Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսով պատվաստվածների մահվան դեպքեր ունենք. Անահիտ Ավանեսյան

Նոյեմբեր 08,2021 12:26

Հայաստանում եղել են դեպքեր, երբ կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու պարագայում էլ մարդիկ մահացել են: Առողջապահության նախարարությունն առաջիկայում կհրապարակի այդ տեղեկատվությունը: Այս մասին այսօր խորհրդարանում՝ հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Տվյալները նախարարությունը կհրապարակի առաջիկա շաբաթվա ընթացքում՝ ամփոփելով այս ընթացքում իրականացված պատվաստումների եւ մահերի համադրության տվյալները: Ըստ նախարարի, պետք է գիտակցել, որ պատվաստումները արդյունավետ միջոց են, բայց մենք չենք կարող բացառել թե վարակելիության դեպքը, թե հիվանդության ընթացքի ծանրությունը, նաեւ մահը։

Զուգահեռներ անցկացնելով միջազգային պրակտիկայի հետ, Անահիտ Ավանեսյանը նկատեց, որ այլ երկրներում էլ պատվաստված անձինք 98-99 տոկոսով հիվանդությունն անցնում են թեթեւ կամ միջին ծանրությամբ:

Անահիտ Ավանեսյանն ասաց նաեւ, որ այս տարի ունենք սուր շնչառական հիվանդությունների բավական մեծ աճ: Եթե անցյալ տարի կորոնավիրուսն ու դրա հետ կապված սահմանափակող միջոցառումները բերել էին շարժերի կտրուկ նվազման, ինչն իր հերթին հանգեցրել էր այլ մանկական վարակների շատ մեծ նվազման, այս տարի ունենք համակցված իրավիճակ՝ մի կողմից սուր շնչական վարակներն են, մյուս կողմից՝ կորոնավիրուսը. «Արդյունքում, առողջապահության համակարգի վրա ազդեցությունը սարսափելի է: Մեր հանրապետական մահճակալային ֆոնդն ամբողջությամբ օգտագործվում է այս պահին: Բացի երեխաներից՝ նաեւ երիտասարդների շրջանում ունենք հիվանդության ծանր ընթացքով դեպքեր եւ մահացության դեպքեր: Մենք ամիսը մեկ հրապարակում ենք կովիդով հիվանդացության եւ մահացության սեռատարիքային կազմը: Սա լինելու է պարբերական, որպեսզի թափանցիկ կերպով մեր քաղաքացիները տեղեկացված լինեն: Այս տարի կովիդով հիվանդացության միջին տարիքի նվազում ունենք: Եթե նախորդ շտամերով երիտասարդները, որոնք չունեին խրոնիկ հիվանդություններ, առողջական խնդիրներ, մահվան դեպք չենք ունեցել, այս տարի ունենում ենք կտրուկ՝ մեկ-երկու օրվա ընթացքում հիվանդության պրոգրեսիա, մահվան դեպքեր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930