Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միջազգային իրավունքի նորմերն արգելում են ճանաչել ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման արդյունք հանդիսացող ցանկացած տարածքային նվաճում. Արցախի ԱԳՆ

Նոյեմբեր 09,2021 10:22

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

Մեկ տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ակտիվ ջանքերի շնորհիվ ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունը։ Այն թույլ է տվել վերջ դնել Թուրքիայի, միջազգային վարձկանների և Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ուղղակի ռազմական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա զինված ագրեսիային, ինչպես նաև հիմք է հանդիսացել Արցախի տարածք Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մուտքի համար՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության պահպանման նպատակով։ Եռակողմ հայտարարությունը կարևոր նշանակություն ունի Արցախի Հանրապետության հետպատերազմյան վերականգնման համար պայմանների ապահովման տեսանկյունից։

44-oրյա ավերիչ ագրեսիայի արդյունքում Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքների զգալի մասը, այդ թվում՝ պատմամշակութային կենտրոն Շուշի քաղաքը։ Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների դիտավորյալ թիրախավորում, ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց խոշտանգումներ և արտադատական սպանություններ, էթնիկ զտումներ, պատմամշակութային հուշարձանների և եկեղեցիների դիտավորյալ ավերում և ոչ ընտրողական բնույթի զենքի կիրառմամբ բնակավայրերի թիրախավորում, ինչն արգելված է միջազգային իրավունքով։

Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը չդադարեցրեց միջազգայնորեն ապօրինի գործողությունները, մասնավորապես, շարունակեց ագրեսիվ, հարձակողական գործողությունները, զինվորականների և քաղաքացիական անձանց գերեվարումը, դիտավորյալ սպանությունների իրականացումը, եկեղեցիների և, ընդհանրապես, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն օկուպացված տարածքներում։

Այդ կապակցությամբ անհրաժեշտ է ընդգծել, որ Ադրբեջանի կողմից ռազմական ուժի ապօրինի կիրառման, սեփական միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտման, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի համակարգված և զանգվածային ոտնահարումների հետևանքով ստեղծված իրավիճակը չի կարող հիմք հանդիսանալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։

Հայտնի է, որ միջազգային իրավունքի նորմերն արգելում են ճանաչել ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման արդյունք հանդիսացող ցանկացած տարածքային նվաճում։ Ավելին, ուժի կիրառումը չի կարող չեղարկել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ և այլ հիմնարար միջազգային փաստաթղթերում։

Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն ու Արցախի ժողովրդի կամքն անփոփոխ են։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության հաստատման անկյունաքարը Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն է և այն տարածքների դեօկուպացիան, որոնց վրա արցախահայությունն ինքնորոշվել է, ստեղծել անկախ պետականություն և զարգացրել այն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930