Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուն նպատակը ահաբեկչական է, որից արցախցուն պաշտպանող միակ գործոնն այս պահին ռուս խաղաղապահն ու հայ զինվորն է». Արցախի դատախազություն

Նոյեմբեր 09,2021 23:59
dataxazutyun

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը դադարեցրեց ակտիվ ռազմական ագրեսիան` հետագա գործողություններով անցնելով արցախահայությանն ահաբեկելու և Արցախը հայաթափելու ծրագրի իրագործմանը: 2020թ. նոյեմբերի 10-ից առ այսօր Արցախի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրերին հարակից հատվածներում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախահայության նկատմամբ կատարվել է 56 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 43 քրեական գործ:

Ընդհանուր առմամբ արձանագրվել է սպանության 3 (քաղաքացիական անձանց սպանության` 2), սպանության փորձի 23 (որից 17-ը` ուղղված զինվորականների դեմ), ահաբեկչական գործողության 1, հրազենի գործադրմամբ գույքի ոչնչացման 12 (որից 8-ը` ռազմական գույքի ոչնչացում կամ վնասում), գույքի ոչնչացման ու վնասման փորձի 5, գողության 3, կողոպուտի 2, գերեզմանները ոչնչացնելու 3, խոշտանգման 2, սպանության սպառնալիք տալու և մարդու առևանգման 1-ական դեպքեր:

Սպանվել է 2 քաղաքացիական անձ և 9 զինվորական, սպանության փորձի ենթարկվել 68-ը (44 զինվորական), տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել 37 անձ (28 զինվորական), ֆիզիկական բռնության է ենթարկվել 6-ը, սպանության սպառնալիքի` 2-ը:

Արցախցիների սեփականության իրավունքի դեմ ուղղված հանցավոր ոտնձգությունների հետևանքով հափշտակությամբ (գաղտնի և բացահայտ) ֆիզիկական անձանց պատճառվել է 17.710.000 դրամի գույքային վնաս (հափշտակվել են խոշոր եղջերավոր անասուններ և մեկ տրանսպորտային միջոց):

Գույքի դիտավորյալ ոչնչացմանը կամ վնասմանն ուղղված հանցավոր դիտավորության իրագործման հետևանքով խոցվել կամ թիրախավորվել է 5 բնակելի տուն, 3 գյուղատնտեսական տեխնիկա, 7 տրանսպորտային միջոց (6-ը` ռազմական), շինարարական 2 տեխնիկա, հրկիզվել է 3 այգի ու ցանքատարածք, հրազենի գործադրմամբ հեռահար թիրախավորվել է խոշոր եղջերավոր անասունների 1 խմբաքանակ:

Վերոհիշյալ հանցավոր դեպքերից բացի, 2020թ. նոյեմբեր ամսից սկսած Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջանների գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար տարբեր հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել մոտակա բնակավայրերի ուղղությամբ կամ օդ, որի հետևանքով հաճախ գնդակները թափվել են բնակարանների տանիքներին կամ բակերում:

Վերը ներկայացված վիճակագրությունը փաստում է, որ եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը պարբերաբար խախտել է «Հայտարարության» 1-ին կետում նշված` «կրակի ու ռազմական գործողությունների լիակատար դադարեցման» պահանջը` շարունակելով հայատյաց ու հայասպան քաղաքականությունը: Դեպքերի հաջորդականությունն ու արտահայտման ձևերը վկայում են, որ դրանց բուն նպատակը ահաբեկչական է, որից արցախցուն պաշտպանող միակ գործոնն այս պահին ռուս խաղաղապահն ու հայ զինվորն է:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930