Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» որևէ երկրի համար վտանգ չի ներկայացնելու:
«Այդ տրանսպորտային երթուղին սպառնալիք չի պարունակում որևէ երկրի համար»,- ասել է Աքարը Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ տարածաշրջանային զարգացման գործում լավագույն ներդրումը կլիներ հենց տարածաշրջանի երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի գործակցությունը:
Աքարը նշել է, որ Երևանը պետք է օգտվի այս «պատմական հնարավորությունից» և պատասխանի «Բաքվից հնչող խաղաղության կոչերին»: «Երկու ժողովուրդները պետք է երկխոսություն վարեն այդ հարցով: Պետք է աջակցել այդ գործընթացին, չխոչընդոտել դրան»,- ասել է Աքարը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ գործակցությունը կհանգեցնի բարօրության աճի, և այդ գործընթացը չի սահմանափակվի Ադրբեջանով. դրական ազդեցությունն իրենց վրա կգան տարածաշրջանի բոլոր երկրները:
«Մենք ուզում ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մեկնած ձեռքը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով Հայաստանի կողմից գնահատվի որպես հնարավորություն, և որ այդ հնարավորությունն իրագործվի»,- ասել է նա:
Աքարի խոսքով՝ Թուրքիայի զինված ուժերը «նոն-ստոպ» ռեժիմով համատեղ աշխատանք են տանում ադրբեջանցի զինծառայողների հետ՝ չեզոքացնելու համար ցանկացած սպառնալիք, այդ թվում՝ ականազերծման աշխատանքներում:
Անդրադառնալով ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնին՝ Աքարը նշել է, որ ջանքեր են ներդրվում, որպեսզի կենտրոնը գործի առաջադրված խնդիրների շրջանակում:
«Մեր նպատակն է ապահովել կրակի դադարեցման մշտական ռեժիմ և կայունություն տարածաշրջանում: Այս հարցում մենք ցուցաբերել են լուրջ, անկեղծ և բարեկամական տրամադրվածություն»,- ասել է նախարարը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ