Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գիտակցենք մեր ազգի էությունն ու դրա նշանակությունը այլազգիների շարքում. Մատենադարանում կայացավ «Ազգային ինքնություն և ընտրանի» թեմայով համաժողովը

Նոյեմբեր 09,2021 15:58

Նոյեմբերի 6-ին Մատենադարանում կայացավ «Ազգային ինքնություն և ընտրանի» թեմայով համաժողովը։

«Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 6-ին նախաձեռնել էր «Ազգային ինքնությունը և ընտրանի» համաժողովը, որի նպատակն էր ձևավորել ազգային ակադեմիական այնպիսի համայնք, որը հանդես կբերի մի շարք կարևոր օրակարգեր, ինչպիսիք են պետականության պահպանումն ու դրա ամրապնդումը։

Համաժողովը բաղկացած էր պլենար 3 նիստերից։ Առաջին նիստում քննարկվեց հայկական ազգային ինքնության ձևավորման պատմական գործընթացը, հայ ինքնության հիմնասյուները և դրանց փոխակերպումը, ինչպես նաև գլոբալացման ազդեցությունն ազգային դիմագծի վերափոխման վրա։

Պլենար նիստի բանախոսներն էին Հայ Առաքելական սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպս. Գալստանյանը, «Ցեղասպանության թանգարան ինստիտուտի» նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը, ԵՊՀ դասախոսներ՝ պատմաբան Սմբատ Հովհաննիսյանը և փիլիսոփա Արմեն Սարգսյանը։

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր ելույթում մասնավորապես նշեց․
«Ամենակարևորն այս կյանքում պատմական հիշողությունն է։ Այսօր մեր պետության անվտանգությունը վտանգված է, Արցախի ու ցեղասպանության հարցը ոչ թե մեր ազգային խնդիրն է, այլ՝ ազգի բաղադրիչն է։ Մենք այստեղ ենք միասնականության օրակարգ հաստատելու՝ խնդիրներին լուծում գտնելու համար»։

Պատմաբան Հայկ Դեմոյանն իր բանախոսության ընթացքում ասաց. «Այս համաժողովը միավորել է ակադեմիական մարդկանց և բոլորին համախմբել մի գաղափարի շուրջ, որին ես ինքս փորձում եմ իմ մասնակցությամբ նպաստել։ Եվ երկրորդ նպատակն այն է հասկանալ, թե արդյո՞ք կան ուժեր, անհատներ ու կազմակերպություններ, որոնք պատրաստ են դրոշակակրի դեր ստանձնել։ Ակնհայտ է, որ որևէ մեկը չունի այդ ներուժը, լինի քաղաքական կուսակցություն կամ կազմակերպություն, որը կարող է մոբիլիզացնել ուժերն ու առճակատման գնալ ազգայինի ձևավորման ընդդիմադիրների հետ։ Ես՝ որպես պատմաբան, կարծում եմ, որ դա բնական է, որ պահի տակ շոկային իրավիճակից հետո սկսվելու է համախմբման դանդաղ փուլն ու շոկային այդ իրավիճակում բոլորը հասկանալու են, թե ինչպիսի ողբերգություն ու ճգնաժամ է մեզ պատել։ Այս տեսանկյունից հակառակ ընթացքը շատ բնական է։ Հիմա մենք փորձում ենք դուրս գալ ճգնաժամից»։

Բանախոսության երկրորդ մասում քննարկվեց Հայաստանի ընտրանու դերակատարումն ինքնության ճգնաժամի հաղթահարման գործում։ Պլենար երկրորդ նիստի խոսնակներն էին քաղաքագետ Խաչիկ Գալստյանը, սոցիոլոգներ Հովհաննես Գրիգորյանը և Արթուր Աթանեսյանը, իրավագետ Տարոն Սիմոնյանը։ Նիստը վարում էր «Մարդկային զարգացման միջազգային» կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։

Խաչիկ Գալստյանն իր խոսքում նշեց. «Մեր ժողովուրդը իսկապես մոլորված վիճակում է գտնվում և անորոշությունների շրջապտույտից դուրս գալու համար մեզ պետք է հստակ ազգային օրակարգ, ազգային նկարագիր ունեցող էլիտա, որը կմատնանշի այն ուղիները, որոնցով մեր պետությունը կզարգանա։ Կարծում եմ՝ մենք կկարողանանք քննարկվող թեմաների բովանդակության շուրջ ձևավորել այն ճանապարհային քարտեզը, որը մեզ այս փակուղուց դուրս կբերի» – եզրափակեց նա։

Իսկ Տարոն Սիմոնյանն իր խոսքում անդրադարձավ ընտրանու ձևավորման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծմանը՝ մասնավորապես նշելով. «Եթե մենք խոսում ենք քաղաքական, մշակութային և տնտեսական էլիտաների մասին, ապա այս էլիտաներն իրենք պետք է հասկանան, թե ի՞նչ միջավայրում են ապրում, և ո՞րն է այդ միջավայրի առաքելությունը։ Եթե մենք հայկական միջավայրում ենք ապրում, ապա ազգային առաքելության իմաստը ո՞րն է, ինքնությունն ինչպե՞ս է դրսևորվում, կոպիտ ասած՝ գիտակցենք մեր ազգի էությունն ու դրա նշանակությունը այլազգիների շարքում։ Եթե էլիտան սա գիտակցում է, բնականաբար, մեր ազգն այլ ազգերի հետ մրցակցության բնագավառում առաջընթաց կունենա։ Այդ ազգն ավելի արդյունավետ ու բարձր մակարդակի վրա կգտնվի ու հաջողությունը միանշանակորեն ապահովված կլինի։ Եթե չէ, բնականաբար, չենք կարող դրա մասին խոսել և զուտ իրադարձությունների վրա կենտրոնանալը՝ չհասկանալով, թե որտեղից ենք գալիս և ուր ենք գնում, կործանարար է։ Ազգին առաջնորդողն ընտրանիներն են՝ սկսած մշակութային ընտրանուց, վերջացրած՝ քաղաքական ընտրանիով։ Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեն ժողովրդից։ Մեծ հաշվով ակնկալիքները միայն հանգում են նրան, որ կարողանանք ինքներս՝ որպես մտավորական շերտի ներկայացուցիչներ հասկանալ, թե ինչն է այսօրվա հիմնական խնդիրը, կամ թե ինչպես կարելի է (կամ պետք է) աշխատել հասարակության և որոշակի խավի մարդկանց հետ, որ նրանք հասկանան, թե ինչն է ազգային ինքնությունը, ինչպես պետք է աշխատել ազգային ինքնությունը գիտակցելու հասունացման հետ։ Վերհանենք այն հիմնական խնդիրները, որոնց լուծման կարիքը կա, այսինքն՝ կարողանանք ախտորոշել մեր այսօրվա իրավիճակը»-եզրափակեց նա։

Թևան Պողոսյանն անդրադարձավ պետականության պահպանման հրամայականին՝ նշելով. «Պետք է կարողանանք պայքարել կայուն պետականություն ունենալու համար։ Այսօր մենք ունենք բազում մարտահրավերներ, և մենք չենք կարող հասնել հաջողության, եթե խնդիր ունենք հասունանալու։ Ամենակարևոր հանգամանքն այն է, որ ճանաչենք ինքներս մեզ ու նոր վերադառնանաք մեր խնդիրներին։ Իսկապես ինքնաճանաչողության խնդիր ունենք։ Պետք է ունենանք ազգայի երազանք, քանի որ պետականություն ունենալն ազգային մտածողություն է»-նշեց նա։

Համաժողովի երրորդ պլենար նիստի քննարկման թեման կրթությանը, մշակույթն ու ընտանիքն էր, Եկեղեցու դերն ազգային դիմագիծ ձևավորելու գործում։  Բանախոսներն էին ՀՀ վաստակավոր արտիստ, «Արար» ծրագրի հիմնադիր Արսեն Գրիգորյանը, «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, Ռուբեն Վրդ. Զարգարյանը, գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը։

Կրթական ոլորտի կառավարիչ Արամ Փախչանյանը շեշտեց․ «Բոլոր պարտություններից հետո բոլոր երկրներում հասունանում է ազգային ոգին, մարդիկ գիտակցում են միասնական լինելու կարևորությունը ու սովորաբար բախվում են խնդիրների, քանի որ միասնականության պակասի դրսևորում է լինում, իսկ պարտությունները բերում են ազգի միավորման, զարգացման, ազգային արժեքների վերահաստատմանը։ Կարծում եմ , որ մենք պետք է մեր նախկին սխալներից դաս քաղենք և կենտրոնանանք ոչ թե պառակտվելու ու իրարից տարբերվելու վրա, այլ համախմբվենք բոլոր ոլորտներում։ Համաժողովը հենց այդ ուղղությամբ կատարվող շատ կարևոր քայլ է, որպեսզի մենք բյուրեղացնենք այդ ամենը» – եզրափակեց նա։

ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ խնդիրները սկսվում են ընտանիքում, երբ երեխաները դաստիարակվում են եսակենտրոնության սկզբունքով՝ ապահովելու միայն սեփական բարեկեցությունն ապագայում, ինչը վերջին պլան է մղում պետության համար հոգածություն կրելու ցանկությունը։

«Ազգային ինքնություն և ընտրանի» թեմայով համաժողովը ամփոփեց «Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը, որը հայտարարեց նաև՝ հաջորդ համաժողովը հավանաբար կկայանա արդեն Արցախի Հանրապետությունում արդեն այս տարվա դեկտեմբերին։

ԳԱԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930