Դեկտեմբերի 7-ին Տաշքենդում մեկնարկող ծանրամարտի աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը ավարտել է 20-օրյա ուսումնամարզական հավաքը Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկ քաղաքում:
Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ-ին տեղեկացրել է, որ հավաքը ծառայել է նպատակին եւ բոլոր մարզիկները բարելավել են իրենց անձնական արդյունքները: Նա նաեւ նշել է, որ նախապատրաստությունը կշարունակվի Երեւանում եւ Աբովյանում, որից հետո միայն կմեկնեն մրցավայր: Նա վստահեցրել է, որ հավաքի ընթացքում ծանրորդները աչքի են ընկել աշխատասիրությամբ եւ հավաքականի թեկնածուները ցանկանում են աշխարհի առաջնությունում արժանապատիվ մասնակցություն ունենալ:
Ցավոք, հավաքականը նաեւ կորուստ ունի: Փաշիկ Ալավերդյանի խոսքով, այս ընթացքում չեն հասցրել բուժել էջմիածնեցի Կարեն Ավագյանի գոտկատեղի վնասվածքը, ինչի պատճառով Եվրոպայի երիտասարդների եւ մեծահասակների չեմպիոնի չի կարողանա մասնակցել աշխարհի առաջնությանը:
Ենթադրվում է, որ Հայաստանը Տաշքենդում կներկայացնեն ինը տղամարդ եւ մեկ կին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ