Լրահոս
Օրվա լրահոսը

Նազելի Բաղդասարյանը՝ եղբորը Գյումրու փոխքաղաքապետ դարձնելու լուրերի մասին

Նոյեմբեր 09,2021 15:38

Այսօր լրագրողները Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե որքանո՞վ են իրական մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելու է նրա եղբայրը՝ Արման Բաղդասարյանը։

Նախքան Գյումրու ՏԻՄ ընտրությունների կայացումն էլ այս թեման ակտիվորեն շրջանառվում էր․ Արման Բաղդասարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ տեղն էր զբաղեցնում։

Նազելի Բաղդասարյանն ասաց․ «Լրատվական որոշակի կայքեր՝ ոչ անհայտ ձեռագրով, այդ հանգամանքը շահարկում էին, մասնավորապես իմ եղբոր հետ կապված, որը եղել է հեղափոխության ակունքներում և լրագրողներին գոնե թե հայտնի էր, թե ինչպիսի դերակատարություն է ունեցել Գյումրիում։

Այդ ժամանակահատվածում ես ձեզ նման մասնագիտական գործունեությամբ էի զբաղված։ Եվ տրամաբանական է, որ Գյումրիի ընտրություններում որպես ավագանու թեկնածու՝ Արման Բաղդասարյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ է, այս գաղափարներին հարող, պետք է մասնակցություն ունենար։ Բայց ինձ փոքրիշատե ճանաչող մարդը կհասկանար, որ ես ունեմ որոշակի սկզբունքներ, որոնք անհամատեղելի կարող են լինել այն ասեկոսեների հետ, որոնք արծարծվում էին։

Նախևառաջ` Արման Բաղդասարյանը, լինելով անհատ, ինքն է պատրաստակամություն հայտնել լինել այս գործընթացում, բայց որևէ կերպ հավակնություն չունենալով փոխքաղաքապետի պաշտոնին՝ ինչը շատ և շատ անգամներ շահարկվում էր։ Անգամ շահարկումներ կային խմբակցության ղեկավարի պաշտոնի մասով, չթաքցնեմ առաջարկություն եղել է, Արման Բաղդասարյանը հրաժարվել է։

Այնպես որ փոխքաղաքապետի անունը կապել իմ ընտանիքի անդամի հետ՝ դա այս պահին անտեղին և անհիմն է։ Միգուցե ընտրությունների այլ ելքի պարագայում, եթե ես չլինեի Շիրակի մարզպետ, ինչ-որ այլ քննարկումների տեղիք լիներ, բայց նախապես որևէ պայմանավորվածություն, բնականաբար չի եղել , սա մեկ կարևոր արձանագրում։

Երկրորդը․ ես կարծում եմ՝ տարածքային և տեղական մակարդակում ունենալ ղեկավար պաշտոններ, դա հստակ շահերի բախման կարող է բերել, որը էլի եմ ընդգծում, ինձ ճանաչողները գիտեն, որ ես նման մոտեցումներ չեմ ողջունի և նման քայլի չեմ գնա»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930