Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) նոյեմբերի 8-ին տեղի ունեցած առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ դռնբաց նիստի ընթացքում Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը միջնորդություն ներկայացրեց կարճել կարգապահական պատասխանատվություն ներկայացնելու վարույթը:
Ռուբեն Մելիքյանը երկու հիմք ներկայացրեց: Դատարանի դահլիճում նա հայտարարեց. «Կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ ներկայացվել է արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ 2021-ի հուլիսի 23-ին: Փաստաթղթերն ուսումնասիրելով՝ պարզեցինք, որ դա նրա վերջին աշխատանքային օրն է եղել, երբ Բադասյանը հանդես է եկել որպես ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար, հետո արձակուրդ է գնացել, հետո այլ պաշտոնի նշանակվել: Ունենք փաստեր, որոնց համաձայն՝ Ռուստամ Բադասյանը՝ որպես մասնավոր անձ ունեցել է գործ, որը գտնվել է դատավոր Նախշքարյանի նախագահությամբ, և 19.02.2021-ին մերժվել է Բադասյանի հայցը: Երկրորդ հիմքն այն է, որ այստեղ մենք գործ ունենք նրա հետ, որ դատավոր Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթն ակնհայտ իրականացվել է արդարադատության կամ որպես դատարան օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս ինքնին դա կատարած օրենքի մեկնաբանության փաստերի և ապացուցելու գնահատման համար, ինչը արգելված է օրենսդրությամբ: Մասնավորապես դատավորը չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության, եթե նա բարեխղճորեն փաստարկել է իր որոշումը»:
Եվս մեկ անգամ Ռուբեն Մելիքյանը նշեց՝ միջնորդության առաջին հիմքը վերաբերում է նրան, որ այն անձը, որը տվյալ կարգապահական վարույթն է հարուցել, օբյեկտիվ անկողմնակալ դիտորդի աչքերով չի կարող պատշաճ դիտարկվել՝ հաշվի առնելով երկրում գոյություն ունեցող արդարադատության ընդհանուր մթնոլորտը, ենթատեքստը, որը ներկայացրեց:
Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցել ու նշել. «Դատավոր իշխանությունների ցանկություններին չհամապատասխանող վճիռ կայացրած հերթական դատավորի դեմ արդարադատության նախարարությունը հարուցել է կարգապահական վարույթ։ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանին նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական գործի շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը»:
Կարդացեք նաև
Ռուբեն Մելիքյանը նաև շեշտեց՝ հետագայում մեկ այլ դատավոր այս նույն գործն ուղարկել է ըստ ընդդատության՝ Լոռու մարզի առաջին ատյանի դատարան:
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ: Վերադառնալով ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց. «ԲԴԽ-ն որոշեց վարույթի կարճման միջնորդությունն առաջին հիմքով մերժել, երկրորդ հիմքով միջնորդության փաստարկներին անդրադառնալ սույն վարույթով՝ վերջնական որոշման կայացման ժամանակ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ