Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ով ու ինչ մեթոդիկայով է հաշվել՝ քանի՞սն են գայթակղվող». Արկադի Գրիգորյանը՝ «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների մասին

Նոյեմբեր 09,2021 17:11

Այսօր խորհրդարանում, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ, մեդիաոլորտի, բուքմեյքերական ընկերությունների, ռադիոհեռուստաընկերությունների ներկայացուցիչների, արտաքին գովազ ներկայացնողների մասնակցությամբ քննարկում էին «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունները:

Նախագծից Tert.am կայքի գլխավոր խմբագիր Արկադի Գրիգորյանը տպավորություն է ստացել, որ մամուլի մասին որեւէ մեկը չի մտածել, ինչը նրան հիմք է տալիս ենթադրել, որ նպատակները հեռուն գնացող են. «Այն մամուլի դեմ (որը չի զբաղվում քարոզչությամբ, այլ իրականում կատարում է մամուլի աշխատանք) հերթական հարվածն է՝ «նոկաուտին» մոտ «նոկդաուն», մինչ այժմ էլ այլ ոլորտի մի քանի օրինագծեր տանում էին դրան»:

Արձագանքելով նախագծի հեղինակների պնդումներին, որ կան «փորձված խաղացողներ», որոնց գովազդը չի հետաքրքրում, եւ գայթակվողներ՝ հավելեց. «Ով ու ինչ մեթոդիկայով է հաշվել՝ քանի՞սն են գայթակղվող, քանի՞սը՝ միշտ խաղացող»,-ասաց լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը։

Ըստ բանախոսի, որոշ հեռուստառադիոընկերություններում շահումով խաղերից ստացվող գովազդային մուտքերը կազմում են մինչեւ 15 տոկոս, իսկ սահմանափակումները մինչ այժմ էլ կիրառվել են. որոշակի ժամերի են տեղադրել այդ գովազդները»:

Նախագծի հեղինակները հիմնավորումներում զուգահեռներ են տարել նաեւ եվրոպական երկրների՝ Լատվիայի եւ Ֆինլանդիայի հետ, ինչը Արկադի Գրիգորյանը անտեղի է համարում, քանի որ Հայաստանն իր տնտեսական կառուցվածքով ու հնարավորություններով չի կարելի համեմատել Լատվիայի ու Ֆինլանդիայի հետ. «Հայաստանում գովազդային շուկայի «առյուծի բաժինը» բուքմեյքերական ընկերություններինն է։ Չունենք այլ ընկերություն, որից կսնվեն լրատվական կայքերն ու հեռուստաընկերությունները։ Երբ Հայաստանում կլինի այդ գովազդատուն, այդ դեպքում համեմատեք Ֆինլանդիայի ու Լատվիայի հետ»:

Նա նկատեց, որ մամուլը միշտ պատրաստ է պետության հետ համագործակցել՝ կայքերում եւ հեռուստաընկերությւոններում սոցիալական արշավ սկսելով. «Գումար հատկացրեք, գումարի տեղն էլ կարող ենք հուշել. օրինակ՝ գլխավոր դատախազի ու տեղակալների աշխատավարձը կարելի է բարձրացնել 3 տարի հետո, չեն նեղվի»:

Դավիթ Բաբախանյան

«Արմենիա» ՀԸ տնօրեն Դավիթ Բաբախանյանն էլ այն կարծիքին է, որ խաղամոլության մեջ թաթախված մարդկանց հետ պետք է խոսել, բացատրել, որ դա լավ չէ, ոչ թե արգելել գովազդը։ Դրանում է սոցիալական հակագովազդի կարեւորությունը։ Ըստ նրա, եթե արգելվի գովազդը, հարեւանից, բարեկամից լսելով, որ դա իր ծանր սոցիալական վիճակից ելք է, նա շարունակելու է խաղալ, ուստի գովազդն այստեղ ամենակարեւոր խթանող գործոնը չէ:

Գովազդի նշանակությունը ներկայացնելով ֆիլմարտադրության օրինակով՝ նա ասաց. «Երբ գեղարվեստական ֆիլմը մտնում է կինոթատրոն, գովազդով է ուղեկցվում, բայց գովազդի դերն այդտեղ այնքան կարեւոր չէ, որքան դահլիճից դուրս եկող եւ ֆիլմի մասին կարծիք հայտնող մարդկանց։ Այսինքն, կինոյի տոմսերի արդյունավետ վաճառքին նպաստում է մարդկանց կարծիքը, ոչ թե ֆիլմից առաջ ցուցադրված գովազդը։ Եթե ֆիլմը դուր չի գալիս, ինչքան ուզում ես, գովազդիր, ֆիլմի տոմսերը չեն վաճառվելու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930