Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս խաղաղապահները մանդատ չունեն. Ստեփան Սաֆարյանը՝ ջրատարի մոտ քաղաքացիական անձի և տրակտորիստի՝ ադրբեջանցիների կողմից սպանության մասին

Նոյեմբեր 09,2021 17:20

«Վերջին երկու միջադեպերը, որոնք տեղի են ունեցել մեկը Շուշիի մոտ, նախորդը, երբ տրակտորիստը սպանվեց անմիջապես ռուս խաղաղապահների ներկայությամբ՝ շատ մտահոգիչ են»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ)  կազմակերպած «Ճանապարհ դեպի 44-օրյա պատերազմ» խորագրով զեկույցի ներկայացում-քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ՄԱՀՀԻ նախագահ Ստեփան Սաֆարյանը:

Ստեփան Սաֆարյանը նշեց՝ այս միջադեպերը ցույց են տալիս, որ ռուս խաղաղապահները չեն կարողանում իրականացնել խաղաղ գոյակցությունը, բայց միևնույն ժամանակ ասաց. «Ամենևին չհերքելով նշածս փաստը՝ այդ փաստի համար պատճառ եմ տեսնում նաև ռուս խաղաղապահների մանդատի՝ միջազգայնորեն սահմանված չլինելը, այդ առաքելության համար միջազգային ուղենիշներ չունենալը: Այս պարագայում ռուս խաղաղապահները որևէ մանդատ չունեն, ստանդարտ, ուղենիշ նման բան չկա»:

Ստեփան Սաֆարյանը նաև շեշտեց՝ երեկվա միջադեպը, երբ ադրբեջանցիների կողմից սպանվել է ջրատար խողովակների վրա աշխատող քաղաքացիական անձը, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՊՆ նախարարի հետ միասին գտնվել է Շուշիում. «Միգուցե հենց թիրախը նա է, որ ապացուցեն, որ ռուս խաղաղապահները չե՞ն կարողանում ապահովել այդ խաղաղությունը: Այս բոլոր փաստերը, որ կապում ենք, այո, առաջին տպավորությունն է այն, որ եթե չես կարողանում ապահովել խաղաղություն՝ թող, հեռացիր: Սակայն այդպես լինել չի կարող. միգուցե հենց խաղը դա է, որ դա ասվի մեր շուրթերով: Միանշանակ, այս խնդրի լուծումը համարում եմ մանդատի, ստանդարտների, առաքելության հստակեցումը: Եթե դա պետք է անել Մինսկի խմբում, բոլոր դեպքերում այս բոլոր խնդիրները պետք է շարադրվեն մեկ թղթի վրա»:

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ այն, որ ադրբեջանական կողմից պարբերաբար լսում ենք հայտարարություններ, թե ռուս խաղաղապահները ժամանակավոր են, խաղաղապահները ցույց են տալիս, որ անվտանգության երաշխավոր չեն, ապա սա նշանակում է, որ մենք շատ մտածելու բան ունենք:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930