Shamshyan.com. Այսօր՝ նոյեմբերի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» թաղամասի (ժողովրդին հայտնի 4-րդ գյուղ) Նորիկի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել:
Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի երկհարկանի տան առաջին հարկում գտնվող խոհանոցում բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի, հատակին և պատերին արնանման հետքեր, մի քանի արյունոտված դանակներ, կոտրված սպասք ու խոհանոցային պարագաներ:
Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ մահացածի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետքեր:
Կարդացեք նաև
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Ա. Սիմոնյանն էր:
Նշված վայրից Երևանի գնդի պարեկները ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել նույն տան բնակիչ, 22-ամյա Մ. Հակոբյանին, ով կասկածվում է սպանություն կատարելու մեջ: Նրա հագուստի և դեմքին կային արնանման հետքեր:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:
Խոհանոցում քննչական խումբը հայտնաբերել է արյունոտված մի քանի դանակներ, փոքր «չափաջաղ»:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում սպանության համար եղել է դատապարտված և վերջերս է դատարանի որոշմամբ ազատ արձակվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի