«Գիշերը ունեցել ենք հղի կնոջ մահ՝ պայմանավորված քովիդով»,- այսօր խորհրդարանում հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ կորոնավիրուսի դելտա շտամով վարակի պարագայում հղիներն առավել մեծ վտանգի են ենթարկվում:
«Մենք ունենք հարյուրից ավելի հղի, որոնց գրեթե կեսը ունի թոքաբորբ, ու բժիշկների թիմն անում է ամեն ինչ՝ նրանց լավագույն բժշկական օգնությունը տրամադրելու»,- ասաց նա՝ հավելելով, որ ցավոք, նաեւ նման դեպքեր ենք ունենում:
Ըստ նախարարի, երեկ հաստատվել է կորոնավիրուսի վարակի 810 նոր դեպք, մահացել է 30 քաղաքացի։
Այսօրվանից դպրոցներում մեկնարկել են դասերը. արդյոք սա չի՞ բարդացնում իրավիճակը՝ պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան, նախարարն ասաց, որ այն դպրոցները, որտեղ դասարանի 10 տոկոսի չափով կլինի կորոնավիրուսի դեպք, կամ ուսուցչական կազմի մոտ կլինեն դեպքեր՝ միանգամից կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմին. «Համավարակը մտավ մեր կյանք, ու մենք որեւէ ժամանակագրական պատկերացում չունենք՝ այն կավարտվի երկո՞ւ ամսից, վե՞ց ամսից, մե՞կ տարուց, երկո՞ւ տարուց: Եթե նախորդ տարի կտրուկ լոքդաունները արդարացված էին ու թույլ տվեցին մեզ առողջապահական համակարգերը բերելու պատրաստվածության աստիճանի, դրանք անընդհատ պահպանելը բավական վնասակար հետեւանքներ է ունենում կրթական եւ տնտեսական առումներով: ԱՀԿ ուղեցույցներում նշվում է, որ դպրոցների փակումը կամ կիսատ ռեժիմով վարումը պետք է կարճ ընթացքում իրականացնել, որովհետեւ ունենք երեխաների թե հոգեկան առողջության, թե զարգացման, թե սնուցման ու մի շարք այլ պրոբլեմներ, որոնց վրա չի կարելի աչք փակել»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ