Լրահոս
Օրվա լրահոսը

2022-ին ՀՀ ԿԳՄՍ ոլորտին կհատկացվի 48 մլրդ 694 մլն դրամով ավելի գումար

Նոյեմբեր 08,2021 16:22

Կրթության ոլորտին 2022 թվականին նախատեսվում է տրամադրել 48 մլրդ 694 մլն դրամով ավելի գումար, քան նախորդ տարի էր: Այս մասին այսօր խորհրդարանում՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: 2022 թվականին ԿԳՄՍ նախարարությունը պետք է իրականացնի 21 ծրագիր՝ 176 միջոցառմամբ: Բյուջեից ոլորտին տրամադրվող գումարը կկազմի շուրջ 226,3 մլրդ դրամ: Շուրջ 30 մլրդ դրամ կուղղվի կապիտալ ծախսերին, գիտության զարգացմանը՝ շուրջ 10 մլրդ դրամ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պնդում է՝ կրթությունը շարունակում է մնալ Կառավարության գերակայությունների շարքում: Նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերի գծով աճը կազմել է 15,2 տոկոս, հանրակրթության ծրագրի գծով նախատեսվել է 112 մլրդ դրամ: Այս նախարարի, այս ծրագրով ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցումներ կստանան արցախյան պատերազմի մասնակից ընտանիքների երեխաները: Փոխհատուցում կստանան նաեւ 4700 ուսուցիչներ եւ 2100 դպրոցահասակ երեխաներ: Ըստ նախարարի, առաջին անգամ 237 մլն դրամ է նախատեսվել սոցիալական որոշ խմբերի՝ 1,5-3 տարեկան 1670 երեխաների նախադպրոցական կրթության ապահովման համար: Նախադպրոցական կրթության մատչելիության ընդլայնման նպատակով ավելի քան 3 մլրդ դրամ է նախատեսվել մոդուլային տիպի մանկապարտեզների կառուցման համար:

Արտադպրոցական դաստիարակության ծրագրերի գծով ծախսերի աճը կազմում է 525 մլն դրամ: Նախատեսվում է 3200 դպրոցականների ամառային հանգստի, հանրակրթական դպրոցների 11-րդ դասարանցիների ռազմամարզական ճամբարի կազմակերպում, մարզադահլիճների հիմնանորոգում:

Կրթության որակի ապահովման ծրագրով նախատեսվել է ծախսերի աճ: Շուրջ 1,5 մլրդ դրամ նախատեսվել է ատեստավորման նոր համակարգի ներդրման համար: 2022-ին 5100 ուսուցչի կամավոր ատեստավորում է նախատեսվում: 2021-ին ատեստավորվել էին 1100 ուսուցիչներ: Ներդրումներ են նախատեսվում նաեւ մարզական օբյեկտների շինարարության եւ գույքով ապահովման համար: Երիտասարդական ծրագրերի մասով էական փոփոխություններ նախատեսված չեն:

Գիտական եւ գիտատեխնիկական հետազոտությունների գծով նախատեսվել է մոտ 22,5 մլրդ դրամ, որը 65,6 տոկոսով ավելի է նախորդ տարվանից: Մշակույթի ոլորտին կհատկացվի 16,5 մլրդ դրամ. նախորդ տարվանից 7,4 տոկոսով ավելի: Սպորտի ոլորտի ծախսերը կկրկնապատկվեն: Հիմնական գերակայությունը մեծ սպորտի շարունակական զարգացումն է, միջազգային հարթակներում մեր երկրի դիրքի բարելավումը եւ առողջ ապրելակերպի մասսայականացումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930