ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ՝ խորհրդարանի նիստերի դահլիճին կից սրահում այսօր բացվեց Բաքվի հայ ճարտարապետների գործերի ցուցադրությունը․ առանցքում այն շենքերի նախագծերի ցուցադրություններն են, որոնց գոյությամբ Բաքուն վերածվեց Անդրկովկասի խոշոր վարչական եւ արդյունաբերական կենտրոնի:
Ցուցադրված են առավելապես շուշեցի ճարտարապետների՝ Բաքվում կառուցած շենք-շինությունները, որոնց շնորհիվ գավառական Բաքուն դարձավ քաղաք։
Կարդացեք նաև
Հայկական հետքը Բաքվում չեն վերացրել․ շենքերը, թեեւ այլ նշանակությամբ, բայց գործում են մինչեւ այսօր։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հիշեցրեց զուգահեռ իրականությունը, որում Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը․ «Այս ցուցահանդեսը եւս Բաքուն քաղաքականացնում է։ Սրանով մենք ուղերձ ենք հղում, թե ով ենք մենք որպես ժողովուրդ, եւ ովքեր են ադրբեջանցիները, որոնք շարունակում են պատերազմից հետո ոչնչացնել մեր պատմամշակութային կոթողները»։ Այն, որ Ադրբեջանի ներկայիս մայրաքաղաք Բաքուն մեծամասամբ կառուցել են հայ վարպետները, փաստվում է Էդմոնդ Տիգրանյանի «Անդրկովկասի հայ ճարտարապետները» աշխատությամբ։ Որպես օրինակ ցուցադրված է հասարակական հավաքների ամառային ակումբը, որն այսօր որպես ֆիլհարմոնիայի շենք է ծառայում, Թիֆլիսի բանկի Բաքվի մասնաճյուղը, որը հետո դարձավ «Մանկական խանութ» հանրախանութ։ Բաքվի շատ հայտնի շենքերի հեղինակ է Վարդան Սարգիսով-Սարգսյանը։ Բաքվի նախկին գլխավոր ճարտարապետն էր Նիկողայոս Բաեւը, որը շինարարության նոր տեխնոլոգիաներ էր ներդրել, նպաստել ճարտարապետական դպրոցի կայացմանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ