Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի առնչությամբ քրեական գործով մեղադրյալ գումարտակի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Նոյեմբեր 08,2021 21:30

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նոյեմբերի 8-ի որոշմամբ բավարարել է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հրաձգային գումարտակի հրամանատարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։

Նշված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը՝ 2020թ․նոյեմբերի 9-ին արցախյան պատերազմում հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ընդունումից հետո հրաման է ստացել մարտական հերթապահություն կատարելով ապահովել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր տեղամասի արևելյան սահմանի թվով 12 մարտական դիրքերի անվտանգությունը։ 2020թ․դեկտեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում նշված դիրքերն անցել են թշնամու վերահսկողության տակ, թիվ N մարտական դիրքում տեղակայված անձնակազմի 11 զինծառայողները հայտնվել են շրջափակման մեջ,  որոնցից ինը զոհվել է, երկուսը՝ գերեվարվել:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների բավարար համակցության հիման վրա 2021թ․ապրիլի 30-ին հրաձգային գումարտակի հրամանատարին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որի 2021 թվականի մայիսի 1-ի որոշմամբ միջնորդությունը մերժվել էր:

Քրեական գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից վերոնշյալ որոշումը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որի 2021 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ բողոքը բավարարվել է և գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Արդյունքում Առաջին ատյանի դատարանի 2021թ․ նոյեմբերի 8-ի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930