Ազատության հրապարակում այսօր ընդդիմության կազմակերպած համազգային դիմադրության մեկնարկից առաջ «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի՝ արդեն որերորդ անգամ կրկնվող հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է կոմունիկացիաների ապաշրջափակմանը եւ շահագրգիռ, որպեսզի Ադրբեջանը ինքնիշխան Հայաստանի ճանապարհներով Նախիջեւանի, հետեւաբար, նաեւ՝ Թուրքիայի հետ հաղորդակցություն ունենա, ասաց. «Նիկոլ Փաշինյանը այդ հայտարարությունները կարող է անել իր անունից, նա չունի Հայաստանը բանավոր նոր զիջումների տանելու ժողովրդի մանդատ»:
Մեր հարցին, թե հանրահավաքն այսօր ավարտվելո՞ւ է, թե հնարավոր է, որ գիշերն էլ անցկացնել Ազատության հրապարակում, պարոն Սաղաթելյանը պատասխանեց. «Այո, այսօր ավարտվելու է, սակայն այսօր տրվելու է համազգային դիմադրության մեկնարկը: Սա է մեր այսօրվա գլխավոր օրակարգը: Հայրենիքի փրկության շարժման ժամանակ, երբ անհրաժեշտ է եղել, 40 օր ու գիշեր մնացել ենք փողոցում: Անհրաժեշտ է եղե՞լ, ուշ երեկոյան գնացել ենք, հաջորդ օրը նորից հավաքվել: Այնպես որ, գործողություններն ինքնանպատակ չեն: Սա գործընթաց է, որը պետք է խիստ հաշվարկված տանենք առաջ: Կրկնում եմ, այսօր այդ գործընթացի սկիզբն է, որը կարող է տեւել մի քանի օր, մի քանի շաբաթ, բայց հաղթական ավարտը անխուսափելի է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ