ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում 11-րդ անգամ պետք է քննարկվեր հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» դաշինքից առաջադրված Արթուր Ղազինյանի թեկնածության հարցը։ Խմբակցության պատգամավոր եւ հանձնաժողովի անդամ հանդիսացող պատգամավորներից Գեղամ Նազարյանն էր միայն նիստին ներկա։
Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ներկաներին տեղեկացրեց, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը գրավոր տեսքով կրկին առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը․ «Սեյրան Օհանյանը բացակայում է։ Ընդդիմադիր գործընկերներից Տիգրան Աբրահամյանը տեղեկացրել է, որ բացակայելու է։ Իսկ պարոն Ղազինյա՞նը»։ Գեղամ Նազարյանը պատասխանեց, որ տեղյակ չէ։
Անդրանիկ Քոչարյանը նշեց՝ ակնկալում էր, որ Սեյրան Օհանյանը ներկա կլինի եւ 11-րդ անգամ կներկայացնի Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որպեսզի հարցեր հնչեն։ «Ճիշտ է, հանրահավաքների ժամանակ եւ ԶԼՄ-ների հետ զրույցներում նա կարող է տեսակետներ ասել, բայց հանձնաժողովի նիստը պարտադիր պահանջ ունի։ Երեկ վտանգավոր թեզ լսեցի բարիկադներ կազմելու մասին»,-նկատի ունենալով «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի՝ երեկվա հանրահավաքում բարիկադներ կազմելու եւ ժողովրդին առաջնորդելու մասին հայտարարությունը՝ ասաց Անդրանիկ Քոչարյանը եւ շարունակեց,-«ընտրություններից հետո բարիկադներ չկան։ Կան քաղաքական օրակարգերի քննարկման պետական հարթակներ, որոնցից մեկն այս հանձնաժողովի նիստն է։ Եթե Սեյրան Օհանյանն այստեղ լիներ, կհասկանայի՝ ջոկեր կազմե՞լ են․․․բայց քանի որ նա չկա, հարցեր չենք կարող տալ»։
«Հայաստան» դաշինքից Գեղամ Նազարյանն այսպես պարզաբանեց․ «Պարզ է, որ իրական բարիկադների մասին չէ խոսքը, այլ համեմատություն էր դա։ Կոչ եմ անում չմոռանալ, որ այսօր նոյեմբերի 9-ն է։ Զուսպ լինենք մեր հայտարարություններում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ