Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ անձինք մեծ դեր խաղացին՝ հղիներին պատվաստումից զերծ պահելու համար»․ Անահիտ Ավանեսյան

Նոյեմբեր 08,2021 14:08

«Այսօր Հայաստանում ունենք համաճարակային լարված իրավիճակ, իսկ դիմակների կրումը ցանկությամբ չէ, պարտադիր է։ Իսկ ով չի կրում, ի՞նչ կապ ունի պաշտոնյա, թե՞ ոչ պաշտոնյա, ով օրենքը խախտեց, պետք է տուգանվի»,-այսօր այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ մահճակալային ֆոնդը գերլարված է, ազատ մահճակալներ չկան, իսկ դեղորայքային և մասնագետների ռեսուրսն ամբողջությամբ մոբիլիզացված է։

Նախարարի խոսքով՝ իրավիճակի միակ հանգուցալուծումը պատվաստումն է։ Նրա պնդմամբ՝ վիճակը կկայունանա, երբ ամբողջությամբ պատվաստված լինի բնակչության գոնե 70 տոկոսը։

Ի պատասխան լրագրողների՝ սանավիացիայի օգտագործման մասին հարցերի, Անահիտ Ավանեսյանը նշեց․ «Ես օգտվել եմ սանավիացիայից, Կովիդի հետ կապված շտապ այցելել եմ Սյունիք։ Օգտվելը համարել եմ նպատակահարմար, եթե հետագայում էլի անհրաժեշտություն լինի՝ էլի կօգտվեմ։ Այլ հարցերը ներկայացրեք գրավոր»։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև ՊՇՌ թեստերի գնի նվազեցմամբ, սակայն նախարարը հայտնեց, որ թեստի գինը որոշելը որևէ կերպ առողջապահության նախարարության լիազորությունը չէ։

Անահիտ Ավանեսյանի փոխանցմամբ՝ Հայաստանը չունի ՊՇՌ թեստերի կամ որևէ պատվաստանյութի պակաս։ Միաժամանակ տեղեկացրեց, որ այս պահին ունենք 12 տարեկանից փոքր 50 երեխա, ովքեր պատվաստվել են ծնողների համաձայնությամբ։

«Առողջապահության ենթակայության ներքո գործող կովիդ սպասարկող հիվանդանոցների բժիշկների 90 տոկոսը պատվաստված է։ Հայտնեմ նաև, որ հղիների մեջ ունենք կովիդից մահացության դեպքեր, իսկ վարակվածության ցուցանիշը բարձր է։ Իհարկե, որոշ մարդիկ մեծ դեր խաղացին, վերցրին պատվաստանյութի թեման և վախեցրին հղիներին, բայց ես բոլոր հղիներին խնդրում եմ խորհրդակցել իրենց բուժող բժշկի հետ, իսկ ձեզ խնդրում եմ հարթակ չտրամադրել կասկածելի նպատակներով մարդկանց»,- ասաց նա։

Ամփոփելով իր խոսքը՝ նախարարը նշեց, որ տեղյակ չէ խորհրդարանում աշխատող պատվաստված անձանց թվից։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930