Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտրիգային ընտրություններ Ախուրյանում. ընդդիմադիր 3 համայնքապետերն ընդդեմ ՔՊ-ի

Նոյեմբեր 08,2021 17:37

Դեկտեմբերի 5-ին նշանակված Ախուրյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 4 քաղաքական ուժեր՝ երեք դաշինքներ և մեկ կուսակցություն։ Հետաքրքիրն այն է, որ դաշինքները բացառապես գլխավորում են ընդդիմադիր կեցվածք ունեցող համայնքապետերը:

Արծրուն Իգիթյան

«Ախուրյան»-ի և «Հաղթանակ»-ի թեկնածուները դաշնակցականներ են․ մեկը Ախուրյանի երկարատև համայնքապետ Արծրուն Իգիթյանն է, մյուսը՝ Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը, երրորդն էլ Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանն է, որը մասնակցում է «Իկիլիկյան դաշինք»-ով։ Նա ևս հայտնի է իր ընդդիմադիր կեցվածքով, համարձակ պահվածքով․ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ էլ սատարում էր «Հայաստան» դաշինքին։

Ալբերտ Այվազյան

Միակ կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է, որի թեկնածուն Առափիի համայնքապետ Ալբերտ Այվազյանն է։

Վարդան Իկիլիկյանը մեր զրույցում ասաց, որ իր ազգանունը կրող դաշինքը ստեղծվել է «Ազատություն» և «Իմ հզոր համայնք» կուսակցություններով, նրանցից յուրաքանչյուրն իրեն առաջարկել է թեկնածություն առաջադրել իր կուսակցությամբ, սակայն Վարդան Իկիլիկյանը մերժել է։

Վարդան Իկլիկյան

«Ես գերադասեցի «Իկիլիկյան դաշինք»-ով առաջադրվել: Ինչքան ռեյտինգ ունեմ այս մարզում, թող դա երևա: Ես չեմ ուզում որևէ կուսակցությունից ակնկալիք ունենալ, ես ինչքան կամ՝ կամ: Վերջապես պիտի հասկանամ՝ այս մարզում ո՞վ եմ, ի՞նչ հնարավորություններ ունեմ»,-ասաց Վարդան Իկիլիկյանը։

Կարեն Արշակյան

«Հաղթանակ» դաշինքով առաջադրված Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար, ՀՅԴ-ական Կարեն Արշակյանն էլ մեր զրույցում ասաց, որ դաշինքը ստեղծվել է «Վերածնվող Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունների միավորմամբ։ Դաշինքն ավագանու 34 թեկնածու ուներ, սակայն օրերս հանկարծամահ է եղել 2-րդ տեղը զբաղեցնող Արտյոմ Զաքարյանը, Նա Մարմաշենի խոշորացված համայնքի գործող ավագանու անդամներից էր։

Կարեն Արշակյանը նշում է, որ ժամանակը չէր համայնքների խոշորացման, երկիրը հազար մի տեսակ հոգսերի մեջ է։

«Նախ՝ ընտրություններ չպիտի կազմակերպեին՝ հաշվի առնելով մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակն ու երկրի սահմաններում տիրող իրավիճակը․ չճշտված սահմանները, պատերազմի հետևանքները։ Մենք դեռ գերեվարված տղաներ ունենք, ժամանակը չէր ընտրությունների, ունենք անդամահատված տղաներ, որոնք լուրջ խնդիրներ ունեն, մեծ ծախսեր կան, ծախսերը պիտի ուղղեին այս հարցերի լուծմանը, թող 1-2 տարի հետո նոր միայն ընտրություններ անցկացնեին։

Եվ հետո՝ ընդհանրապես չուսումնասիրեցին՝ խոշորացումն արդյունավե՞տ էր, արդյունավետ չէ՞ր, որ համայնքների մոտ ստացվեց, որ համայնքների մոտ չստացվեց, պատկերն ի՞նչ ձևով էր, հանրային քննարկումներ ընդհանրապես չեղան։

Եթե այսօր գումարներ ունեին մեկ տարի շուտ ընտրություններ կատարելու, թող տրամադրեին այն ընտանիքներին, որոնք որ որդիներ, զավակներ կորցրեցին պատերազմում։ Այդ մարդկանց տրամադրեին»։

Ըստ մեր զրուցակցի, խոշորացումը նաև անարդյունավետ կլինի ՝ պայմանավորված միավորվող համայնքների մեծ թվաքանակով։

«Ինձ թվում է՝ շատ լուրջ խնդրի առաջ կկանգնեն բոլոր համայնքները: Ով որ անցավ որպես համայնքի ղեկավար, իհարկե, կներեք, կարծես մեծ տարա լինի՝ կիսով չափ կեղտով լցված, ու այն մարդը, որը կընտրվի համայնքի ղեկավար, կընկնի այնտեղ՝ հնարավորություն չունենալով ո՛չ ելնելու, ո՛չ էլ ազատվելու այդտեղից։ Պատկերացնո՞ւմ եք 33 բնակավայրերի ուսումնասիրություն, խնդիրներ, լուծումներ, տարբերակներ, ֆինանսական ճիշտ մոտեցում բոլոր բնակավայրերին, մի երկու տարի պետք կլինի, որ ուսումնասիրեն։

Կստացվի՝ 2 տարի մեր համայնքները պիտի նույն տեղում մնան, նույնիսկ հետ զարգացում ունենան, մինչև այդ ուսումնասիրությունները կատարվեն։ Անժամկետ, ոչ ճիշտ մոտեցում։

Սա էլ լրացուցիչ լարվածություն է ժողովրդի համար, բայց ինչի՞ համար, մեր ժողովուրդը 1,5 տարի է՝ լարված վիճակում է՝ քովիդ, հետո պատերազմ, որն ամենաահավորն է, այսօր էլ նույն ցնցումներ են, ինչի՞ համար», -ասաց Կարեն Արշակյանը։

Նա ասաց, որ իրենց կարգախոսը «Ուժեղ համայնք, հզոր հայրենիք»-ն է։

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրություններում միավորվում են Ախուրյանի համայնքի 33 համայնքներ, մինչ այդ 2017 թվականին՝ Ախուրյան համայնքին միավորվել էին 8 գյուղական բնակավայրեր․ կենտրոն Ախուրյանն էր։ Այդ նույն ընթացքում խոշորացվել էր Մարմաշեն համայնքը՝ միավորվել էին 16 գյուղական բնակավայրեր, կենտրոնը Մայիսյանն էր։ Ախուրյանի տարածաշրջանի 10 գյուղեր գործում էին առանձին, խոշորացված չէին, այժմ այս բոլորը միավորվելու են մեկ փնջում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930