Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթ – ինստիտուտներ – տնտեսություն

Նոյեմբեր 10,2021 14:30

Եռամիասնության երեք բաղադրիչներն էլ կարեւոր են

Պատմում են, որ Ֆրանսիայի վարչապետ Ժան-Բատիստ Կոլբերը մոտավորապես 1660-ականների սկզբին զեկուցում էր իր թագավորին՝ Լյուդովիկոս 14-րդին, որ Ֆրանսիան ունի 1000-անոց նավատորմ, իսկ Հոլանդիան՝ 10 հազարանոց: «Ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել, – զարմանում է երիտասարդ թագավորը, – չէ՞ որ նրանք այդքան ծառ չունեն»: Ինչին Կոլբերը պատասխանում է. «Դուք, ինչպես միշտ, իրավացի եք, Ձերդ մեծություն, նրանք ծառ չունեն, նրանք ունեն բորսա»:

Վառ օրինակ է, թե ինչպես են ինստիտուտները (տվյալ դեպքում զարգացած շուկայական հարաբերությունները) դրականորեն ազդում տնտեսական վիճակի եւ, հետեւաբար, ռազմական ներուժի վրա, ինչպես նաեւ ապացույցն է այն բանի, որ ինստիտուտներն ավելի կարեւոր են, քան ռեսուրսները: 17-րդ դարում դա հասկանում էին Կոլբերի նման լուսավորյալ մարդիկ ու բարձր կարգի պետական գործիչները: Հետագա դարերի ընթացքում դա դարձավ բոլոր տնտեսագետների կողմից ընդունված մի ճշմարտություն:

Ինստիտուտների եւ տնտեսական ցուցանիշների փոխկապակցվածությունն, այսպիսով, ոչ ոք կասկածի տակ չի դնում: Բայց ահա հարց է, թե որն է առաջնայինը, որից է պետք սկսել՝ մանավանդ այն դեպքերում, երբ նպատակ է դրված՝ արդիականացնել երկիրը: Տեսություններից մեկն ասում է, որ պետք է սկզբից ամեն գնով զարգացնել տնտեսությունը, դա կնպաստի կրթությանը եւ այլ ինստիտուտների զարգացմանը, կձեւավորվի միջին խավ, որը պահանջարկ կունենա ժողովրդավարության, եւ այդպիսով կկառուցվի ժամանակակից պետություն: Բայց այդ տեսությունը հեշտությամբ հերքվում է այն փաստով, որ Գերմանիայում՝ Վայմարյան հանրապետության ժամանակ ձեւավորված միջին խավն ամենեւին էլ պահանջարկ չուներ ժողովրդավարության: Ճիշտ հակառակը՝ պահանջարկ ունեցավ նացիոնալ-սոցիալիզմի, որի համար էլ քվեարկեց 1933 թվականին:

Ուրեմն ի՞նչ: Զարգացնենք ինստիտուտները՝ մասնավոր սեփականությունը, շուկայական հարաբերությունները, ներմուծենք ժողովրդավարության որոշակի տարրեր, եւ այդ բարերար հողի վրա կզարգանա նաեւ տնտեսությունը: Բայց մեզ՝ նախկին խորհրդային մարդկանց, պետք չէ բացատրել, որ դա էլ չի աշխատում. 1990-ականներին ծայր առած բարեփոխումների արդյունքում մեր տնտեսությունն ամենեւին էլ չբարգավաճեց: Բազմաթիվ ցուցանիշներից ինձ համար ամենախոսուններից մեկն այն է, որ Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքում 1981 թվականից ի վեր կառուցվեց մետրոյի 9-ը կայարան, անկախ Հայաստանում 1997-ին ավարտին հասցվեց մեկ կայարան (Չարբախը), իսկ հետագա 24 տարիների ընթացքում մենք փորձում ենք ավարտել եւս մի կայարան Աջափնյակում, սակայն առայժմ՝ ապարդյուն (չնայած հույսներս չենք կորցրել): Մի խոսքով, ինստիտուտների փոփոխությունը ոչ միշտ է բարերար ազդեցություն թողնում տնտեսության վրա:

Ռուսաստանցի հայտնի տնտեսագետ Ալեքսանդր Աուզանն առաջարկում է այդ երկու բաղադրիչներին ավելացնել եւս մեկը՝ մշակույթը, որը տնտեսագետները հասկանում են ոչ թե որպես «երգուպար», այլ՝ որպես արժեքներ եւ վարքային նպատակադրություններ (поведенческие установки), որոնք կիսում է հասարակության մեծամասնությունը, եւ որոնք փոխվում են երկար ժամանակահատվածների ընթացքում: Կարո՞ղ են ինստիտուտները փոխել մշակույթը: Իհարկե, կարող են. իմ տարիքի հայաստանցիներից շատերը, որոնք 30 տարի առաջ արտագաղթել են Լոս Անջելես, դժկամությամբ են հերթ կանգնում կամ կապում ամրագոտին, բայց նրանց երեխաների համար դա բնական վիճակ է՝ քայլելու կամ շնչելու նման: Բայց այդ ազդեցությունը տեղի է ունենում դանդաղ՝ սովորաբար մեկ ամբողջ սերունդ է պետք, որպեսզի ինստիտուտները փոխեն մշակույթը: Այդպես, երկու Գերմանիաների վերամիավորումը տեղի է ունեցել ավելի քան 30 տարի առաջ, սակայն մշակութային տարբերությունները մնացել են, եւ, հետազոտողների կարծիքով, անհրաժեշտ կլինի եւս 10 տարի, որպեսզի նախկին ԳԴՀ-ի բնակիչներն ինտեգրվեն ժամանակակից արեւմտյան աշխարհի մեջ:

Ըստ պրոֆեսոր Աուզանի, հակառակ ազդեցությունը՝ երբ մշակույթն է ազդում ինստիտուտների վրա, ավելի արագ է եւ ավելի զորեղ: Նա բերում է հետեւյալ օրինակը: 19-րդ դարի կեսերին ԱՄՆ-ում համեմատաբար ազատ Հյուսիսի տնտեսական վիճակն ավելի լավը չէր, քան ստրկատիրական Հարավի, եւ աֆրոամերիկացիների կյանքն էլ այդ երկու հատվածներում առանձնապես չէր տարբերվում: Բայց Հյուսիսում արագ փոխվում էին արժեքներն ու մեծամասնության պատկերացումները՝ մարդիկ հասկանում էին, թե ինչ հակամարդկային, նողկալի երեւույթ է ստրկությունը, եւ այնպիսի գրքեր, ինչպիսիք են Հարիեթ Բիչեր-Սթոուի «Քեռի Թոմի խրճիթը» վեպը, պարզապես ցնցող ազդեցություն էին թողնում հասարակության վրա: Մշակութային փոփոխությունը բերեց ինստիտուցիոնալ տեկտոնիկ տեղաշարժերի, որոնք, ինչպես հայտնի է, ուղեկցվում էին նաեւ քաղաքացիական պատերազմով:

Այսպիսով, կա եռամիասնություն՝ մշակույթ – ինստիտուտներ – տնտեսություն, եւ ասել, թե որն է առաջնայինը եւ որը պետք է առաջ տանել առաջին հերթին, կնշանակեր պարզունակ ներկայացնել խնդիրը: Ըստ երեւույթին, պետք է երեքով էլ զբաղվել միաժամանակ: Հանրահայտ փաստ է, օրինակ, որ տնտեսական առողջ մրցակցության ու սեփականության անձեռնմխելիության գրավականն է անկախ դատական համակարգը: Դա, անշուշտ, ինստիտուտ է, բայց, ինձ թվում է՝ նաեւ մշակույթ: Հայաստանի ներկայիս իշխանությունը ոչինչ չի անում՝ այդ ինստիտուտը զարգացնելու համար, ավելին՝ փորձում է «վեթինգի» անվան տակ հաշվեհարդար տեսնել քիչ թե շատ ինքնուրույն դատավորների նկատմամբ: Բայց նույն իշխանությունն այդ ուղղությամբ չի զարգացնում նաեւ մշակույթը. եթե գործադիր իշխանության ղեկավարի հրահանգով դատարանները կարող են շրջափակվել, դա ազդանշան է հասարակությանը, որ դատական անկախության մասին չարժե մտածել:

Կարող եմ բերել մեկ այլ օրինակ. երբ չես զարգացնում մշակույթը եւ, հակառակը՝ նպաստում ես ցածր մշակութային ստանդարտներին՝ դժվար է դրական արդյունքներ ակնկալել: Ես ուղիղ կապ եմ տեսնում պատվաստումների հանդեպ նիհիլիստական վերաբերմունքի եւ հեղափոխության ժամանակ ներքնաշորերով արագաչափերն ու տեսախցիկները փակելու միջեւ: Երբ սկզբից, դիվիդենդներ հավաքելու համար, խրախուսում ես կարգազանցությունը, հետո չես կարող կարգապահություն պահանջել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930