Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Հայրիյան․ «5 երկրների դեսպաններին նամակ եմ գրել՝ պնդել եմ պայմաններ առաջարկեն իրենց երկրում, եթե առաջարկ լինի՝ անպայման տեղափոխվելու ենք»

Նոյեմբեր 09,2021 17:31

Արցախից տեղահանված բնակիչներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում։ Նրանք ՀՀ կառավարությունից պահանջում են իրենց փախստականի կարգավիճակ տալ:

 «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լեւոն Հայրիյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը Հայաստանում ապաստանած արցախցիների սոցիալական խնդիրներով չի զբաղվում․ «Մինչեւ հուլիս ամիսը սոցիալական երկու տեսակի աջակցություն էինք ստանում՝ բնակարանի վարձը՝ 30 հազար դրամը, եւ 68 հազար դրամ նպաստը։ Դա կտրել են, օգոստոսին բնակարանի վարձը տվել են, բայց հիմա էլ որոշել են, որ 25 հազար դրամ են տալու՝ մեկ շնչին։ Դիմացը ձմեռ է, Երեւանում ապրուստը դժվար է, մարդիկ բնակարանի վարձ պիտի մուծեն, կոմունալներ, հագուստ, ուտելիք առնեն։ Այդ գումարով ո՞նց հոգան իրենց ապրուստը»։

Լեւոն Հայրիյանն ասաց, որ ՀՀ-ում հավատարմագրված հինգ երկրների դեսպաններին նամակ է գրել․ «Առաջարկել եմ՝ հինգ հազար բնակիչ ունեցող համայնքը՝ օրինապաշտ եւ աշխատասեր, պնդում ենք պայմաններ առաջարկել իրենց երկրում։ Եթե առաջարկ լինի՝ անպայման տեղափոխվելու ենք այլ երկիր։ Բայց եթե Արցախում, Հադրութում, Հայաստանում մեզ համար չստեղծվեն ապահով պայմաններ, մենք դիմելու ենք արտասահմանյան երկրներին»։

Հադրութցի Իրա Թամրազյանն էլ կոչ արեց բոլոր արցախցիներին միավորվել եւ պահանջել ռուս խաղաղապահներից, որ իրենց խաղաղապահի առաքելությունը պատշաճ իրականացնեն․ «Եթե Արցախում լինեի՝ դուրս կգայի ռուս խաղաղապահների դիմաց, նրանց ղեկավարների դուռը կծեծեի, կպահանջեի աշխատեին այնպես, ինչպես որ պետք է, որպեսզի չունենանք զոհեր։ Մենք հասկանում ենք, որ ադրբեջանցիներն ուզում են արցախցիներին վախեցնեն, որ մարդիկ թողնեն ու դուրս գան, Արցախը հայաթափվի։ Բայց ես կարծում եմ, որ մենք շուտով կլինենք Արցախում, պայքարելու ենք մինչեւ վերջ, մինչեւ անկախ Արցախ ունենանք։ Բոլորին կոչ եմ անում՝ միանան մեզ, դիմենք Ռուսաստանի դեսպանատանը, պահանջենք՝ եթե նրանք իրոք խաղաղապահ են, ապա թող ապահովեն արցախցիների խաղաղ կյանքը»։

Ապա ցույցի մասնակիցները գնացին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ ավելի վաղ ուղարկած իրենց նամակի պատասխանը ստանալու համար։

Լեւոն Հայրիյանը դեսպանատան աշխատակցի հետ կարճ զրույցից հետո լրագրողներին ասաց, որ նախորդ անգամ իրենց դեսպանատնից վստահեցրել էին, որ արցախցիների նամակը ուղարկել են Փարիզ, դեռ պատասխան չեն ստացել․ «Մենք էլ պիտի սպասենք։ Ես էլ դեսպանատանն ասացի, որ մեր կառավարությունը մեզնով չի զբաղվում, որովհետեւ մեկ տարի է՝ այստեղ ենք, մեր կյանքում ոչինչ չի փոխվել»։

Արցախ վերադառնալու մասին էլ պարոն Հայրիյանն ասաց, որ Արցախում հիմա ավելի վատ պայմաններ են, քան Հայաստանում․ «Ես Արցախի ղեկավարության հետ մի քանի անգամ խոսել եմ, հարցրել եմ՝ անկեղծ ասեք, հիմա որ հետ գանք, ձեր մոտ հարցը լուծվելո՞ւ է, թե՞ սոցիալական լարվածությունն է ավելանալու։ Պատասխանել են՝ սոցիալական լարվածությունն է ավելանալու։ Այս 25 հազարը եթե վերադառնա Արցախ, Արցախը կպայթի, ուժ չունի, էնտեղ եղածն էլ Հայաստանից են ստանում։ Հիմա Ստեփանակերտում մարդիկ վարձով տուն էլ չեն գտնում։ Այս պահին Ղարաբաղ վերադառնալն անմտություն է, մինչեւ տները չկառուցեն՝ անհնար է վերադարձը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930