ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստին ներկա էր նաեւ ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, 2020թ․-ի պատերազմի ընթացքում «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում» ՀՀ ՊՆ ներկայացուցիչ հանդիսացած Արծրուն Հովհաննիսյանը։
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ նա հանձնաժողովում աշխատելու է որպես փորձագետ․ «Նա սիրով ընդունել է առաջարկը։ Նա մեզ օգնելու է շատ-շատ հարցերում, որովհետեւ նա ոչ միայն դասավանդել է, այլ կյանքի փորձ անցել՝ զինված ուժերի ակունքներից սկսած։ Ամեն մեկը, ով ներդրում է ունեցել եւ ձեռք մեկնել, հանձնաժողովի կողմից պետք է գնահատված լինի՝ անկախ նրանից, թե ինչ շահարկումներ կան։ Շահարկումները եւ «ֆեյքերը» մի օր պետք է վերանան մեր կյանքից, եւ իրական մարդն իր գիտելիքները ծառայեցնի երկրին։ Քննիչ հանձնաժողովի ձեւավորումը մոտենում է ավարտին, եւ մենք մեծ աշխատանք ունենք անելու։ Սա նաեւ ընդդիմադիր գործընկերները պետք է գիտակցեն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ