Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիային և Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար ԱՄՆ սենատորները փոփոխություններ են ներկայացնում

Նոյեմբեր 08,2021 18:31

Վաշինգտոն – Երեք կարևոր փոփոխություններ, որոնք պատասխանատվության են ենթարկում Ադրբեջանին ու Թուրքիային անցյալ տարվա աշնանը Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու համար, խախտելով հրադադարի մասին գոյություն ունեցող համաձայնագրերը և ԵԱՀԿ հովանու ներքո խաղաղ կարգավորման շուրջ բանակցելու խոստումները, ներկայացվեցին քննարկման՝ որպես Ազգային պաշտպանության վավերացման ակտի 2022թ.-ի ֆինանսական տարվա համար (H.R. 4350) Սենատի տարբերակի մաս, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Փոփոխությունները գնահատում են նաև վերոհիշյալ երկրների կողմից պատերազմի ժամանակ արգելված զենքերի և հրկիզող զինամթերքների կիրառումը։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), ներկայացրեց մի փոփոխություն, որով պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից պահանջվում է «զեկույց Թուրքիայի Հանրապետության կողմից անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտահանման մասին»։ Փոփոխությունը սևեռում է ուշադրությունը Թուրքիայի կողմից Ադրբեջանին Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերի վաճառքի վրա, որոնք մահացու ելքով օգտագործվեցին հայերի դեմ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Փոփոխությունը նաև կոչ է անում «2018թ.-ից ի վեր նման արտահանման ուղղությունների հստակեցում, Թուրքիայի Հանրապետության կողմից անօդաչու թռչող սարքերի որևէ սպասվող վաճառքի նկարագրություն և գնահատում՝ արդյոք թուրքական անօդաչու թռչող սարքերը պարունակում են տեխնոլոգիայի մասեր, որոնք արտադրված են ԱՄՆ-ի կազմակերպությունների կամ դուստր ձեռնարկությունների կողմից» և արդյոք Թուրքիայի կողմից ԱԹՍ-ների արտահանումը իրենից ներկայացնում է Սպառազինությունների արտահանման վերահսկման ակտի, ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության կամ որևէ այլ օրենքի խախտում:

Հանձնաժողովի նախագահ Մենենդեզը ներկայացրեց երկրորդ փոփոխությունը՝ «Ադրբեջանի կառավարությանը որոշակի օգնություն տրամադրելու վերաբերյալ կասեցման լիազորությունները չեղյալ հայտարարելու համար»՝ կապված նախագահի ներկայիս լիազորությունների հետ՝ ամեն տարի կասեցում տալ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի կիրառումը դադարեցնելու համար, որը սահմանափակում է ԱՄՆ-ի ոչ մարդասիրական օգնությունն Ադրբեջանին:

Սենատոր Ալեքս Պադիլան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) նույնպես փոփոխություն ներկայացրեց H.R. 4350 բանաձևին, որով կոչ է արվում ԱՄՆ պետքարտուղարին և պաշտպանության նախարարին 2020թ.-ի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ զեկույց ներկայացնել համապատասխան կոնգրեսական պաշտպանության հանձնաժողովներին, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, ինչպես նաև պահանջվում է հակամարտությունում հրկիզող սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինամթերքի օգտագործման գնահատում, ներառյալ՝ «նման զինամթերքի օգտագործման հետ կապված Միացյալ Նահանգների կամ միջազգային իրավունքի ցանկացած հնարավոր խախտումների գնահատում»:

Բացի այդ, «Պադիլա» փոփոխությունը պահանջում է «հակամարտությունում օտարերկրյա դերակատարների ներգրավվածության նկարագրություն, ներառյալ՝ ռազմական գործողությունների, ազդեցության օպերացիաների և օտարերկրյա երկրների դիվանագիտական ներգրավվածության նկարագրություն՝ հակամարտությունից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո, և հակամարտության մասնակից կողմերի կամ օտարերկրյա դերակատարների կողմից՝ հակամարտության ընթացքում օտարերկրյա զինյալներ հավաքագրելու կամ աշխատանքի ընդունելու նպատակով ցանկացած ջանքերի նկարագրություն»:

Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը ողջունեց սենատորներ Մենենդեզի և Պադիլայի կողմից ներկայացված փոփոխությունները և ողջունեց նրանց ջանքերը՝ «պաշտպանելու մարդու իրավունքները և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իրենց գործողությունների համար» պատերազմի ժամանակ։

«Թուրքիայի անօդաչու թռչող սարքերի ծրագրի վերաբերյալ փոփոխությունները և 907 Բանաձևի կիրառումը վճռորոշ են Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հասնելու համար»,– ասաց Խալոյանը։ «Մարտական անօդաչու թռչող սարքերի և արգելված զինամթերքների կիրառումը մարդկային ահռելի տառապանքի և աննախադեպ կառուցվածքային ավերածությունների պատճառ դարձավ Արցախում, մինչդեռ Ադրբեջանի կողմից նախկինում տրամադրված ԱՄՆ ռազմական օգնության չարաշահումը թույլ տվեց այդ երկրին էլ ավելի մեծ ուժ գործադրել հայ ժողովրդի դեմ։ Այս երեք փոփոխություններն էլ պետք է լրջորեն քննարկվեն ԱՄՆ Սենատի կողմից, և մենք հորդորում ենք ընդունել դրանք»:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930