Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակի մարզի 62 գերեվարվածներից գրեթե կեսը վերադարձել են, բայց ակտիվ գործընթացներ են տարվում մյուսների վերադարձի համար»․ Նազելի Բաղդասարյան

Նոյեմբեր 09,2021 16:24

Նազելի Բաղդասարյանի՝ Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելուն ու մարզպետարանի շենք ոտք դնելուն պես՝ նրա հետ հանդիպման էին եկել գերիների հարազատները։ Նրանք հավաքվել էին Շիրակի մարզպետարանի շենքի մուտքի դիմաց։

Անդրադառնալով գերիների հարցին ՝ Նազելի Բաղդասարյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ կոնկրետ այս պաշտոնը չէր, որ պետք է հնարավորինս արդյունավետ լուծում տար այս խնդրին, որովհետև երկու նախորդող մարզպետների պաշտոնավարման ընթացքում այդ խնդիրներով միշտ զբաղվել եմ, երբևէ չեմ կաշկանդվել գերիների հարազատների հետ հանդիպել։

Կարծում եմ ՝ իրենք ևս կփաստեն։ Այս պահի դրությամբ մարզի 62 գերեվարվածներից գրեթե կեսը վերադարձել են, բայց ակտիվ գործընթացներ են տարվում մյուսների վերադարձի համար։

Չեմ թաքցնում՝ պատգամավորի կարգավիճակում լիազորությունների առումով ավելի մեծ սպեկտոր ունեի, մասնավորապես խորհրդարանական դիվանագիտությունը օգտագործելով։ Գիտեք, վերջին շրջանում Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդգրկված եմ եղել այս կարևոր գործառույթը ստանձնելու համար։

ԵԽԽՎ մեր վերջին բանաձևում պնդել եմ հատուկ գերիների վերադարձի հետ կապված որոշակի դրույթներ, մասնավորապես առանձնացնելով Խծաբերդի գերիներին, իրենց կարգավիճակային հարցը։ Գիտեք, որ Բաքվի դատարանում ապօրինի քրեական գործեր են հարուցվել, որոնք որևէ մի իրավական հիմք չունեն։ Եվ այդ ամենը միջազգային մի քանի փաստաթղթերում արտացոլված է։ Գիտեք նաև, որ զուգահեռ ՄԱԿ-ի քրեական դատարանում գործընթաց ունենք և այդտեղ որոշակիորեն փոքր, համեստ ներդրումներով փորձում ենք այս հարցին լուծում տալ։

Գերիների վերադարձի հարցով պետք է ասեմ, որ գործընթացը շարունակական է։ Մենք մի կարևոր ձեռքբերում ունեցանք, երբ դատավարության ընթացքում գերիները որոշակի քրեական հոդվածներով դատապարտվել էին և հարազատների մոտ մտածմունք կար, որ իրենք այլևս չեն վերադառնա։ Վերջին հինգ վերադարձածները, որոնք Շիրակի մարզից էին, ապացուցեցին, որ այդ դատավարությունն իրականում բեմադրություն է և դատապարտված լինելով անգամ՝ իրենք վերադարձել են հայրենիք»։

Նորանշանակ մարզպետն ասաց, որ լիահույս է՝ իր պաշտոնավարման ընթացքում այս հարցը կլուծվի։ Նա նշեց նաև, որ չի եղել գեթ մեկ վերադարձած գերի, որին չդիմավորի, կուղեկցի բժշկական հետազոտության, հարազատների հետ հանդիպումը չկազմակերպի։

«Ես որոշակի պարտավորվածություն ունեմ՝ անկախ պաշտոնից, որ ոլորտում էլ լինեմ», -եզրափակեց Նազելի Բաղդասարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930