Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը խանգարում է

Նոյեմբեր 09,2021 10:00

Եթե ինձ հարցնեք, թե ով է այն անձը, որն իր գործունեությամբ ամրապնդում է, հարատեւ է դարձնում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ապա իմ պատասխանը միանշանակ կլինի՝ Ռոբերտ Քոչարյանը: Խոսքը դավադրության կամ ինչ-որ պայմանավորվածության մասին չէ, կարծում եմ, երկրորդ նախագահն անկեղծորեն ցանկանում է գահընկեց անել ներկայիս վարչապետին եւ վերադառնալ իշխանության: Բայց, լինելով խորհրդարանում ամենախոշոր ընդդիմադիր խմբակցության փաստացի առաջնորդ եւ փողոցային բողոքի ամենամարդաշատ ցույցերի կազմակերպիչ, Քոչարյանն օբյեկտիվորեն նպաստում է ներկայիս իշխանության երկարաձգմանը:

1/ Որքան էլ քաղաքացիները դժգոհ ու հիասթափված լինեն Փաշինյանի իշխանությունից, որքան էլ համարեն, որ հենց ներկայիս վարչախումբն է աղետալի պարտության մեղավորը, միեւնույն է, մարդկանց մեծ մասը պատրաստ չէ կանգնել Ռոբերտ Քոչարյանի կողքին՝ ինչ-որ գործողություններ ձեռնարկելու համար: Ինձ, օրինակ, ոչ մի ուժ չի ստիպի քաղաքացու կարգավիճակով մասնակցել երկրորդ նախագահի կազմակերպած հանրահավաքին: Քոչարյանը շատերի կողմից չի ընկալվում որպես քաղաքական գործիչ, առավել եւս՝ փողոցային պայքարի առաջնորդ: Պալատներում, ապարատային խարդավանքներում նա, այո, ուժեղ է, գուցե՝ անգերազանցելի, բայց հրապարակում, ամբիոնից, «բարիկադների վրա» նրա խոսքն անկեղծ չի հնչում: Եվ հիշեցնեմ, որ 2021 թվականին քաղաքացիների մեծամասնությունը ձայն տվեց «ՔՊ»-ին՝ «որպեսզի նախկինները չվերադառնան»:

2/ Ընդդիմության այն մասը, որը ղեկավարում է Ռոբերտ Քոչարյանը, չի առաջարկում որեւէ իրական այլընտրանք իշխանության ներկայիս արտաքին քաղաքական կուրսին: «Հայաստան» դաշինքի ոչ մի ներկայացուցիչ չի ասում՝ «ճղենք, դեն գցենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի թուղթը», «հրաժարվենք սահմանագծման կամ սահմանազատման բանակցություններից», «դեմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը» կամ որեւէ այլ նման բան: Ըստ էության, ասվում է՝ «մենք կվարենք նույն տիպի բանակցություններ, միայն թե դա կանենք ավելի լավ, քանի որ պարտված իշխանության հետ խոսում են վերեւից ներքեւ, իսկ մեզ հետ կխոսեն՝ հավասարը հավասարի պես»: Չէի ասի, որ այդ դատողությունն ամբողջությամբ անիմաստ է՝ դա գործընթացին որոշակի երանգ է տալիս, բայց, կարծում եմ, չի փոխում դրա բովանդակությունը: «Դավաճան», «կապիտուլյանտ», «հողատու» բառերը զուրկ են քաղաքական բովանդակությունից: Իսկ թե ինչ է նշանակում՝ «դիմակայենք թրքացմանը», ես ընդհանրապես չեմ հասկանում:

3/ Քոչարյանի կազմակերպած հանրահավաքները առիթ են տալիս Փաշինյանին զեկուցելու իր հովանավորին՝ Պուտինին. «Ահա, տեսեք, ռեւանշիստները հավաքվել են՝ նրանք պատերազմ են ուզում, նրանք ուզում են բանակցությունները տապալել: Միակ մարդը, որը կարող է այդ ամենը կանխել, ես եմ»: Եվ Պուտինը, որն այդ հարցերում մշտական կապի մեջ է Էրդողանի եւ Ալիեւի հետ, իհարկե, ամեն ինչ կանի, որ Փաշինյանը մնա, մինչեւ որ իրենց համաձայնեցված ծրագրերն իրականացվեն:

…«Հայաստան» դաշինքում կան լավ պատրաստված, հետաքրքիր գաղափարներ ունեցող գործիչներ: Քոչարյանը նրանց խանգարում է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ա. Դ. says:

    Իրակնությունն այն է, որ որևէ այլ գործչի հանրահավաքին այդքան մարդ չի հավաքվում: Այլ լիդեր իրականում չկա: Հայաստան դաշինքի գործիչները առանց Քոչարյանի այսօր ԱԺ չէին լինի:

  2. Ա.Դ. says:

    Ավելացնեմ, որ ես նույնպես Սեյրան Օհանյանին պոտենցիալ առաջնորդ եմ տեսնում և միանշանակ կվստահեմ նրան

  3. Հ.Շ. says:

    Շարունակենք նոյն բաները կրկնե՜լ ու կրկնել… կլոր-կլոր վազենք, նոյն տեղը

    Հարիւրերորդ անգամ ըլլալով, ես, որպէս Քոչարյանը նկատմամբ յարգանք ունեցող անձ, բնաւ խնդիր պիտի չունենայի որ ոչ միայն հիմա, ոչ միայն վերջին ընտրութիւններուն, այլ հենց այն պահին երբ զինք բարեհաճեցան վերջապէս բանտէն դուրս հանել, նա – ամենայն օրինականութեամբ – երկիրը դարձեալ թողէր, ու գնար, լրիւ քաշուէր քաղաքական եւ որեւէ հանրային կեանքից. եթէ ես իր տեղը լինէի, այդպէս կ’անէի, հաստատ:

    Սակայն ամէն մարդ խորքին մէջ գիտէ որ իր տեղը, այլընտրանք չկայ: Հետեւաբար, ամէն անգամ որ մէկը, թէկուզ անկեղծութեամբ եւ լաւագոյն միտումներով, կը խօսի իբրեւ թէ այդպիսի անգոյ այլընտրանքի մը մասին, դրանից կ’օգտուի միմիայն վարչակարգը: Վստահաբար աւելի, քան ինչ որ օգտւում է, այո, Քոչարյանը քաղաքական գոյութիւնից:

    Այն օրէն որ Օհանյանը «ՕՐՕ» դարձաւ, նրա քաղաքական ասպարէզը վերջ գտաւ:

    Իսկ ամէն դէպքում, եթէ Քոչարյանը քաշուի եւ Օհանյանը դառնայ Դիմադրութեան առաջին դէմքը, այդ պահին էլ յանկարծ նա է որ շատ վատ մարդ պիտի դառնայ, հին ու նախկին, ժամանակավրէպ, սխալ անձ պիտի համարուի, Բանակի թալան-մալան, եւայլն.

    Շատ, շա՛տ վարպետ անձ է, Փաշինյանը: Հոյակապ կերպով հասկացած է իր ժողովուրդը:

    https://www.facebook.com/Blog-H-368796210632940/

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930