Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարզպետները գալիս-գնում են, իսկ լրագրողները մնում են»․ Շիրակի նորանշանակ մարզպետի աշխատանքային 1-ին օրը

Նոյեմբեր 09,2021 14:41

Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանն իր աշխատանքային առաջին օրը սկսեց «Շիրակ» գերեզմանատանը գտնվող «Պանթեոն» այցելելով, ուր հանգչում են արցախյան պատերազմի նահատակները։

Այնուհետ նա հանդիպեց լրագրողների հետ:

«Լրատվամիջոցների կարևորությունն ու դերը միշտ նշանակալից է։ Ձեզանից մեկն եմ եղել, հանգամանքների և իրողությունների բերումով հիմա էլ կարգավիճակ եմ զբաղեցնում, որը ոչ պակաս պատասխանատու է։ Հասկանալով, որ իրական և մնայուն իշխանությունը 4-րդ իշխանությունն է, ես գիտեմ, որ մարզպետները գալիս և գնում են, լրագրողները մնում են։

Ես լիահույս եմ, որ համագործակցությունը հետագայում արդյունավետ կլինի, պատրաստ եմ բաց, թափանցիկ աշխատանքի․ լրագրողների առաջ մարզպետարանի դռները միշտ բաց են։ Սա որպես նախաբան»։

Նազելի Բաղդասարյանն ասաց, որ իր համար շատ պատասխանատու է Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելը, ընդունելով վարչապետի առաջարկը՝ այս ծանր փուլում որոշել է վերադառնալ Շիրակի մարզ՝ գիտակցելով խնդիրների բազմազանությունը։

«Շատ դժվար է օրենսդիր մարմնից տեղափոխվել գործադիր մարմին, և եթե Աստծո կամոք հաջողեմ նաև այս ոլորտում, դա կլինի մարզի բոլոր բնակիչների հաջողությունը, որովհետև ինչ անելու ենք, անելու ենք մեր մարզի, մեր քաղաքի, մեր երկրի համար», -ասաց նորանշանակ մարզպետը։

Aravot.am-ի այն հարցին՝ եղե՞լ է որևէ պարտադրանք Շիրակի մարզ վերադառնալու, նորանշանակ մարզպետը պատասխանեց․ «Ազգային ժողովի պատգամավորը որևէ կերպ կաշկանդված չէ իր լիազորություններով և ի՞նչ պարտադրանքի մասին է խոսքը, երբ որ դու պարզապես պատասխանատվություն ես ստանձնում։

Ես կարծում եմ՝ նման խոսակցություններն անտեղի են, առաջարկություն եղել է, տևական ժամանակ մտածել եմ մինչ համաձայնություն տալը և կարծել եմ՝ պետք է պատվով շարունակեմ այն գործը, որը իմ գործընկերները սկսել են։ Պետք է հնարավորինս կառավարության իրականացրած ծրագրերը, նախանշած այն անելիքները, որոնք կապված են մարզի հետ, արդյունավետ կերպով ներկայացնեմ և նպաստեմ դրանց իրագործմանը»։

Նշենք, որ ՔՊ-ի իշխանավարման ընթացքում, այսինքն`3 տարվա մեջ 4-րդ մարզպետն է նշանակվում Շիրակում։

Այն դիտարկմանը, թե ՔՊ-ն այս առումով քննադատության թիրախում է հայտնվել, Նազելի Բաղդասարյանն այսպես արձագանքեց․ «Յուրաքանչյուր մարդ, ով մտնում է այս սենյակ, առաջին իսկ օրվանից պիտի գիտակցի, որ մի օր հեռանալու է։ Եվ աշխատանքի արդյունավետությունից կախված՝ կախված է, թե ինչ օգուտ կարող է տալ։

Որոշ պաշտոնավարումների դադարեցումներ պայմանավորված են եղել օբյեկտիվ հանգամանքներով, որոշներն էլ՝ սուբյեկտիվ, բայց եթե չեմ սխալվում՝ մարզպետի պաշտոնը զբաղեցրած մեր նախորդող գործընկերները բոլորն էլ այս պահի դրությամբ պետական պաշտոններ զբաղեցնում են, երկուսը փոխնախարար, մեկը՝ համալսարանի ղեկավար։ Այսինքն՝ սա խզում չէ, պարզապես որոշում կայացնողները գտել են, որ այդ մարդիկ իրենց կարողություններով պիտանի կլինեն այլ ոլորտներում, այս պահին ինձ է վստահվել Շիրակի մարզպետի պաշտոնը, հնարավորինս կփորձեմ արդարացնել սպասումները»։

Այն հարցին էլ, թե Նազելի Բաղդասարյանին գործուղել են Շիրակի մարզ՝ համայնքների խոշորացման նպատակով նշանակված ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի համար հաղթանակ ապահովելու, բանախոսը պատասխանեց․

«Ես չէի ուզենա այդ գործընթացները ուղիղ կապել, այո՛, Գյումրու ՏԻՄ ընտրության արդյունքները եղել են ազդակ․ և մենք որոշակի որոշումներ փոփոխել ենք թիմի ներսում։ Եվ ես չեմ թաքցնում, որ այս կադրային փոփոխությունը կապված է դրա հետ, բայց ինչ վերաբերում է առաջիկա ՏԻՄ ընտրություններին, եկեք ֆիքսենք, որ մարզպետը քաղաքական պաշտոն չէ, վարչական պաշտոն է, և ես շարունակելու եմ գործել և մնալ իմ լիազորությունների շրջանակում նախևառաջ իմ առաջ դնելով մեկ կարևոր հանգամանք՝ Շիրակի մարզի զարգացման ապահովում։

Բնականաբար, որպես քաղաքական թիմի անդամ ՝ ինձ համար շատ կարևոր է, որ մենք ունենանք տարբեր համայնքներում հաղթանակ, բայց կարծում եմ մենք՝ լրագրողներս, հասկանում ենք, որ մեկ ամիս ժամկետը շատ քիչ է գործոն դառնալու համար, իսկ մարզպետի պաշտոնում ես պարզապես իրականացնելու եմ ինձ վերապահված լիազորությունները։ Իսկ ՏԻՄ-ի հետ կապված աշխատանքներում կլինեն շտաբի պետեր , քարոզարշավի մեկնարկներ, տեղերում կաշխատեն։ Լիահույս եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը տարբեր համայնքներում կկարողանա հաղթանակ տանել , անկախ այն հանգամանքից՝ չեմ ուզում իմ գործառույթները կապել այդ գործընթացի հետ»։

Նազելի Բաղդասարյանն ասաց, որ հայեցողական պաշտոններում փոփոխություններ կլինեն, նա խոստացավ՝ այդ պաշտոններն առաջիկայում համալրել քաղաքին պիտանի և նվիրված մարդկանցով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930