Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԱԿայումենք. մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում 

Նոյեմբեր 08,2021 18:15

Մեդիագրագիտության շաբաթն այս տարի անցկացվում է նոյեմբերի 8-14-ը #ԴԻՄԱԿայումենք խորագրով։ Դիմակայում ենք ապատեղեկատվությանը, լրավարակին, քարոզչությանն ու տեղեկատվական տարբեր մարտահրավերներին՝ պատվաստվելով մեդիագրագիտությամբ և կրելով այն որպես պաշտպանիչ դիմակ։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, միանալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջնորդած գլոբալ շարժմանը, արդեն չորրորդ տարին հայաստանյան մեդիագրագիտության շաբաթն իրականացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ: Այս տարի նախաձեռնությանը միացել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

«ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված է, որ հանրակրթության ոլորտում մենք պետք է բարելավենք մեդիագրագիտության մակարդակը, դրա կարևորությունն ընդգծված է նաև թե՛ հանրակրթության, թե՛ նախադպրոցական կրթության նոր չափորոշիչներում: Սա վկայում է մեդիագրագիտությանը տրվող նշանակության և դերի, ինչպես նաև մեր պատրաստակամության մասին զարգացնել առկա գործիքներն ու ռեսուրսները՝ այս առումով հասնելով որակական նոր մակարդակի»,- նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 8-ին՝ մեդիագրագիտության շաբաթվա մեկնարկի առիթով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի խոսքով՝ թվային գրագիտության կարևորությունն առաջնային է թե՛ մեծերի, թե՛ երեխաների համար․ «Աշխարհում, որտեղ բնակչության կեսն առցանց է, այդ թվում՝ 15-24 տարեկան երիտասարդների 70%-ը, էական է դառնում, որ քաղաքացիներն ունենան թվային հնարավորություններից և համացանցից առավելագույնս օգտվելու հմտություններ: Սա առավել կարևոր է երեխաների համար, քանի որ նրանք հակված են ավելի շատ ժամանակ անցկացնել առցանց, քան մեծահասակները, և, հետևաբար, նրանք ավելի շատ են ենթարկվում առցանց աշխարհի օգուտներին և ռիսկերին»: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախատեսում է 2022 թվականին Հայաստանում անցկացնել «Global Kids Online» (Աշխարհի երեխաներն առցանց) հետազոտություն՝ աջակցելով կառավարությանը վերլուծել առկա իրավիճակն՝ այս ուղղությամբ ապագա քայլերը ծրագրելու համար»:

ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 10 տարի է՝ համագործակցում է նախարարության և կրթական հաստատությունների հետ՝ վերապատրաստելով մոտ 1000 դասավանդողների, ստեղծելով կրթական ռեսուրսներ, ձեռնարկներ և խաղեր, որոնք նպաստում են մեդիագրագիտության ինտեգրմանն ու տարածմանը։

«Ամեն օր համոզվում ենք, թե որքան խոցելի է մեր հասարակությունը միֆերի ու տեղեկատվական մանիպուլյացիաների նկատմամբ։ Հակապատվաստումային ապատեղեկատվական գրոհը դրա ամենավառ օրինակն է։ Ակնհայտ է, որ տեղեկատվական հոսքերում կողմնորոշվելու հմտությունները կարևոր է ձևավորել փոքրուց՝ մանկապարտեզից ու դպրոցից սկսած։ Այս շաբաթը հնարավորություն է տալիս բոլորին հասցնել մեդիագրագիտության ուղերձները՝ համախմբելով թեմայով մտահոգ մարդկանց ու կառույցներին», -ասաց նա։

Ինչպես նախորդ տարիներին՝ նոյեմբերի 8-14-ը ընթացքում դպրոցներում, գրադարաններում, բուհերում, կրթական այլ հաստատություններում անցկացվելու են խաղեր, դասեր, դիտումներ, իսկ շաբաթվա օնլայն հարթակում տեղացի ու միջազգային մասնագետների մասնակցությամբ ակտիվորեն քննարկվելու են մեդիագրագիտության տարածման հաջողված մոտեցումները, թվային միջավայրի մարտահրավերները, ապատեղեկատվության դեմ պայքարի մեթոդներն ու լրագրողների դերը այդ պայքարում։

Շաբաթվա ընթացքում կլինեն նաև հանրային միջոցառումներ։ Մասնավորապես՝ Երևան Մոլում նոյեմբերի 13-14-ին կգործի մեդիագրագիտության տաղավար, որտեղ այցելուները կարող են խաղալ մեդիագրագիտության խաղեր, փորձել իրենց լրագրողի դերում, մասնակցել վարպետության դասերի։

Մեդիագրագիտության շաբաթվա այս տարվա հիմնական ծրագիրը ներառում է հետևյալ միջոցառումները՝

  • Նոյեմբերի 8-ին, ժամը 16։00-ին Մեդիագրագիտությունը Եվրոպայում․ հաջողության պատմություններ, առցանց քննարկում
  • Նոյեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանում «Լիտերատուսի արկածները» սեղանի խաղ-մրցույթ` պատանիների համար
  • Նոյեմբերի 9-ին, ժամը 16:00-ին Ինչպես ստուգել աղբյուրները, վեբինար ուսուցիչների համար
  • Նոյեմբերի 10-ին, ժամը 16:00-ին Ի՞նչ է որոշում արհեստական բանականությունը մեր փոխարեն, առցանց քննարկում
  • Նոյեմբերի 11-ին, ժամը 16:00-ին #Դիմակայումենք ապատեղեկատվությանը՝ խաղալով․ մեդիագրագիտության խաղերի հայկական ու վրացական փորձը, առցանց քննարկում
  • Նոյեմբերի 13-ին, ժամը 16:00-ին «Ես եմ մեդիան» երիտասարդական ֆորում, առցանց հեռարձակմամբ
  • Նոյեմբերի 13-14-ին ժամը 12:00- 19:00 մեդիագրագիտության տաղավար Երևան Մոլում
  • Այս տարի մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումները, կրթական նյութերը, գրառումները սոցիալական ցանցերում կտարածվեն #մեդիագրագիտությանշաբաթ2021, #MILWEEKARM21, #ԴԻՄԱԿայումենք հեշթեգերի ուղեկցությամբ։

ՄՆԿ-ն հրավիրում է թեմայով հետաքրքրված բոլոր կառույցներին՝ դպրոցներին, մանկապարտեզներին ու բուհերին, գրադարաններին և թանգարաններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, լրատվամիջոցներին, միավորվել այս նախաձեռնության շուրջ և ջանքերը համադրելով՝ կարևոր գիտելիք ու կարողություններ փոխանցել մարդկանց մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում և դրանից հետո։

Շաբաթվա միջոցառումներն իրականացվում են «Մեդիագրագիտությունը լայն հանրության համար» ծրագրի շրջանակներում, որը նպաստում է լայն հասարակության կողմից մեդիայի քննադատական, կոմպետենտ և ակտիվ սպառմանը։ Ծրագիրն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և n-ost (Արևելյան Եվրոպայի մասին լուսաբանման ցանց, Գերմանիա) կազմակերպությունը՝ ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Շաբաթվան աջակցում է նաև ԱՄՆ ՄԶԳ-ն՝ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Աջակցում են նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամը։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930