Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխա ունեցող ընտանիքների աջակցության ծրագրերում տեղի է ունեցել փոփոխություն. ովքե՞ր կարող են կրկին դիմել ծրագրին

Նոյեմբեր 08,2021 14:21

Միաժամանակ մեկից ավելի երեխա ունեցող ծնողները կանգնում էին խնդրի առաջ, քանի որ բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերում հաշվի չէր առնված երկրորդ երեխայի հանգամանքը: Նոր փոփոխությամբ՝ աջակցությունը հաշվարկվում է միաժամանակ ծնված երեխաների թվին համապատասխան: Այսօր այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը: Նրա խոսքով, արդեն կան շահառուներ, որոնց ընտանիքներում ծնվել են 3 երեխաներ, նրանք աջակցությունը կստանան երեք երեխաների հաշվով:

Նախարարության պաշտոնյան ներկայացրեց երեխա ունեցող ընտանիքների աջակցության ծրագրում տեղի ունեցած այլ բարեփոխումները եւս, որոնք նույնպես կատարվել են շահառուների դժգոհությունների հիման վրա:

Մեկ այլ փոփոխությամբ էլ սահմանվել է անցումային դրույթ, որով կարգավորվում են այն դեպքերը, երբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկվելու համար շահառուների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները նախարարությունը բանկերից ստացել է սահմանված ժամկետներից ուշ. «Սահմանված ժամկետները վերաբերում են նրան, որ միանվագ դրամական աջակցության եւ կանխավճարի ապահովագրության ծրագրի շրջանակներում շահառուների վերաբերյալ անհրաժեշտ տվյալները նախարարությունը պետք է ստանա նախքան վարկային պայմանագրի կնքումը, եւ գործնականում ունեցել ենք դեպքեր, երբ բանկերը եւ վարկային կազմակերպությունները նախարարության հետ արդեն իսկ կնքել էին պայմանագիրը, սակայն իրենց ներքին կանոնակարգերի, ընթացակարգերի մշակման պատճառով ավելի ուշ են սկսել ներկայացնել շահառուների վերաբերյալ դիմումները: Եվ արդյունքում եղել են շահառուներ, որոնք դուրս են մնացել ապահովագրության կանխավճարի ծրագրից»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը:

Ասաց, որ 2020 թվականի հուլիս եւ օգոստոս ամիսների համար սահմանվել է բացառություն եւ նշյալ այդ ամիսներին հիփոթեքային վարկի պայմանագիր կնքած շահառուներին թույլ կտրվի ընդգրկվել կանխավճարի ապահովագրության ծրագրում. «Շահառուները հերթական, տարեկան ապահովագրավճարը վճարելու ժամանակ նորից պետք է դիմեն բանկ»:

Հաջորդ փոփոխությամբ եւս սահմանվել է անցումային դրույթ, որով կարգավորվում են այն դեպքերը, երբ երեխայի ծննդյան աջակցության ծրագրերում ընդգրկվելու համար շահառուները չեն հասցրել դիմել՝ մինչեւ երեխայի մեկ տարին լրանալը. «Խնդիրը պայմանավորված էր նրանով, որ 12 ամիս մարումներ ունենալու վերաբերյալ պահանջը փոփոխվեց 2021 թվականի հուլիսի 15-ին: Այսինքն՝ եթե նախկինում ասում էինք, որ շահառուն, երեխայի ծննդյան ամսվա դրությամբ պետք է ունենա 12 ամիս, այժմ այդ 12 ամիս մարումները վերաբերում են դիմելու օրվա դրությամբ: 2020 թվականի հուլիս ամսին ծնված երեխայի ծնողները չկարողացան դիմել: Հետեւաբար, կարվի բացառություն՝ հուլիսին ծնված երեխաների ծնողները կարող են կրկին դիմել եւ ընդգրկվել երեխայի ծննդյան աջակցության ծրագրում՝ անկախ այն հանգամանքից, որ լրացել է երեխայի 1 տարին»,-մեկնաբանեց տիկին Ղարագյոզյանը:

Նա հիշեցրեց ծրագրից օգտվելու պայմանը՝ ձեռքբերվող անշարժ գույքի արժեքը չպետք է գերազանցի 30 միլիոն դրամը, որը սակայն, երրորդ եւ հաջորդ երեխայի պարագայում ավելացվում է եւս հինգ միլիոն դրամով:

Օրենքում փոփոխություններից հետո, շահառուների թվի ավելացման պարագայում թե ինչպե՞ս են լուծում ֆինանսական հարցերը. նախարարության պաշտոնյան նշեց, որ գումարները տրամադրվում են նախարարության ներքին ռեսուրսների վերաբաշխման հաշվին:

Ըստ Գայանե Ղարագյոզյանի, այս պահին այդ ծրագրով աջակցություն ստացել է 2000 շահառու, որից 372-ը միանվագ դրամական աջակցություն, 445 շահառու՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 1183-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով: Ընդհանուր առմամբ վճարվել է 1 միլիարդ 380 միլիոն դրամ, որից 1 միլիարդ 45 միլիոն դրամը վճարվել է 2021 թվականին՝ 1885 շահառուի համար: 2022 թվականի համար բյուջեով նախատեսվել է 1 միլիարդ 200 միլիոն դրամ՝ մոտ 1800 շահառուի համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930