Լրահոս
Օրվա լրահոսը

Դունյա Միյատովիչը հուշագիր է հրապարակել՝ Արցախի պատերազմից մեկ տարի անց մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

Նոյեմբեր 08,2021 17:08

Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների ավարտն ազդարարող եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հուշագիր է հրապարակել, որում անդրադարձ է կատարվում հակամարտության մարդասիրական և մարդու իրավունքների հետևանքներին, ինչպես նաև ձևակերպվում է ութ առաջարկություն՝ մարդու իրավունքների հրատապ պաշտպանության համար:

Հանձնակատարը նշում է, որ հակամարտությունից տուժած տարածքներ մուտքը խիստ սահմանափակ է մնում մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների, ինչպես նաև մարդու իրավունքների մոնիտորինգ իրականացնող առաքելությունների համար, և որ նման առաքելությունների համար ավելի ու ավելի շատ խոչընդոտներ են դրվում: Նրա կարծիքով՝ հակամարտությունից տուժած բոլոր տարածքներ մուտքի հասանելիության հարցը պետք է լուծվի առաջնահերթության կարգով։ Հանձնակատարը կոչ է անում բոլոր պատկան մարմիններին մշակել մուտքի արդյունավետ և ճկուն եղանակներ, որոնք հնարավորություն կտան մարդասիրական կազմակերպություններին և մարդու իրավունքների դերակատարներին օգնության ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր հրատապ մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեն:

2020թ. ռազմական գործողությունների բռնկումը ստիպեց հակամարտության գոտում կամ մոտակայքում բնակվող տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանվել, ի լրումն նրանց, ովքեր տեղահանվել էին 1990-ականների հակամարտության ժամանակ: «Յուրաքանչյուր ոք, ով տեղահանվել է հակամարտության պատճառով և ներկայումս ապրում է Հայաստանում կամ Ադրբեջանում, այդ թվում՝ հակամարտությունից տուժած տարածքներում, չպետք է ուղղակի կամ անուղղակի հարկադրանքի ենթարկվի՝ վերադառնալու իրենց նախկին տունը», – ասել է հանձնակատարը: Նա ընդգծում է, որ վերադարձը պետք է լինի կամավոր, և այն պետք է իրականացվի ապահով և արժանապատիվ պայմաններում։ Վերադարձման ենթակա թեկնածուներին պետք է տրամադրվի ճշգրիտ տեղեկություն, որպեսզի ապահովվի նրանց ընտրության տեղեկացվածությունը:

Հանձնակատարը նաև տեղյակ է տարածաշրջանի՝ պատերազմից մնացած ականներով և պայթուցիկ մնացորդներով աղտոտվածության բարձր մակարդակի մասին և ցավում է, որ ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր ականների պայթյունի հետևանքով զոհվել կամ լրջորեն վիրավորվել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք: Նա կողմերին կոչ է անում համագործակցել և ներգրավվել տվյալների անհրաժեշտ փոխանակման մեջ՝ ականազերծման գործընթացը հեշտացնելու համար: Նա նաև կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին վավերացնել ՄԱԿ-ի Կոնվենցիան որոշ սովորական զենքերի կիրառման արգելքների կամ սահմանափակումների մասին, որոնք կարող են համարվել չափազանց վնասակար կամ չթիրախավորված ազդեցություն ունեցող (CCW) և դրա համապատասխան արձանագրությունները:

Հանձնակատարը նաև նշում է, որ գերիների, մասնավորապես Ադրբեջանում հայ գերիների հարցը մնում է վիճելի, ինչը սրում է առանց այն էլ լարված հարաբերությունները երկու երկրների միջև։ Հետևաբար, շատ կարևոր է, որ բոլոր դեռևս գերության մեջ գտնվողներն ապահովվեն միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների օրենսդրությամբ երաշխավորված պաշտպանությամբ, և հեշտացնել նրանց ազատ արձակումն ու վերադարձը:

«Բազմաթիվ ընտանիքներ, հատկապես նրանք, ովքեր կորցրել են ընտանիքի անդամի կամ ում հարազատները անհայտ կորած են, դեռ կրում են հակամարտության ծանրությունը: Հետևաբար, չափազանց կարևոր է այս հարցի հետ կապված բոլոր գործողությունների կենտրոնում դնել անհետ կորածների ընտանիքները, նրանց իրավական և գործնական կարիքները և նրանց՝ ճշմարտությունն իմանալու իրավունքը», – ասել է հանձնակատարը: Այս առումով անհրաժեշտություն կա, որ երկու կողմերն էլ ավելի շատ ներգրավվեն՝ խթանելու հաղորդակցությունը, ստեղծելու միասնական տվյալների բազա և մեծացնելու զոհվածների աճյունները գտնելու և նույնականացնելու հնարավորությունները:

Բացի այդ, հանձնակատարը ստացել է արժանահավատ զեկույցներ հասարակական կազմակերպություններից, տուժածներից նրանց ընտանիքներից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման, ինչպես նաև հակամարտող կողմերի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին: Հանձնակատարն ընդգծում է, որ պետությունները միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն իրավական պարտավորություն ունեն պատասխանատվության ենթարկել պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների լուրջ խախտումների համար մեղավորներին:

Ավելին, հանձնակատարը հատկապես անհանգստացած է բնակեցված տարածքների անկանոն գնդակոծությունների մասին հաղորդումներով, որոնք հանգեցրել են քաղաքացիական անձանց զոհերի և լուրջ վնասվածքների: Նա կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հրաժարվել կասետային զինամթերքի օգտագործումից և ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների արդյունավետ հետաքննություն, ինչպիսիք են կամայական և/կամ անհամաչափ հարձակումները, բացահայտել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին և ապահովել համարժեք և արդյունավետ փոխհատուցում տուժածներին։

Ի վերջո, հանձնակատարը նկատում է, որ երկու երկրներում էլ հանրային բանավեճն ավելի ու ավելի է նշանավորվում թունավոր, թշնամական, անհանդուրժող և ակնհայտ անհարգալից հաղորդակցությամբ: ««Ագրեսիայի» մշտական հռետորաբանությունը կամ մյուս կողմին մատնանշելու համար «թշնամի» բառի օգտագործումը միայն նպաստում է բաժանարար գծերի տարբեր կողմերում ապրող մարդկանց միջև թշնամության հավերժացմանը», – ավելացրել է հանձնակատարը: Նա խորհուրդ է տալիս անդամ երկրներին էլ վճռական քայլեր ձեռնարկել ատելության խոսքի կանխարգելման և դրա դեմ պայքարելու համար, ինչպես նաև աջակցել նախաձեռնություններին, որոնք նպաստում են խաղաղ գոյակցությանն ու հաշտեցմանը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930