Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց Արցախի խնդրի, միջանցքի եւ խաղաղության թեմաներով: Ասաց․ «Մենք ինքներս ենք խաղաղության առաջարկ արել եւ դա արել ենք մի քանի անգամ… Մենք ընդհանրապես խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգ ենք որդեգրել: Այդ դարաշրջանը բացելու մանդատ ենք ստացել մեր ժողովրդից արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Նաեւ դա արձանագրել ենք կառավարության ծրագրում։ Միջնորդներին հրապարակային արձագանքել ենք, որ, այո, մենք պատրաստ ենք խաղաղ բանակցությունների»:
Իհարկե` խաղաղությունը լավ բան է, եւ վատ չէ, որ հենց մենք` հայերս անեինք այդ խաղաղության առաջարկը: Բայց ինչո՞ւ 2021 թվականին` այս սոսկալի պարտությունից ու նվաստացումից հետո, այլ ոչ թե հաղթողի դիրքերից` 2018-19 թվականներին: Իսկ 2019 թվականին բոլորովին այլ տեքստեր էին հնչում իշխանության առաջին դեմքերի շուրթերից: Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչպես էր 2019թ. մարտի 29-ին Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասում, որ ինքը «վերաձեւակերպել է» ձեւաչափը. «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: Եվ բացատրում էր. «Մենք անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք եւ ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»։
Իսկ երբ լրագրողները Նիկոլ Փաշինյանին հարցնում էին` «այդ հայտարարությունը համաձայնեցվա՞ծ էր Ձեզ հետ», նա 2019-ի ապրիլի 2-ին ասում էր. «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման եւ ենթակայության ներքո… եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից»։ Իսկ հիմա խոսում է խաղաղության դարաշրջան բացելուց:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթի խմբագրականը