Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հորեղբորս ադրբեջանցի ընկերը նրան հրավիրել է գառ ուտելու, վերջում՝ կացնահարել»․ Թագուհի Թովմասյանը՝ ադրբեջանցու հետ խաղաղ գոյակցելու մասին

Նոյեմբեր 09,2021 12:46

«Որքան շատ ենք խոսում խաղաղությունից եւ խաղաղասիրությունից, այդքան շատ ենք պատասխան ագրեսիա ստանում։ Չեմ հիշում դեպք, որ մեր մեկնած խաղաղության ձեռքն ադեկվատ ընդունվի։ Փաստենք, որ խաղաղապահների առկայության պայմաններում, նրանց ներկայությամբ հայ երիտասարդ է սպանվում, մյուսներն էլ վիրավորվում են»,- խորհրդարանում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Շուշիի տակ» կոչվող հատվածում ադրբեջանցի զինծառայողի կողմից մեկ հայի սպանության եւ երեքի վիրավորման դեպքին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Նրա խոսքով՝ քաղաքակիրթ մարդկությունը լուռ նայում է, թե ինչպես է Ադրբեջանը հրավառությամբ տոնում իր մարդասպանության եւ մեր հայրենազրկման մեկ տարին․ «Մենք մենակ ենք մնացել։ Քաղաքակիրթ մարդկությունը պետք է դատապարտի Ադրբեջանի ցանկացած նման գործողություն։ Առաջինը ՀՀ-ն պետք է դատապարտի։ Եթե մենք չենք անում, էլ ի՞նչ ենք ուզում աշխարհից։ Խաղաղապահները կանգնած են, բայց Ադրբեջանը հայ է սպանում, ընդ որում՝ քաղաքացիական անձի, որը գործ էր անում։ Ի՞նչ է անում ռուսական կողմը։ Սա ապտակ է նաեւ ռուսական կողմին։ Մենք պետք է պահանջատեր լինենք։ Ադրբեջանը նման գործողություններով հայերին մատաղ է անում իր հաղթանակին, ուստի աշխարհը պետք է արձագանքի»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր դատապարտել էր նշյալ միջադեպը։ Թագուհի Թովմասյանը շեշտեց, որ դատապարտելը բավարար չէ․ «Այն ինքնաբուխ պետք է լինի, ոչ թե հարցուպատասխանի ձեւաչափով։ Դատապարտման տեքստերը պետք է ուղարկվեն միջազգային կառույցներին»։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի համոզմունքին, որ պատերազմի հարցերով ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը հրավիրյալների մեծ ցանկ է ունենալու, Թովմասյանը պնդեց, որ ենթադրյալ հանցագործը չի կարող իր հանցագործության մասին վարկած քննել․ «Նկատի ունեմ գործող իշխանությանը։ Հանձնաժողովը չի կարող օբյեկտիվ լինել։ Ներգրավվելու են մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ պաշտոններ են ունեցել։ Կանեն ամեն ինչ, որ մեղադրանք չհնչի, որ օբյեկտիվ քննություն չլինի։ Ընդդիմությունն ի սկզբանե պետք է հայտարարի, որ չի ընդունելու հանձնաժողովի արդյունքները»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ադրբեջանցիների հետ խաղաղ գոյակցություն պատկերացնո՞ւմ եք։ Պատգամավորը պատասխանեց․ «Կդժվարանամ ասել, որ հնարավոր է։ Օրինակով պատասխանեմ։ Երբ փոքր էր, ԽՍՀՄ տարիներին Վարդենիսում ադրբեջանցիների հետ խաղաղ գոյակցություն էր։ Հորեղբայրս եւս շփվել, ընկերություն է արել ադրբեջանցու հետ։ Մի օր ադրբեջանցի ընկերը, որը հորեղբորս պարտք է եղել, նրան հրավիրել է գառ ուտելու։ Գնացել են սարերում գառ ուտելու, եւ վերջում նա հորեղբորս կացնահարել է։ Այսինքն, նրանք թիկունքից խփող, կացնահարող տեսակն են, սաֆարովներ ծնող տեսակն են, եւ այսօր էլ դպրոցից ատելություն են քարոզում հայերի հանդեպ։ Չեմ պատկերացնում խաղաղ գոյակցություն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930