Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի հանցանքները հայերին վերագրելիս թուրքական կայքն ակամայից բացահայտել է Ադրբեջանի թմրանյութերի առևտրի տարանցիկ ուղիներից մեկը

Նոյեմբեր 08,2021 17:13

Թուրքիան և Ադրբեջանը գրեթե բոլոր ուղղություններում և մասնավորապես տեղեկատվական-քարոզչական ոլորտում գործողություններն առավելագույնս ներդաշնակեցրել են։ Գրում է Region Monitor-ը: Պատերազմի ընթացքում և դրանից հետո գործնականում ներդաշնակ համագործակցությունն ամրապնդել են ոլորտային մի շարք պայմանագրերով, ինչպես պետական մակարդակով, այնպես էլ առանձին լրատվամիջոցների։

Նման օրինակ է թուրքական «Ալբայրաք» հոլդինգի, որի կազմում է գործում մերձիշխանական «Յենիշաֆաք» թերթը, և ադրբեջանական «Թրենդ» գործակալության միջև համագործակցության ու Turcikworld տեղեկատվական հարթակի ստեղծման մասին պայմանագիրը։ Այս համագործակցությունն այս փուլում առավելապես ուղղված է Հայաստանի դեմ՝ ծառայելով քաղաքական իշխանություններին սեփական օրակարգի առաջմղմանը։

Դրա հերթական դրսևորումն Արցախի և Հայաստանի թմրանյութերի տարանցման կենտրոն լինելու մասին Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի մեղադրանքների տիրաժավորումն է թուրքական մամուլի կողմից։ Թեմային մասնավորապես հետևողականորեն անդրադառնում են նույն «Ալբայրաք» մեդիա հոլդինգի լրատվականները՝ մասնավորապես Յենիշաֆաք կայքը։ Ընդ որում, գրեթե նույն բովանդակությամբ ու ձևակերպումներով տեքստը մի կողմից ներկայացվում է որպես սեփական աղբյուրներից ստացված տեղեկություն, մյուս կողմից՝ որպես հեղինակային հոդված։

Թուրքական կայքի նման գործելաոճը ոչ միայն հերթական անգամ բացահայտ ի ցույց է դնում թուրք-ադրբեջանական համագործակցության խորքային կողմերը, այլև մատնում է Բաքվի՝ սեփական հանցանքները կոծկելու փորձերը։

Ըստ թուրքական կայքի 2 հրապարակումներում տեղ գտած պնդումների՝ Հայաստանն Արցախն օգտագործել է որպես թմրանյութների արտադրման և տարանցման կենտրոն։ Եվ միայն Արցախի որոշ շրջաններում վերահսկողություն սահմանելուց հետո թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի գործողությունների շնորհիվ Ադրբեջանին հաջողվել է փակել այդ տարանցիկ ուղին։

Որպես նման հաջող գործողության օրինակ նշվում է Իրան-Ադրբեջան սահմանին Բիլեսուվար անցակետում առգրավված 520 կգ թմրանյութը։
Ուշագրավն այն է, որ այդ անցակետը, որտեղ իբրև թե ադրբեջանցի իրավապահները պայքարում են Ղարաբաղում թմրանյութեր ներմուծման դեմ, իրականում գտնվում է Իրան-Ադրբեջան սահմանին՝ Արցախի Հանրապետության՝ ներկայում ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող սահմաններից շուրջ 100 կմ հեռավորության վրա, ինչն աշխարհագրորեն անհնար է դարձնում այն պնդումը, թե Ղարաբաղը թմրանյութերի տարանցիկ ուղի է եղել:

Փաստացի, թուրքական կայքն արջի ծառայություն է մատուցել՝ Բաքվի հանցանքները հայերին վերագրելիս ակամայից բացահայտելով Բաքվի թմրանյութերի առևտրի տարանցիկ ուղիներից մեկը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930