«Սա իշխանության, աթոռի կռիվ չէ, այլ մեր գոյության պայքարն է։ Այս հրապարակ չգալը նշանակում է, որ թուլանում են մեր դիրքերը։ Հանգիստ տանը նստելով եւ արտագաղթելով չեն փրկի ֆիզիկական գոյությունը։ Բոլորիս հայրենիքը սա է, այլապես վաղը ծառա ենք լինելու թուրքի առաջ»,-Ազատության հրապարակում այսօր «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց դաշինքի անդամ, ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով․ «Սա հետեւողական պայքար է, եւ մի քանի օրում խնդիրը չի լուծվելու։ Հարյուր հազարներ պետք է դառնանք, եւ այդ ժամանակ ոչ մի իշխանություն, վստահեցնում եմ, չի դիմանա․․․Որքան Նիկոլ Փաշինյանը խոսում է կեղծ խաղաղասիրությունից, այնքան ադրբեջանաթուրքական տանդեմը շարունակում է զիջումներ պարտադրել մեզ։ Մինչեւ այսօր ունենք գերիներ, մեր տարածքներն ու մշակութային արժեքները ոչնչացվում են Ադրբեջանի կողմից։ Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է ապաշրջափակման, Նախիջեւանին ելք տալու մասին, սա վկայում է, որ իշխանությունը մեզ տանում է պարտության, արժանապատվության կորստի, նվաստացման»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ