Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարը պատվաստանյութի կիրառման տարիքային շեմը 18-ից իջեցրել է 12 տարեկանի

Նոյեմբեր 09,2021 21:21

Փաստաբան, «Ազատ կամք» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանը հայտնում է.

«Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել առողջապահության նախարարության պաշտոնատար անձանց դեմ:

Առողջապահության նախարարը պատվաստանյութի կիրառման տարիքային շեմը 18-ից իջեցրել է 12 տարեկանի:

Փաստերը հղումներով՝

1.1 2021թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ առողջապահության նախարար Ա.Ավանեսյանը ընդունել է «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցը հաստատելու մասին հրամանը:

1.2 2021 թվականի հոկտեմբերի 8-ին Ազատության ռադիոկայանը հրապարակել է «Սկանդինավյան երկրները սահմանափակել են «Մոդեռնա»-ի օգտագործումը երիտասարդ տղամարդկանց համար» հոդվածը, որտեղ հայտնել է, որ՝ «Ֆինլանդիան ևս, հետևելով հարևան Շվեդիային և Դանիային, սահմանափակեց COVID-19-ի դեմ «Մոդեռնա»-ի պատվաստանյութի օգտագործումը երիտասարդ տղամարդկանց համար։ Դա բացատրվում է սիրտ-անոթային համակարգի վրա հազվագյուտ կողմնակի ազդեցությամբ, միոկարդիտով։ Միոկարդիտը սրտամկանի բորբոքումն է։»:

1.3  Ըստ bmj.com կայքի՝ Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան հոկտեմբերի 7-ին դադարեցրել են Մոդեռնայի COVID-19 պատվաստանյութի օգտագործումը հնարավոր հազվագյուտ կողմնակի ազդեցությունների մասին հաղորդագրություններից հետո և պատվաստման տարիքային շեմը բարձրացրել են 30 տարեկան և ավել։

Նույն կայքում նշված է՝ Միոկարդիտը բոլոր ՌՆԹ պատվաստանյութերի հազվադեպ կողմնակի ազդեցությունն է, հատկապես տղաների և երիտասարդ տղամարդկանց մոտ և հիմնականում երկրորդ դոզայից հետո: Տվյալները ցույց են տալիս, որ դա տեղի է ունենում ավելի հաճախ Մոդեռնա պատվաստանյութից հետո: Այս պաթոլոգիան կարող է բերել սրտի ռիթմի խանգարման, սրտային անբավարարության՝ ընդհուպ մինչև սրտի կանգի։

Մինչդեռ, Հայաստանում հաջորդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, առողջապահության նախարարությունը արել է ճիշտ հակառակը` տարիքային շեմը նախարարի հրամանով իջեցրել է մինչև 12 տարեկան, նախատեսելով Մոդեռնա պատվաստանյութը ներարկել ոչ միայն երիտասարդներին, այլ նաև երեխաներին։ Սա նույնիսկ կլինիկական փորձարկում անվանել չի կարելի, քանի որ կլինիկական փորձարկումները իրականացվում են հատուկ ընթացակարգերով։

1.4 «Reuters» գործակալության հոկտեմբերի 22-ի հաղորդմամբ, Նորվեգիան հայտարարել է, որ կնվիրաբերի 620000 չափաբաժին Մոդեռնա պատվաստանյութ, որն իրեն անհրաժեշտ չէ։ Այդ պատվաստանյութը կտրամադրվի ոչ թե COVAX մեխանիզմով, այլ Եվրոպական Միության միջոցով՝ երրորդ երկրներին ։

1.5 2021 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ առողջապահության նախարար Ա.Ավանեսյանն ընդունել է «Առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 5-ի N3710 հրամանում փոփոխություններ կատարելու մասին» N 3808-Ա հրամանը։ Ըստ այս հրամանի Հիմնական հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Մոդեռնա» (ՌՆԹ-1273, ՍպայկՎաքս) պատվաստանյութով պատվաստումային գործընթացի կազմակերպումը Առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի թիվ 436-Ա հրամանով սահմանված ռիսկի խմբերի, ինչպես նաև 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում, իսկ 12-ից մինչև 18 տարեկան անձանց պատվաստումների իրականացումն ըստ դիմելիության՝ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում՝ համաձայն հավելվածի:»:

1.6 2021թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում նշել է՝ «620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ նվեր Հայաստանին։ Երեկ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր:..»:

1.7 Առողջապահական համաշխարհային կազմակերպության կայքում «Մոդեռնա» պատվաստանյութի հետ կապված առկա է հետևյալ տեղեկատվությունը՝

«Ո՞ւմ է հակացուցված պատվաստանյութը.

Սույն պատվաստանյութով, ինչպես և ցանկացած այլ մՌՆԹ բազայով պատրաստված պատվաստանյութով իմունիզացումը հակացուցված է անամնեզում պատվաստանյութի ցանկացած բաղադրիչի նկատմամբ ծանր ալերգիկ ռեակցիաներ ունեցող անձանց:

COVID-19-ի արդյունքում բարդությունների և մահացությունների բարձր ռիսկայնության կապակցությամբ պատվաստումը ցուցված է տարեց մարդկանց, սակայն երեք ամսից պակաս կյանքի տևողության կանխատեսումով ծայրահեղ թույլ տարեց պացիենտների նկատմամբ պատվաստման որոշումը հարկավոր է ընդունել նրանց վիճակի անհատական գնահատումից հետո:

Մինչև լրացուցիչ հետազոտությունների արդյունքների ստանալը, 18 տարեկանից ցածր տարիքի անձինք չպետք է պատվաստվեն սույն պատվաստանյութով»:

1.8  Ամերիկայի Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչությունը (FDA կամ USFDA) Միացյալ Նահանգների առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտի դաշնային գործակալություն է, որի կողմից Մոդեռնա պատվաստանյութի վերաբերյալ  հրապարակված պաշտոնական տեղեկության համաձայն՝ «ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) տվել է ծայրահեղ անհրաժեշտության կիրառման պաշտոնական թույլտվություն  (EUA)՝ թույլատրելու պաշտոնապես չթույլատրված արտադրանքի՝  MODERNA COVID-19-ի ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ, ծայրահեղ անհրաժեշտության կիրառումն ակտիվ իմունիզացիայի համար՝ 18 տարեկան և ավելի բարձր տարիքի անհատների մոտ COVID-19-ը կանխարգելելու նպատակով»:

 

1.9 Այցելելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) կայքէջ, ի պատասխան հարցին, թե ով կարող է ընդունել Մոդեռնա Քովիդ-19 պատվաստանյութ, կարդում ենք, որ այն թույլատրված է և խորհուրդ է տրվում 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար։

Տես՝

1.10 Այցելելով Մոդեռնա ընկերության կայքէջ կարդում ենք, որ Մոդեռնա ընկերության COVID-19 Սպայվաքս պատվաստանյութը հաստատված կամ լիցենզավորված չէ ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (FDA) կողմից, սակայն թույլատրվել է արտակարգ իրավիճակների օգտագործման համար FDA-ի կողմից՝ Արտակարգ իրավիճակների օգտագործման թույլտվության ներքո (EUA)՝ կանխելու կորոնավիրուսային հիվանդությունը (COVID 19), նախատեսված է 18 տարեկան և բարձր անձանց համար: Մոդեռնա COVID-19 պատվաստանյութը դեռ ուսումնասիրվում է կլինիկական փորձարկումներում։

Այսինքն, այս պատվաստանյութը դեռևս գտնվում է ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼՈՒՄ և չի ստացել վերջնական գրանցում անգամ 18+ տարիքային խմբում իր մայր երկրում՝ ԱՄՆ-ում, իսկ 12-18 տարեկան հասակի երեխաների շրջանում կլինիկական փորձարկումների մասին որևէ հիշատակում չկա»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930