Հարավային Կովկասում առաջ են եկել նոր իրողություններ, «որոնք յուրաքանչուրը պետք է ընդունի»: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունը:
«Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային գործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական ու անհիմն տարածքային հավակնությունների միջև: Այս առումով միջազգային հանրությունը պետք է դրական դերակատարություն ունենա և կոչ անի Հայաստանին գիտակցել, որ խաղաղությանն այլընտրանք չկա: Անհրաժեշտ է վերջ տալ ուղղակիորեն կամ անուղղակիորեն Հայաստանի ռևանշիզմին աջակցելու և նրան զինելու փորձերին»,- ասվում է հայտարարության մեջ:
Դրանում նաև նշվում է, որ Ադրբեջանն անհրաժեշտ է համարում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարումը:
«Ամուր խաղաղության, զարգացման և առաջընթացի ապահովումը Ադրբեջանի ապագա տեսլականի ռազմավարության հիմքն է: Չեզոքացնելով իր տարածքների օկուպացման գործոնը՝ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության սկզբունքների խստորեն պահպանման վրա: Տարածաշրջանում ապագա խաղաղության և անվտանգության ապահովման համար այս փուլում կարևոր է ամբողջությամբ կատարել եռակողմ հայտարարության դրույթները, և Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանն ընդառաջ կգնա այդ ուղղությամբ ձեռնարկված իր քայլերին»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Փաստաթղթում նաև նշվում է, որ Ադրբեջանը համապատասխան քայլեր է ձեռնարկում 30 տարվա ընթացքում «Հայաստանի անօրինական գործողությունները քննելու» ուղղությամբ: «Այդ քայլերը կշարունակվեն հետագա փուլերում ևս: Մեղավորների պատժումը հատուկ նշանակություն ունի արդարության ապահովման և ապագայում նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու տեսանկյունից»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ