Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմնական ծանր վնասվածք` մահվան ելքով

Նոյեմբեր 08,2021 20:33

Նոյեմբերի 4-ին, ցերեկվա ժամը երկուսին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ գանգուղեղային վնասվածքով անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 57-ամյա մի կին: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց և պարզեց, որ կնոջ քրոջ դուստրն այդ օրն այցելել էր միայնակ ապրող մորաքրոջը և նրան գտել անգիտակից վիճակում անկողնում պառկած: Թե ինչ էր եղել, ինչ հանգամանքներում էր կինը ստացել վնասվածքները, հայտնի չէր:

Կնոջ վիճակը ծանր էր. նա տեղափոխվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն, այդպես էլ գիտակցության չգալով, նոյեմբերի 5-ի վաղ առավոտյան մահանում է:

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ու Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ. երեկոյան հանցագործությունն արդեն բացահայտված էր: Ժամը 21.10-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման ենթարկվեց Նոյեմբերյանի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում և անհերքելի փաստերի ճնշման տակ նա տվեց խոստովանական բացատրություն:

Ըստ նախնական տվյալների` այդ օրը մի խումբ երիտասարդներ գնացել էին հանգուցյալի տուն` ցախ կոտրելու, ինչից հետո վաստակած փողով կերել-խմել էին ու գնացել իրենց գործերին, իսկ 39-ամյա տղամարդը, ալկոհոլի ազդեցության տակ, վերադարձել էր միայնակ կնոջ տուն: Քննությամբ դեռ կպարզվի, թե ինչ էր եղել նրա և տուժողի միջև: Փաստն այն է, որ տղամարդը ծեծել էր կնոջը, ապա տեսնելով, որ նա անգիտակից վիճակում է, վերնաշապիկով մաքրել էր արյան հետքերը, կնոջը պառկեցրել անկողնում ու հեռացել:

Նոյեմբերյանի քննչական բաժնում տղամարդը ներկայացրել է հիշյալ վերնաշապիկը, իսկ նրա տնից հայտնաբերվել ու առգրավվել են հանգուցյալի բջջային երկու հեռախոսն ու լիցքավորիչը:

Տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930