Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքում անտիկ շրջանի բրոնզե զարդեր են հայտնաբերվել

Նոյեմբեր 09,2021 14:31

Հայաստանի Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի տարածքում գտնվող Քանագեղի հնավայրում (հուշարձանը թվագրվում է մ․թ․ա․ 15-14 – մ․թ․ա․ 7-6 դարերով) անցկացվող պեղումների ժամանակ դամբարաններից հայտնաբերվել են անտիկ ժամանակաշրջանի բրոնզե մատանիներ, ապարանջանի մաս, ուլունքներ։

Պեղումների ղեկավար, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն ասում է, որ տարիների ընթացքում ամենայն հավանականությամբ դամբարանախցից զգալի քանակությամբ պերճանքի առարկաներ և զարդեր են տարվել։

«Դամբարանի վերգետնյա մասը վնասված է, փորձել էին սալերը շարժել, բայց հավանաբար ծանրության պատճառով չեն կարողացել։ Փորձել էին նաև մտնել դամբարանախցի մեջ։ Գանձախույզները մասամբ ավիրել են մի քանի դամբարաններ՝ թշնամաբար վերաբերվելով մեր նախնիների պատմամշակութային ժառանգությանը», – ասում է Փիլիպոսյանը։

Նրա խոսքով՝ ավելորդ հողակույտը հեռացնելուց հետո պարզ է դարձել, որ դամբարանը շուրջ 14 մետր տրամագծով կրոմլեխ ունի (բրոնզեդարյան կառույցի տեսակ)։ Պեղումների ղեկավարի կարծիքով՝ հավանաբար դամբարանախցի մեջ անտիկ դարաշրջանում նորից թաղում են արել ու հանգուցյալի հետ խեցեղեն տեղադրել։ Թաղումը եղել է խմբային․ դամբարանի տերը պառկած էր առանձին՝ մեջքի վրա և կծկված ոտքերով, իսկ ոտքերի մոտ կար 7-8 մարդկային կմախք։

«Միանշանակ խմբային թաղում է եղել, ինչը վկայում է Սևանի ավազանում ժամանակին կատարված զոհաբերությունների մասին», – նշում է պեղումների ղեկավարը։

Նախորդ տարիներին Քանագեղից հայտնաբերված գտածոները պահվում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆոնդում։ Այս պեղումներից գտնված հնագիտական նյութը նույնպես կհանձնվի «Էրեբունի» թանգարանին։ Հնամարդաբանական նյութը կուսումնասիրի արշավախմբի անդամ, ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։ Պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի։
Քանագեղի հնավայրի պեղումների արշավախմբի ղեկավարն է Աշոտ Փիլիպոսյանը, արշավախմբի կազմում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Հասմիկ Սիմոնյանը, Տիգրան Զաքյանը, Լուսինե Ալեքսանյանը, Հայաստանի պատմության թանգարանի ու Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանը։ Պեղումների ընթացքին պարբերաբար ծանոթացել է ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանը։

Պեղումները կատարվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի՝ ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ։

Նշենք, որ 1980-ական թվականներին հուշարձանում պեղումներ է կատարել անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը, 1998-2004-ին հնավայրում աշխատել է Աշոտ Փիլիպոսյանը։

«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ
ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930