Լրահոս
Օրվա լրահոսը

Կուրթան բնակավայրում նախատեսում են ՀԷԿ կառուցել

Նոյեմբեր 08,2021 23:43

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրում նախատեսվում է ՀԷԿ-ի կառուցում: Այսօր գյուղի մշակույթի տանը «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ն իրականացրեց ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների ու շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային բաց լսումներ: «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ դրանք անցան բավականին թեժ մթնոլորտում։ Նշելով նաեւ, որ այս պահին Գյուլագարակի համայնքապետարանն  ունի բոլոր անհրաժեշտ փաստարկները լսումների վերաբերյալ բացասական եզրակացություն ներկայացնելու համար. «Կուրթան գյուղում իրականացված լսումների մասնակիցների միջեւ տեսակետները բաժանված էին երկու մասի՝ կողմ եւ դեմ, սակայն հնարավոր չէ պարզել թե մեծամասնությունը կողմ է թե՞ դեմ ՀԷԿ-ի բացմանը, ըստ այդմ ՏԻՄ-ի կողմից դրական եզրակացություն տալու հիմքերը բացակայում են։

Երկրորդը՝ Վարդաբլուր եւ Գյուլագարակ գյուղի բնակիչները տարակուսում էին, որ իրենց ոչ ոք չի հարցնում ՀԷԿ լինել-չլինելու վերաբերյալ: Այն ինչ իրենք դեմ էին եւ նշում, որ իրենց գյուղերի մեծամասնությունը դեմ է, հատկապես մտահոգված են տուրիզմի զարգացման հեռանկարներով։ Մի խոսքով՝ համայնքի բնակիչները արդարացիորեն պնդում են, որ ՀԷԿ ազդեցության բնակավայրեր են նաեւ Գյուլագարակը, Վարդաբլուրը եւ Ամրակիցը, ուստի առանց իրենց կարծիքը լսելու ՀԷԿ-ի վերաբերյալ դրական եզրակացության ներկայացումը արդարացված չի»։

Օլեգ Դուլգարյանը նշում է նաեւ, որ համայնքի բնակիչներն ունեն ցածր իրազեկվածություն ՀԷԿ կառուցման դրական կամ բացասական ազդեցության վերաբերյալ. «Մի քանի հոգու եւ այդ թվում իմ հարցադրումներից հետո ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ այս պահին իրենք չեն կարող հստակ նշել, թե ինչ բնապահպանական վնասներ կարող են լինել: Բայց նշել են, որ մեծ հաշվով բնապահպանական վնասներ չի լինելու: Այս գետի ջրերի որոշակի մասը մինչեւ 45-50 տոկոս նշում էին, որ պետք է առնվի խողովակների մեջ, խողովակները գետնի տակով են անցնելու, պահպանելու են նորմերը, որպեսզի ջուրը չպակասի նախատեսված ստանդարտներից: Նշում էին, որ այստեղ բնապահպանական որեւէ տարածքներ չկան: Շուրջ բոլորը բնապահպանական են, չգիտեմ ինչո՞ւ են ընկերության ներկայացուցիչներն անվանում թփուտ: Այսինքն` իրենց համար ծառի հաստությունից է կախված անտառը»:

Դուլգարյանը նշում է նաեւ, որ այս ծրագիրը վնասելու է ամբողջ էկո համակարգին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930