Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանիտների իզոտոպային ուսումնասիրությունները հնարավորություն կտան պարզաբանել Սևանա լճի «ծաղկման» բնական պատճառները. հայ գիտնականների բացահայտումը

Նոյեմբեր 09,2021 15:50

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատողների ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է Սևանա լճի ափամերձ և ստորգետնյա հատվածներում միկրոբիալիթների կամ սևանիտների առկայությունը: Գիտական աշխատանքները ղեկավարել է երկրաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը:

Միկրոբիալիթները կամ սևանիտները նստվածքային (կարբոնատային) գոյացություններ են, որոնք առաջացել են մի քանի հազար տարիների ընթացքում ցիանոբակտերիաների (կապտականաչ ջրիմուռների) գործունեության արդյունքում, ջրի որոշակի քիմիական կազմի և CO2 գազի առկայության պայմաններում:

Ցիանոբակտերիաները ամենահին օրգանիզմներ են (նրանց գործունեության արդյունքում մոտ 3.7 մլրդ. տարի առաջ ձևավորվել են Երկիր մոլորակի ամենահին նստվածքային ապարները՝ ստրոմատոլիթները), որոնք արտադրում են թթվածին՝ օգտագործելով CO2 գազը ֆոտոսինթեզի ժամանակ: CO2-ը կարևոր բաղադրիչ է ցիանոբակտերիաների աճի համար՝ ներառյալ արևի ճառագայթները, ջուրը և ֆոսֆորային ու ազոտական սննդանյութերը:

Սևանիտները տարածված են Սևանի ավազանի որոշ ափամերձ և խորջրյա (մինչև 30 մ) հատվածներում: Նախնական տվյալներով (U/Th իզոտոպային հասակագրում)՝ սևանիտները ձևավորվել են Արտանիշ թերակղզում՝  1.355 հազար տարի առաջ, երբ թերակղզին ջրային միջավայրում էր:

Սևանիտները հանդիսանում են բնական պահոցներ, իսկ դրանց իզոտոպային ուսումնասիրությունները հնարավորություն կտան պարզաբանել առաջացման ժամանակահատվածում պալեոմիջավայրի պայմանները, Սևանա լճի ցիանոբակտերիաներով ծաղկման բնական պատճառները, կառաջարկվեն միջոցառումներ այն չեզոքացնելու համար:

Ծրագրի նախնական ուսումնասիրություններն իրականացվել են բազային ֆինանսավորմամբ, ինչպես նաև հայ-ֆրանսիական Մոնտպելլիե համալսարանի Էվոլյուցիոն գիտությունների ինստիտուտի հետ  համագործակցությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտեի կողմից «Միկրոբիալիթները (սևանիտներ) որպես Սևանա լճի պալեոմիջավայրի պահոցներ» ծրագիրը երաշխավորվել է ֆինանսավորման, ինչը հնարավորություն կտա շարունակել ուսումնասիրությունները:

Այս ուսումնասիրությունը ներկայացվել է երկու գիտաժողովներում՝ Հայաստանում և Ֆրանսիայում: Եվս մեկ զեկույց 2021 թ-ի դեկտեմբերի 4-ին կներկայացվի Գերմանիայի Գրեյսֆալդի համալսարանում կազմակերպված աշխատաժողովում:

Ծրագրի իրականացմանը հիմնականում մասնակցում են երիտասարդ գիտնականները: ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտ Հ. Հովակիմյանը կուսումնասիրի Սևանա լճի նստվածքներում հոլոցենի դիատոմները՝ ավելի հին տեսակների հետ համեմատության համար: Ինստիտուտի գիտխորհուրդի կողմից հաստատվել է ծրագրի մասնակից Ա. Սուքիասյանի ասպիրանտական թեման՝«Սևանա լճի միկրոբիալիթների կազմը, կառուցվածքը և առաջացման երկրաքիմիական պայմանները»: Ծրագրի շրջանակներում մագիստրոսական աշխատանք կիրականացնի ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի երկրաբանության ամբիոնի երկրորդ կուրսի մագիստրոս Ք. Սահակյանը՝ «Սևանի ավազանի պալեոմիջավայրի վերականգնումը ըստ նստվածքներում պալինոմորֆների և երկրաքիմիական (XRF) անալիզի» թեմայով:

 ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930