, ամեն ինչը սիրում էր, սիրում էր կյանքը լիարժեք վայելել, ինքը լիքը անելիքներ ուներ, ինքը սիրուն կապրեր, սիրուն կապրեցներ, ինքը լավ մարդ էր դառնալու,- իր խոսքը եզրափակելով՝ ասաց մայրը։

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Վիգեն Գեւորգյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Սոնա ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930