ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունը
8 նոյեմբերի 2021թ․
Այս շաբաթ Միացյալ Նահանգների և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև տեղի ունեցած 44-օրյա թեժ ռազմական գործողությունների ավարտը ազդարարած հրադադարի մասին հայտարարության ստորագրման մեկ տարի։ Մենք խորապես ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում անցած տարվա ռազմական գործողությունների զոհերի ու վիրավորների ընտանիքներին։
Մենք կոչ ենք անում վերադարձնել բոլոր պահվող անձանց, լիարժեք հաշվետու լինել անհետ կորածների համար, ապահովել տեղահանվածների կամավոր վերադարձն իրենց տներ, իրականացնել ընդգրկուն հումանիտար ականազերծում հակամարտության ազդակիր տարածքներում և կարիքավորների հետ աշխատելու հասանելիություն ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար։
Կարդացեք նաև
Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգ, կայուն, բարեկեցիկ ու խաղաղ ապագա կերտելուն աջակցելու իր հանձնառությանը։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնն այս օրերին տարածաշրջանում է՝ բոլոր երեք երկրների հետ քննության առնելու մեր երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր և դիտարկելու տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Մենք Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ այդ հակամարտությունից բխող դեռևս չլուծված հարցերին համապարփակ լուծումներ գտնելու ուղղությամբ շարունակել ու առավել մեծացնել ջանքերի գործադրումը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն