Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը պատմել է, թե ինչպես է նախապատրաստվել «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ազատագրմանը»

Նոյեմբեր 08,2021 16:32

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Շուշիում, հայտարարել է, որ կատարել է ժողովրդին դեռ 2003թ. տված խոստումը՝ գրավելով Լեռնային Ղարաբաղը:

«2003թ., երբ ես առաջին անգամ ընտրվեցի նախագահ, դիմելով ադրբեջանցի ժողովրդին, հայտարարեցի, որ մենք ամեն գնով կազատագրենք մեր պատմական հողերը թշնամուց: Պատերազմով կամ խաղաղ ճանապարհով՝ կարևոր չէ»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ երկարատև խաղաղության բանակցությունները արդյունք չեն տվել:

«Արդյունքները զրոյական էին: Ընդհակառակը, թշնամին առավել անվերահսկելի և հանդուգն էր դառնում: Եթե ադրբեջանցի ժողովրդի օկուպացման առաջին տարիներին ինձ մոտ դեռ բանակցությունների որոշակի հույս կար, ապա վերջին շրջանում այդ հույսերն ամբողջությամբ ի չիք էին դարձել: Հայաստանը և նրա աջակիցները ցանկանում էին հավերժացնել օկուպացիան: Նրանք կարծում էին, որ եթե կարողացել են մեր հողերն օկուպացված պահել մոտ 30 տարի, ապա դրանից հետո էլ կկարողանան հավերժ օկուպացված պահել: Բայց նրանք սխալվում էին»,- ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը պատմել է, որ երկար տարիներ աշխատանքներ են տարվել «Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրն ապաօկուպացնելու» ուղղությամբ:

Նա նշել է, որ որպես Ադրբեջանի նախագահ՝ իր հիմնական խնդիրն էր ռազմական ներուժի ամրապնդումը: «Իմ նախագահության ընթացքում պաշտպանական ծախսերը դարձել են մեր բյուջեի ծախսերի հիմնական մասը: Այդ տարիների ընթացքում մենք ստեղծել ենք ուժեղ ռազմատեխնիկական ներուժ: Գնվել է ամենաժամանակակից զենքը, տեխնիկան, և մեր զինվորականներն օգտագործել են այն: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը դրա ապացույցն է»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ ադրբեջանական բանակի մարտունակությունը զգալիորեն ավելացել է:

Ալիևը նշել է, որ պատերազմում իրենց հաղթանակի ևս մեկ կարևոր գործոն էր երկրի տնտեսական ներուժի ամրապնդումը: «Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ էր ապահովել տնտեսական անկախություն: Ուստի, որպես նախագահ՝ մեր կողմից առաջին իսկ օրվանից քայլեր են ձեռնարկվել տնտեսական անկախություն ապահովելու համար, և կարճ ժամկետներում այդ առաջադրանքը կատարվել է: Այսօր աշխարհում իր տնտեսական ներուժով և տնտեսական կայունությամբ Ադրբեջանն առաջատար դիրքեր է զբաղեցնում»,- ասել է Ալիևը:

Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը նշել է, որ տնտեսական անկախությանը զուգահեռ ապահովվել է նաև քաղաքական անկախություն: Նրա խոսքով՝ հաղթելով պատերազմում՝ «Ադրբեջանը վերականգնեց տարածքային ամբողջականությունը և պատմական արդարությունը»: «Մենք կատարեցինք պատմական առաքելություն՝ վտարելով թշնամուն մեր հողերից… Սրանից հետո մենք հավերժ կապրենք Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում»,- ասել է Ալիևը:

Ալիևը նաև նշել է, որ իրենք «արդար պատերազմ» են վարել և հաղթել «ազնիվ պայքարում»:

«Մենք հաջող գործողություն ենք անցկացրել մեր հողում, չենք խախտել միջազգային իրավունքը, չենք խախտել պատերազմական կանոնները: Մենք արդար պատերազմ ենք վարել և հաղթել թշնամուն մարտի դաշտում»,- ասել է նա:

Ելույթի վերջում Ալիևը սպառնացել է, որ եթե Հայաստանում գլուխ բարձրացնեն ռևանշիստական ուժերը, ապա կրկին կզգան «մեր երկաթե բռունցքի ուժը»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930