Ղարաբաղի շուրջ եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների շփումներ նախատեսված չեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այսօր որևէ շփումներ այդ հարցով ծրագրված չեն»,- ասել է Պեսկովը:
Նա հստակեցրել է, որ Մոսկվայի շփումները Բաքվի և Երևանի հետ անցկացվում են տարբեր մակարդակներով և բացառապես պարբերականության սկզբունքով:
«Ինչ վերաբերում է եռակողմ շփումներին, եթե որևէ պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք: Այս պահին որևէ հստակ ըմբռնում չկա»,- ասել է Պեսկովը:
Կարդացեք նաև
Նա հավելել է, որ մեկ տարի առաջ երեք երկրների առաջնորդների ստորագրած հայտարարությունը չափազանց կարևոր է Բաքվի ու Երևանի համար:
«Մեկ տարվա վաղեմության փաստաթղթերը գնահատում ենք որպես չափազանց կարևոր… և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար. փաստաթղթեր, որոնք հնարավորություն տվեցին դադարեցնել պատերազմը և դուրս գալ տարածաշրջանային տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ուղի: Դուք գիտեք, որ ռուս խաղաղապահները կատարում են իրենց գործառույթները՝ ապահովելով անվտանգություն, կրակի դադարեցման ռեժիմի մոնիթորինգ, փախստականների վերադարձի գործընթացը… Ուստի ստորագրված փաստաթղթերի նշանակությունը դժվար է թերագնահատել»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ