Լրահոս
Օրվա լրահոսը

Հայացքը դեպի Արցախ. «Դրախտի դարպասը» ֆիլմը ցուցադրվեց ԱՄՆ-ի և Կանադայի մի շարք քաղաքներում

Նոյեմբեր 08,2021 16:14

Երկար սպասումից հետո՝ սեպտեմբերի 17-ին, Լոս Անջելեսի «Ալեքս» կինոթատրոնում, հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ կայացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի առաջնախաղը, որով սկսվեց ֆիլմի միջազգային ցուցադրությունների շարքը։

Ռեժիսորի խոսքով՝ «Դրախտի դարպասը» ֆիլմ է ավելի շատ՝ հայացքը դրսից դեպի Արցախը։

Հոկտեմբերի 15-ին Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանի հովանո ներքո, Տորոնտոյի «Յորք» կինոթատրոնում տեղի ունեցավ «Դրախտի դարպասը» ֆիլմի նաև կանադական պրեմիերան, և նույն օրը մեկնարկեց ֆիլմի ցուցադրությունների շարքը՝ Մոնրեալի Cinémas Guzzo Méga-Plex Sphèretech-ում։ Կինոդիտողների մեծ լսարանի շնորհիվ ֆիլմի ցուցադրությունները Cinémas Guzzo-ում երկարաձգվեցին երկու անգամ՝ մեկական շաբաթով․ այն հասանելի էր կինոթատրոնում մինչև նոյեմբերի 4-ը։

«Դրախտի դարպասը» ֆիլմի ցուցադրությունները շարունակվեցին հոկտեմբերի 24-ին՝ Վաշինգտոնի (Կոլոմբիայի շրջան) Սուրբ Խաչ եկեղեցում, որին հաջորդող օրերին, ֆիլմի ստեղծագործական և պրոդյուսերական կազմի անդամներ՝ Ջիվան Ավետիսյանը, Նարինե Ոսկանյանը և Գարո Մադենլյանը հանդիպումներ ունեցան կոնգրեսականների հետ։

Ֆիլմը ցուցադրվեց նաև Սակրամենտոյում՝ հոկտեմբերի 27-ին, և հոկտեմբերի 28-ին՝ Սան Ֆրանցիսկոյի Elmwood Theater-ում։
«Դրախտի դարպասը» ֆիլմի ցուցադրությունները նպատակ ունեն նաև աջակցելու «Վերածնվածը» ֆիլմի ստեղծմանը, որի համար իրականացվում էր crowdfunding-ի արշավ՝ սկսած սույն թվականի մարտի 30-ից․ մեկնարկը տրվել էր՝ Kickstarter հարթակում, այնուհետև շարունակվել՝ Indiegogo հարթակում։ Նոյեմբերի 4-ին, յոթ ամիսների արշավը ազդարարեց հաջողակ ավարտ՝ ամբողջացնելով վերջին թիրախային նպատակը՝ $100 000-ը:

 

Ցուցադրություններին զուգահեռ, «Դրախտի դարպասը» ֆիլմն իր փառատոնային ճանապարհին նույնպես հաջողություններ գրանցեց՝ Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնում հաղթող ճանաչվելով միանգամից 4 անվանակարգերում («Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար», «Լավագույն միջազգային ֆիլմ»)։


Մինչ այս, ֆիլմը հասցրել էր Golden Music Awards-ում արժանանալ արծաթե մեդալի՝ ֆիլմի իտալացի կոմպոզիտոր՝ Միշել Ջոսիայի հեղինակած երաժշտության համար։ Ջոսիան նաև հայտնվել էր American Tracks Music Award-ի Best Score of the Month-ի եզրափակչում։

«Դրախտի դարպասը» ֆիլմը վերջերս ընդգրկվել էր նաև ԱՄՆ-ի Las Cruces International Film Festival-ի, Ինդոնեզիայի Europe on Screen International Film Festival-ի, Իտալիայի Salento International Film Festival-ի պաշտոնական ծրագրերում։

Ավելի վաղ, ֆիլմն ընդգրկվել էր Մոսկվայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական, ոչ մրցութային ծրագրում, սակայն Արցախյան պատերազմի վերսկսման օրը` ժամեր անց, ադրբեջանական ճնշումների ազդեցությամբ, այն դուրս է հանվել ծրագրից։

«Դրախտի դարպասը» ֆիլմը Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրների համատեղ արտադրություն է․ Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ։

Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկվել են Ռիխարդ Զամելը՝ Գերմանիայից, Տատյանա Սպիվակովան՝ Ֆրանսիայից, Լեոնարդաս Պոբեդոնոսցևասը՝ Լիտվայից, Նաիրա Զաքարյանը՝ ԱՄՆ-ից, Սոս Ջանիբեկյանը՝ Հայաստանից և այլ սիրված դերասաններ Հայաստանից և արտերկրից։ Նկարահանումներն իրականացվել են Արցախում և Լիտվայում։

Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայացել է 2019թ. հոկտեմբերի 17-ին՝ Երևանում, «Ավրորա» ֆորումի շրջանակում, հոկտեմբերի 19-ին՝ Ստեփանակերտում։

Համաշխարհային դիստրիբյուցիայի աշխատանքների առաջխաղացման համար «Դրախտի դարպասը» ֆիլմը մասնակցություն է ունեցել Գերմանիայում՝ 2019թ․ հոկտեմբերի 14-16-ը կայացած European Work in Progress Cologne ծրագրին, ընդգրկվելով 59 երկրներից՝ 150 ներկայացված հայտերից՝ ընտրված 28-ի մեջ։

«Դրախտի դարպասը» ֆիլմի վաճառքի գործակալ, ֆրանսիական MPM Premium ընկերության միջոցով «Դրախտի դարպասը» ֆիլմը, Կաննի վիրտուալ կինոշուկայում (հունիս, 2020) առաջին անգամ ներկայացվել է գնորդներին և փառատոնի ծրագրավորողներին՝ ունենալով երկու ցուցադրություն։

2020թ․-ի մարտ ամսին պլանավորված ֆիլմի ամերիկյան պրեմիերան և հաջորդող ցուցադրությունները հետաձգվել էին ստեղծված համավարակային իրավիճակի, այնուհետև՝ վերսկսված պատերազմի պատճառով։

Fish eye Art Cultural Foundation

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930