Կովիդ-19-ի դեմ պատվաստումները չունեն ապացուցված բացասական որևէ ազդեցություն սեռական և վերարտադրողական առողջության վրա, ցույց է տալիս մի շարք հետազոտությունների վերլուծությունը։ Պատվաստված անձանց տվյալների ուսումնասիրությունները փաստում են, որ արձանագրված բոլոր հետպատվաստումային կողմնակի դրսևորումները առնչություն չեն ունեցել էրեկտիլ կամ սեռական այլ ֆունկցիոնալ խանգարումների հետ։ Չկա որևէ ապացույց այն մասին, որ պատվաստումներն առաջացնում են անպտղություն տղամարդկանց կամ կանանց շրջանում, վնասում են ընկերքը կամ բերում վիժման:
📌 Միևնույն ժամանակ կան նախնական տվյալներ, ըստ որոնց, Կովիդ-19 հիվանդությունը մի քանի մեխանիզմներով կարող է խաթարել սեռական օրգանների աշխատանքը։ Նշանակալի քանակությամբ հետազոտություններ արձանագրել են, որ Կովիդ-19-ը կարող է բացասական ազդեցություն ունենալ սերմնահեղուկի վրա, նվազեցնել սեռական ցանկությունը և հանգեցնել էրեկցիայի խանգարման:
📌 Այսպիսով, ըստ առկա տվյալների` Կովիդ-19-ի դեմ պատվաստանյութերն ապահով են և որևէ կերպ չեն ներգործում կանանց կամ տղամարդկանց սեռական և վերարտադրողական առողջության վրա: Մինչդեռ կորոնովիրուսային հիվանդությունը կարող է ունենալ երկարաժամկետ բացասական հետևանքներ տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա:
Վերոնշյալ տվյալները վերցված են միջազգային բարձր վարկանիշ ունեցող Nature ամսագրում հոկտեմբեր ամսին տպագրված «SARS CoV-2-ի, Կովիդ-19-ի և դրա դեմ պատվաստանյութերի ազդեցությունը տղամարդկանց սեռական և վերարտադրողական առողջության վրա. ի՞նչ իրավիճակում ենք հիմա» (“Effects of SARS CoV-2, COVID-19, and its vaccines on male sexual health and reproduction: where do we stand?”) ամփոփիչ հոդվածից, որն ի մի է բերել ավելի քան 60 հետազոտությունների արդյունքներ:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարություն