Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տնտեսվարողն իրավունք չունի մերժելու հաճախորդի՝ անկանխիկ վճարում իրականացնելու պահանջը». քննարկման է ներկայացվել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը

Նոյեմբեր 09,2021 17:24

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկման է ներկայացրել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Վախթանգ Աբրահամյանը ներկայացրել է քարտային ենթակառուցվածքների վիճակագրությունը, անդրադարձել քարտային գործարքների քանակական եւ գումարային ցուցանիշներին: 2018 թ. շուրջ 3 մլն գործարք է իրականացվել արտասահմանյան քարտերով, շուրջ 2 մլն գործարք՝ դրսում հայաստանյան քարտերով եւ շուրջ 33 մլն գործարք՝ հայաստանյան քարտերով Հայաստանում: 2021 թ. առաջին կիսամյակում գրեթե կրկնապատկվել են գործարքները. արդեն շուրջ 33 մլն գործարք է կատարվել: 2021 թ. առաջին կիսամյակում առցանց հարթակում շուրջ 300 մլրդ դրամի քարտային գործարքներ են եղել: Ցուցանիշը չի ներառում էլեկտրոնային քսակներով գործառնությունները:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը նշել է, որ օրենքի նախագիծը քննարկվել է շահագրգիռ բոլոր ուժերի հետ: Գաղափարն այն է, որ տնտեսվարողն իրավունք չունի մերժելու հաճախորդի՝ անկանխիկ վճարում իրականացնելու պահանջը: Սահմանափակումներ են նախատեսվել որոշ կանխիկ գործառնություններ իրականացնելիս: Իրավաբանական անձանց միջեւ կանխիկով գործառնություններ չպետք է լինեն: Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավահարաբերությունների դեպքում մինչեւ 300 հազար դրամ կանխիկով գործառնությունները թույլատրելի են: Այս շարքում բացառություններ կան. պետական կամ ՏԻՄ բյուջեներից կատարվող ցանկացած վճարում պետք է բացառապես անկանխիկ լինի:

Գրավատների կողմից տրամադրվող վարկերի պարագայում սահմանվել է 20 հազար դրամի շեմ,   բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկերն ու փոխառությունները եւս բացառապես անկանխիկ եղանակով պետք է տրամադրեն: Անկանխիկ պետք է լինեն նաեւ փաստաբանների եւ նոտարների մատուցած ծառայությունների դիմաց վճարումները, կրթական եւ բժշկական հաստատություններում կատարվող վճարումները:

Պատգամավոր Բաբկեն Թունյանն առաջարկել է վերանայել գրավատների դեպքում սահմանված 20 հազար դրամի շեմը, ինչը խնդրահարույց է: Հիմնական զեկուցողը նշել է, որ մեկ վարկի դիմաց միջին գործարքի թիվը գրավատներում մոտ 40 հազար դրամ է: Նախագծով առաջարկվում է դրա 50 տոկոսը: Պատգամավորը բանկային տերմինալների միջնորդավճարների նվազեցման հարցն է բարձրացրել նաեւ՝ նշելով, որ որոշ տնտեսվարողների դեպքում քարտով առեւտուրը նախատեսում է հարկման բեռի ավելացում: Վախթանգ Աբրահամյանի խոսքով՝ կանխիկ գործառնությունները թե՛ անվտանգության, թե՛ ծախսի հասանելիության ու արագության առումով ավելի թանկ են: Այս վիճակն ընդունելի չէ Ծովինար Վարդանյանի համար: Նա անդրադարձել է վարկի տրամադրման անկանխիկ եղանակին, կարծիք հայտնել, որ էլեկտրոնային բոլոր դրամապանակները պետք է կցված լինեն որեւէ հաշվի եւ վերահսկելի լինեն ԿԲ-ի կողմից: Արթուր Խաչատրյանն անդրադարձել է վարկերի կանխիկ տրամադրման հնարավորությանը, հեռավոր համայնքում գործող բժշկական հաստատությունում անկանխիկ վճարման գործնական խոչընդոտներին: Արծվիկ Մինասյանը մատնանշել է անկանխիկ եղանակով գործարքի դժվարությունները, որոնք կառաջանան, օրինակ, համայնքի բնակիչների կողմից իրենց բերքը վաճառելիս: Ըստ պատգամավորի՝ այս նախագիծը պետք է քննարկումների փուլ անցնի: Արթուր Դավթյանը բարձրացրել է սնանկ ճանաչված ֆիզիկական անձի հաշիվների արգելափակման հարցը՝ նշելով, որ վերջինս չի կարող անկանխիկ եղանակով առեւտուր իրականացնել, իսկ սնանկության գործընթացը կարող է երկարատեւ լինել: Արուսյակ Մանավազյանը կարեւորել է մարզերի բնակիչների շրջանում անկանխիկ գործառնությունները խրախուսելը, ֆինանսական գրագիտության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքը:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը բազմաթիվ առաջարկներ է ստացել: Նա մասնավորապես անդրադարձել է գրավատների դեպքում սահմանված 20 հազար դրամի շեմի հարցին: Շահումով խաղերի ու խաղատների ոլորտում գործունեություն իրականացնողը, բուքմեյքերական գրասենյակները չպետք է 200 հազար դրամը գերազանցող վճարումը կանխիկ եղանակով ընդունելու իրավունք ունենան: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ օրենքի կարգավորման թիրախը, օրինակ, կաղամբ վաճառող քաղաքացին չէ, կան ավելի լուրջ ստվերային շրջանառություններ, որոնք պետք է կարգավորման դաշտ բերել: Գեւորգ Պապոյանը համոզված է՝ նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում կլինեն առաջարկներ, այն կլրամշակվի: Նա կարեւորել է ստվերի կրճատումը եւ վստահեցրել, որ օրենքի ընդունման հիմքում հանրային շահն է:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Քննարկվել եւ հավանության է արժանացել «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու մասին» հարցը:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930