2021 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է 890 հազար 797 պատվաստում: Այս թիվն այսօր հրապարակեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում՝ հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ:
Առաջին դեղաչափը ստացել է 613 հազար 849 քաղաքացի, որը մեծահասակ բնակչության գրեթե 30 տոկոսն է: Երկրորդ դեղաչափը ստացել է 276 հազար 948 քաղաքացի:
«Չենք ունեցել հետպատվաստումային բարդության որեւէ նշանակալի դեպք: Որոշ դեպքերում ջերմության, ալերգիկ որոշակի ռեակցիաների դեպքեր գրանցվել են, հարթվել են առանց բժշկական օգնության»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
2022-ին առողջապահության ոլորտի ծախսերի համար կհատկացվի մոտ 120 մլրդ դրամ: Այդ շրջանակում նախատեսվում է իրականացնել 12 ծրագիր՝ 48 միջոցառմամբ։ Ոլորտի թվային ցուցանիշներն էլ ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Ոլորտին հատկացվող գումարների աճը, ըստ նախարարի, անցած տարվա համեմատ կկազմի 4,7 տոկոս:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ